Ուրուգվայի փոխնախագահ Լուսիա Տոպոլանսկին Օրենսդիր պալատի իր գրասենյակում ընդունել է Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներ Էբրու Գյունային և Գարո Փայլանին։
Հանդիպման ընթացքում պատգամավորները ներկայացրել են Թուրքիայում տիրող իրավիճակը՝ մտահոգություն հայտնելով քուրդ ժողովրդի նկատմամբ նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից իրականացվող քաղաքականության կապակցությամբ։ «Այն, ինչ պատահել է հայերի հետ 105 տարի առաջ, այսօր կարող է կրկնվել քուրդ ժողովրդի դեմ», - ասել է Փայլանը։
Իր հերթին, Տոպոլանսկին շեշտել է՝ Ուրուգվայը, որն ավելի քան կես դար առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, երբեք անտարբեր չի լինելու նմանատիպ ծանր վտանգի դեպքում։ Ուրուգվայի փոխնախագահը խոստացել է հետաքրքրվել նյութի շուրջ և հանդես գալ հատուկ հայտարարությամբ: