Ըստ Մայիլյանի, բացառիկ հնարավորություն է ստեղծված օրինակելի ընտրությունների անցկացման համար, և ինքը չի կարող անտեսել համապետական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին բազմաթիվ հարցումներն Արցախից, Հայաստանից ու սփյուռքից։
Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը Մայիլյանին համարում է իշխանական ևս մեկ թեկնածու:
Խանումյանի խոսքով, իրենց կուսակցությունը որպես ընդդիադիր, առանձին թեկնածուով և ցուցակով է մասնակցելու ընտրություններին․ - «Իշխանության մասնատված լինելը շանս է նաև մեզ համար՝ ավելի հստակեցնելու երկրորդ փուլ անցնելու հնարավորությունը: Ի դեպ, այս հեղափոխությունը նաև հնարավորություն տվեց, որ իշխանության ճամբարում բազմաթիվ թեկնածուներ առաջանան: Եթե չլիներ հայաստանյան հեղափոխությունը, նույն Արայիկ Հարությունյանը, նույն Վիտալի Բալասանյանը, նույն Աշոտ Ղուլյանը, նույն Մասիս Մայիլյանը 2020 թվականին կպաշտպանեին Բակո Սահակյանին արդեն չորրորդ անգամ: Հետևաբար այս քաղաքական լիբերալիզացիան նաև այսպիսի հնարավորություններ է տվել, որպեսզի իշխանության ներսում էլ տարբեր դեմքեր առաջանան, միայն ներկայացված չլինեն Բակո Սահակյանի դեմքով»:
2020 թվականին Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն խոսել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ում ղեկավարած կուսակցությունը ամենամեծ խմբակցությունն ունի Արցախի Ազգային ժողովում:
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը պաշտոնից հեռացավ այս տարվա հունիսին՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու համար:
Արցախի ընտրությունների մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը, սակայն, վերջին տասը տարում Ղարաբաղի մշտական բնակություն չունի: Սահմանադրական այդ արգելքը վերացնելու նպատակով Բաբայանը ստորագրահավաք է նախաձեռնել, որպեսզի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվի Արցախում:
Այսօր ընտրություններին ակտիվ մասնակցության հայտ ներկայացրած Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքին Նիկոլ Փաշինյանի հետ նույն հարթակին էր կանգնած:
Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում «Սիվիլնեթ»-ի քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը Մայիլյանի ներկայությունը պատահական չէր համարել և կարծիք էր հայտնել, որ չնայած Հայաստանի իշխանությունները բացահայտ այդ մասին չեն ասի, բայց կունենան Արցախում իրենց ցանկալի թեկնածուն, որը կարող է լինել հենց Մաիլյանը:
«Մասիս Մայիլյանի ներկայությունն այն էր, որ Հայաստանի իշխանությունների համար, այնուամենայնիվ, նախընտրելի է Մասիս Մայիլյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում՝ եթե նա առաջադրվի իհարկե», - ասել էր Հակոբյանը:
Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները այս հարցի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություն տալ չցանկացան, միայն վերահաստատեցին Փաշինյանի՝ Արցախում արված հայտարարությունը, որ Հայաստանը կլինի Լեռնային Ղարաբաղում ազատ և արդար ընտրությունների երաշխավորը:
Հայկ Խանումյանը հաստատում է՝ Հայաստանից ամենաբարձր մակարդակով երաշխավորել են, որ որևէ կերպ չեն միջամտի Արցախի ընտրություններին:
Հայկ Խանումյանի շեշտադրումը, թե իշխանական ցանկացած թեկնածուի հաղթանակը կնշանակի գործող նախագահ Բակո Սահակյանի անուղղակի վերարտադրություն, Արցախի խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը անընդունելի է համարում․ - «Եթե մենք քրքրենք Արցախի քաղաքական դաշտը, ապա ներկա կամ նախկին իշխանությունների հետ բոլորն էլ ուղղակի առնչություններ ունենալու են: Կարծում եմ, նման մոտեցումը ճիշտ չի, և ցանկացած քաղաքական գործընթաց պահանջում է իր կանոնները: Վստահ եմ, որ այդ որակումները չպետք է մենք փորձենք տալ այս կամ այն թեկնածուին»:
Իշխանյանը նշում է նաև, որ իրենք ողջունում են Մասիս Մայիլյանի վերջին հայտարարությունը: Իսկ թե ընտրություններին ինչպես կներկայանա իրենց տեղի կառույցը, ըստ դաշնակցական պատգամավորի, այդ մասին կհայտարարեն առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրութուններից հետո:
Արցախում օրինակելի ընտրությունների անցկացմանը իր պատրաստակամությունը բերելու վերաբերյալ Մասիս Մայիլյանի հայտարարոթյունը այսօր ողջունեց նաև նախագահի հավանական թեկնածու, Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Այս մթնոլորտը թույլ է տալու ազատ, արդար և մրցակցային պայքարում Արցախում ձևավորել լեգիտիմ իշխանություններ», - Ֆեյսբուքում գրել է Հարությունյանը:
Մասիս Մայիլյանը մասնակցել է նաև 2007 թվականի նախագահական ընտրություններին՝ որպես ընդդիմադիր թեկնածու, սակայն ստանալով ընտրողների ձայների 12,53 տոկոսը, պարտվել էր իշխանական թեկնածու Բակո Սահակյանին:
2007 թվականին Բակո Սահակյանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Մայիլյանը թողել է արտգործնախարարի տեղակալի պաշտոնը և մի քանի տարի զբաղվել քաղաքագիտական, փորձագիտական գործունեությամբ: 2016 թվականի դեկտեմբերին կրկին վերադարձել է պետական համակարգ՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակով, ապա 2017 թվականին նշանակվել Արտաքին գործերի նախարար: