Ամերիկահայ միլիոնատեր, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով տարիներ առաջ ընդգրկվել էր «Ֆորբս»-ի երիտասարդ ու ամենահեռանկարային գործարարների ցանկում, մի քանի ամիս առաջ Միացյալ Նահանգներում տեղեկատվական արշավ է սկսել, որի նպատակն է կոտրել նորածին ունեցող ընտանիքներում հոր դերակատարության շուրջ կարծրատիպերը:
«Ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ պետք է վճարովի արձակուրդ ունենան՝ նոր աշխարհ եկած երեխային խնամելու և այդ կարևոր փուլում ընտանիքի կողքին լինելու համար», - պնդում է աշխարհահռչակ գործարարը՝ New York Times-ում հրապարակած վերջին հոդվածում:
Ավելի վաղ CBS News-ին տված հարցազրույցում Օհանյանը նշել էր, որ ինքն ու աջակիցները ստորագրահավաք են սկսել՝ այս նախաձեռնությունը մինչև Կոնգրես հասցնելու համար․ - «Մենք փորձում ենք հարյուր հազար ստորագրություն հավաքել և գալիք հոկտեմբերին Վաշինգտոնում կներկայացնենք բոլոր այդ փաստաթղթերը՝ ցույց տալու կանանց և տղամարդկանց, հայրերին և մայրերին, որ մենք պետք է դաշնային մակարդակով հատուկ օրենք ունենանք: Լավ է, որ մասնավոր հատվածում արդեն սկսել են հայրերին վճարովի արձակուրդներ տալ, սակայն, մեր խնդիրն է, որ բոլոր ամերիկացիները նման իրավունք ունենան»:
«Բոլորն են արժանի ունենալ լավ աշխատանք և սերտ կապեր ընտանիքի հետ․ որևէ հայր չպետք է ստիպված լինի ամբողջովին տրվել աշխատանքին՝ ստորադասելով ընտանիքը, այն էլ այնպիսի կարևոր փուլում, ինչպիսին նոր երեխայի ծնունդն է», - գրել է Օհանյանը՝ փաստելով, որ յուրաքանչյուր ընտանիքում այդ իրադարձությունը իր ազդեցություն է ունենում ոչ միայն առաջին մի քանի ամիսների, այլև ողջ կյանքի ընթացքում:
36-ամյա Օհանյանը երեք տարի առաջ ընտանիք է կազմել աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ, երկու տարի առաջ ծնվել է նրանց աղջիկը՝ Օլիմպիան:
«Մինչ Օլիմպիայի ծնվելը ես երբևէ շատ չէի մտածել հայրական խնամքի մասին, և եթե անկեղծ լինեմ՝ Reddit-ում հայրերի համար վճարովի արձակուրդ սահմանելն էլ իմ գաղափարը չէր», - New York Times-ին խոստովանել է Օհանյանը՝ հավելելով, որ ամեն ինչ փոխվել է առաջնեկի ծննդից և կնոջ մոտ ի հայտ եկած հետծննդաբերական բարդություններից հետո․ - «Սերենան օրեր շարունակ կենաց ու մահու պայքար էր մղում թոքային էմբոլիայի դեմ: Երբ մենք տուն եկանք մեր նորածին երեխայի հետ, նա որովայնում բացվածք ուներ, որի վիրակապը պետք էր ամեն օր փոխել: Նա դեղամիջոցներ էր ստանում, և չէր կարող քայլել», - պատմել է Օհանյանը՝ խոստովանելով, որ որևէ բան այդ ժամերին, այդ օրերին չէր կարող շեղել իր ուշադրությունը կնոջից և երեխայից: - «Ես նույնը լսել եմ բազմաթիվ այլ մարդկանցից, շարքային ամերիկացիներից, որոնք խոստովանել են, որ երեխայի ծննդից հետո սկզբնական փուլում ընտանիքիդ հետ լինելը փոխում է ողջ կյանքդ: Որովհետև երբ դրանից հետո վերադառնում ես գրասենյակ, աշխատում ես ավելի կենտրոնացած , ավելր արդյունավետ, քանի որ կյանքումդ այլևս նոր նպատակ ունես»:
Ընդ որում, հաջողակ գործարարը պնդում է, թե շատերը խուսափում են իրենց ժամանակը ընտանիքի հետ անցկացնելուց այն կարծրատիպերի պատճառով, թե տղամարդիկ պետք է ընտանիքի ապրուստը ապահովեն, կանայք՝ զբաղվեն կենցաղով:
«Այդ օրերին աղջկաս հետ լինելը փորձառություն էր, որն իր պտուղներն է տալիս մինչև այսօր», - հակադարձում է Օհանյանը՝ մանրամասնելով․ - «Ժամանակիս ահռելի մասը նվիրելով Օլիմպիային, երբ նա նորածին աղջիկ էր, ես համոզվեցի, որ կարող եմ գլուխ բերել ծնողական պարտականություններս»:
Իր ճշմարտացիությունն ապացուցելու համար երիտասարդ միլիոնատերը զուգահեռներ է տանում ընտանիքի ու հաջողակ բիզնեսի միջև․ - «Աշխարհում երկու տեսակ առաջնորդներ կան․ նրանք, որ առաջ են քաշում խնդիրները, և նրանք, որ բերում են լուծումներ», - պնդում է Օհանյանը՝ մանրամասնելով․ - «Այն ծնողները, որոնք առանձնացնում են միայն խնդիրները, չեն առաջնորդում, մինչդեռ ես ոգևորված եմ տեսնել ավելի ու ավելի շատ տղամարդկանց, որոնք իրենց դերը ընտանիքում տեսնում են խնդիրների լուծման մեջ՝ կապ չունի դա հաշիվ փակելն է, թե երեխայիդ խնամելը»:
«Օլիմպիայի ծննվելուց հետո այսօր արդեն մեր տանը ոչ մի կարծրատիպ չկա, թե ով պետք է փոխի երեխայի տակդիրները, կերակրի նրան կամ հարդարի մազերը», - New york Times-ում գրել է աշխարհահռչակ գործարարը, ով տարիներ առաջ պնդել էր, թե երեխա ունենալը աշխարհի ամենալավ սթարթափն է, քանի որ ամեն օր ինչ-որ նոր բան ես գտնում ու սովորում: