Իսրայելը լրացուցիչ զորք է ուղարկում Հորդանան գետի Արևմտյան ափ իսրայելցի զինծառայողի վրա հարձակում իրականացրած անձին հայտնաբերելու նպատակով:
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ 19-ամյա զինծառայողի մարմինը դանակով հասցված վնասվածքներով հայտնաբերվել է այսօր առավոտյան:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զինծառայողի սպանությունը որակել է ահաբեկչություն և հայտարարել, որ ոչինչ չի ստիպի իսրայելցիներին լքել այդ տարածքները:
Իսրայելը Արևմտյան ափը, ինչպես նաև Արևելյան Երուսաղեմը և Գազայի հատվածը օկուպացրել է 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո: Պաղեստինը, սակայն, այդ տարածքները համարում է իրենը՝ ապագա պետության մաս:
Միջազգային հանրության մեծ մասը համարում է, որ Արևմտյան ափին Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը ապօրինի է և խոչընդոտում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը: