Մատչելիության հղումներ

BBC-ն՝ Մարտի 1-ի մասին․ «Գործողությունը, ըստ քննության, ղեկավարել է Օգանովսկին»


Հայաստան, Երևան, 1-ը մարտի, 2008թ․
Հայաստան, Երևան, 1-ը մարտի, 2008թ․

Մարտի 1-ի գործով քննությունը կարծում է, որ ողբերգական այդ օրը ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ով հայտնի է Օգանովսկի մականվամբ՝ հաղորդում է բրիտանական BBC-ն, որը հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել: Թե ինչպես և երբ, լրատվամիջոցը չի մանրամասնում, սակայն պնդում է, որ ըստ այդ փաստաթղթերի` գեներալ-մայոր Սամվել Կարապետյանից բացի գործում որպես առանցքային դերակատարներ հանդես են գալիս նաև Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև այդ օրերին մեծ ազդեցություն ունեցող երկու պատգամավոր-գործարարներ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Սամվել Ալեքսանյանը։

«Այս գործի հետաքննությունը հզոր քաղաքական նշանակություն ունի և կարող է էականորեն փոխել քաղաքական ուժերի դասավորվածությունը Հայաստանում», - փաստում է BBC-ն, հավելելով՝ գործում առկա նյութերն ուսումնասիրելիս պարզ է դառնում․

  • Ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել Ղարաբաղի ուժայինները, որոնց ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը: Նա զբաղեցնում էր Ղարաբաղի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և աշխատանքից ազատվեց այս տարվա ապրիլին, այժմ Մարտի 1-ի գործում հանդես է գալիս որպես վկա:
  • Հարցաքննության ժամանակ քննիչները պնդել են, որ Կարապետյանի ջոկատը տեղակայված է եղել Բաղրամյան պողոտայում՝ նախագահական վարչակազմի շենքի նկուղում:
  • Քննությունը կարծում, է, որ այդ նկուղ՝ ուժայիններին այցելել են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:
  • Քննիչները նաև ստուգում են երկու ազդեցիկ գործարարների՝ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի ներգրավվածությունը՝ պարզելու՝ արդյոք նրանք չեն ֆինանսավորել ղարաբաղցի ուժայինների կեցությունը Երևանում ցույցերը ցրելու օրերին:

Ընդ որում, BBC-ն պնդում է, որ Հայաստանի և Ղարաբաղի իրենց աղբյուրները հաստատել են քննիչների կողմից կատարված այս եզրահանգումների մի մասը: Հեղինակավոր լրատվամիջոցը միաժամանակ ընդգծում է՝ չի կարողացել անկախ հավաստումներ ստանալ ցուցարարների սպանության բոլոր հանգամանքների վերաբերյալ:

«20-հոգանոց հատուկ խումբ՝ նախագահականի նկուղում»

Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հարցաքննվել է անցած տարվա օգոստոսի 15-ին որպես վկա, հարցաքննությունը շարունակվել է չորս ժամ, նշում է BBC-ն` պնդելով, թե իր տրամադրության տակ է այդ հարցաքննության արձանագրության կրկնօրինակը: Գեներալը հաստատել է, որ ինքն է ղեկավարել Ղարաբաղից Երևան տեղափոխված ստորաբաժանումները, սակայն շարունակության հարցում Հատուկ քննչական ծառայության ու գեներալ-մայորի վարկածները տարբերվել են: Քննիչները, մասնավորապես, պնդել են, որ Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին, իր ենթականերից 20-հոգանոց հատուկ խումբ է ձևավորել, որը տեղակայված է եղել նախագահական նստավայրի նկուղում: Խմբի բոլոր անդամները հավաստիացրել են, որ հրամանի դեպքում պատրաստ են կրակել «ժողովրդի ուղղությամբ», ինչն էլ արել են մարտի 1-ին: Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, մինչդեռ, հարցաքննության ժամանակ հերքել է այս մեղադրանքները և պնդել, որ «ժողովրդի ուղղությամբ կրակելու հրաման որևէ մեկը չի տվել»: «Գեներալը սակավախոս է եղել և սահմանափակվել է պարզ հերքումներով», - ընդգծում է BBC-ն:

Ըստ լրագրողի, գեներալ Սամվել Կարապետյանի հասցեին այս մեղադրանքները շրջանառության մեջ են դրվել նաև մի քանի այլ վկաների հարցաքննությունների ժամանակ, վերջիններս, սակայն, չեն կարողացել հաստատել այդ պնդումները: BBC-ի հարցմանն ի պատասխան ինքը՝ Սամվել Կարապետյանը, էլեկտրոնային նամակով հայտնել է, որ նշված հարցերի առնչությամբ արդեն իսկ պարզաբանումներ է տվել համապատասխան մարմիններին․ - «Ես դրանց վերադառնալու կարիք չեմ տեսնում», - ասել է նա:

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ BBC-ի տրամադրության տակ հայտնված նյութերի, հարցաքննվել է երկու անգամ՝ այս տարվա փետրվարին, երկու անգամ էլ որպես վկա: Հայաստանի երրորդ նախագահը հրաժարվել է BBC-ի հետ զրույցից, նրա փոխարեն բրիտանական լրատվամիջոցին էլեկտրոնային նամակ է ուղարկել Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Սերժ Սարգսյանն այս փուլում լրատվամիջոցների հետ չի շփվում», - գրել է նա՝ հավելելով․ - «Իմ տեղեկություններով, Ձեր կողմից ներկայացված վարկածը նույնիսկ քրեական գործում չկա»։ Ընդ որում, Աշոտյանը հարկ է համարել գնահատական տալ Մարտի 1-ի գործով նախաքննությանն ու պնդել, թե այն շինծու է և ակնհայտ «կարված»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը օպերատիվ չի արձագանքել մեկնաբանություն տրամադրելու՝ BBC-ի հարցմանը, բայց պնդել է, որ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործում ղարաբաղյան ջոկատի մասին տեղեկություններ չկան:

Ազդեցիկ գործարարները՝ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը, որոնց անունները, ըստ BBC-ի, շրջանառվում են քրեական գործում, հերքել են իրենց ներգրավվածությունը: Քննիչները, մինչդեռ, հարցաքննությունների ժամանակ առաջ են տարել վարկած, ըստ որի՝ հենց նրանք են աշխատավարձ ու սնունդ մատակարարել 2008-ի փետրվար-մարտին Երևան տեղափոխված ղարաբաղցի ուժայիններին:

Քննիչը, ըստ BBC-ի, հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ծառուկյանի ներկայացուցիչը այդ օրերին այցելել է նախագահական նստավայրի նկուղում տեղակայված ղարաբաղցի ուժայիններին և գումար բաժանել նրանց: BBC-ի հարցմանն ի պատասխան՝ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանն ասել է․ - «Ծառուկյանը մի քանի անգամ ասել է իր հրապարակային հայտարարություններում, որ Մարտի 1-ի իրադարձությունների հետ որևէ կապ չունի»:

Գործարար, նախորդ խորհրդարանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, իր հերթին, BBC-ի թղթակցի հետ զրույցում ասել է. - «Նման բան չի եղել, ես որևէ մեկին սնունդով չեմ ապահովել»:

«Այս գործով ցանկացած հետաքննություն պետք է լինի առավելագույնս թափանցիկ ու բաց»

Հեղինակավոր լրատվամիջոցը զրուցել է նաև միջազգային փորձագետների հետ: Քարնեգիի հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկին պնդել է՝ այս գործով ցանկացած հետաքննություն պետք է լինի առավելագույնս թափանցիկ ու բաց, հաշվի առնելով այն փաստը, որ այդ իրադարձությունների մասնակից է եղել նաև ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մարտի 1-ի գործով քննությունը շատ առումներով ընտրողական արդարադատության տպավորություն է թողնում», - ասել է արևմտյան փորձագետը՝ հավելելով․ - «Ես որոշ հարցեր ունեմ այս գործի առնչությամբ, այն ակնհայտորեն թափանցիկության պակաս ունի»:

Մարտի 1-ի զոհերի որոշ հարազատների մոտ, սակայն, առաջին անգամ արդարադատության հասնելու հույս է առաջացել, ընդգծում է BBC-ի թղթակիցը՝ մեջբերելով տասը զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի քրոջ խոսքերը․ - «Հայաստանի նոր իշխանությունը ողբերգության հետաքննության առումով ավելի շատ բան է արել, քան նախկինները՝ տասը տարվա ընթացքում»: «Ես հավատում եմ այս իշխանություններին և վստահ եմ, որ եղբորս սպանությունը կբացահայտվի», - ասել է Մարիամ Հովհաննիսյանը:

Հեղինակավոր լրատվամիջոցը փաստում է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում տասը մարդու սպանության համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, և գործով քննությունը նոր թափ է ստացել միայն իշխանափոխությունից հետո՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ: Հոդվածն, ի դեպ, վերնագրված է՝ «Կատարել են հրամանը՝ կրակել են ժողովրդի ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG