Մատչելիության հղումներ

«Բնակչությունը հասցնել 5 միլիոնի»․ Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050թ․ ռազմավարական նպատակները


Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերի անցկացման կապակցությամբ Վերածննդի հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050 թվականը իրականացվելիք ռազմավարական նպատակները:

«Մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները․ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2․5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»,- ընդգծեց Փաշինյանը։

«Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են, իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ: Պատասխանը շատ պարզ է՝ որովհետև Արցախը Հայաստան է և վե'րջ», - հավելեց վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG