Մատչելիության հղումներ

Ծեծի հետևանքով մահացած Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների բոլոր միջնորդությունները մերժվել են


Անցած տարի դեկտեմբերին դաժան ծեծի հետևանքով մահացած գյումրեցի 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները ծանոթացել են գործի նյութերին ու մի շարք միջնորդություն ներկայացրել, սակայն վարույթն իրականացնող մարմինը մերժել է բոլոր միջնորդությունները:

Ջուլիետա Ղուկասյանին դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102֊րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, ով դեպքից օրեր անց է կալանավորվել և մինչ օրս պահվում է ռազմաբազայում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ գործում կարևոր հանգամանքներից մեկը վերաբերում է Ռազգիլդեևը ձերբակալման վայրին, քանի որ համապատասխան արձանագրության մեջ նշված է «ք․ Գյումրի», սակայն հստակեցված չէ կոնկրետ վայրը։ Եթե բավարարվեր միջնորդությունը, ապա կհստակեցվեր նաև, թե քննիչն ինչո՞ւ էորոշել Ռազգիլդեևին հանձնել ռուսական ռազմաբազային. ֊«Մենք կարևորում ենք ձերբակալման փաստը, որովհետև դրանք այն նույն հարցերն էին, որոնք, եթե հիշում եք, նաև Պերմյակովի ժամանակ պարզվեց, որ Հայաստանի իրավապահ մարմինները ներկա են եղել Պերմյակովի հայտնաբերման պահին, բայց, ըստ էության, կամավոր հանձնել էին ռուսական կողմին»։

Սաքունցը հավելում է, որ Ռազգիլդեևի՝ բազայում պահվելու հանգամանքը կարող է ազդել գործի օբյեկտիվ քննության վրա։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները Ռազգիլդեևին ռազմաբազայից հայաստանյան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հայցով դիմել էին նախ առաջին ատյանի ապա վերաքննիչ դատարան, երկու ատյանից էլ մերժում ստացել: Սաքունցն ասաց հիմա վճռաբեկ դատարան են դիմելու, մերժվելու դեպքում՝ Եվրադատարան:

«Քանի դեռ ռուսական բազան գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և կարող են նման հանցագործություններ լինել, մենք պետք է ի վերջո լուծենք խնդիրը։ Եվ եթե վճռաբեկ դատարնն էլ չբավարարի մեր բողոքը, ապա, բնական է՝ մենք հարցը կբարձրացնենք Եվրոպական դատարան», ֊ հայտարարեց իրավապաշտպանը։

Նախաքննության ավարտից հետո, երբ գործն ուղարկվի դատարան, օրակարգի հարց կդառնա, թե որտեղ են անցկացվելու դատական նիստերը՝ բազայում, թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG