Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների կազմում ընդգրկվելու համար ներկայացվել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանի թեկնածությունը:
1997 թվականից Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի անդամն է՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) և Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, իսկ փոխարինող անդամը Վարդան Պողոսյանն է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ 2015 թվականի փոփոխությամբ ընդունված Սահմանադրության համահեղինակներից է:
Արա Խզմալյանը Վենետիկի հանձնաժողովում կլինի Հայաստանի 2-րդ փոխարինող անդամը: Խզմալյանին զուգահեռ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը շարունակելու է Վենետիկի հանձնաժողովում ներկայացնել Հայաստանը, հստակեցնում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Դա Վենետիկի հանձնաժողովի ներքին իրավական փաստաթղթերով են կարգավորվում` որ անդամները երբ են փոխվում, հստակ են հիմքերը՝ հրաժարական պետք է ներկայացնեն կամ ինչ-որ ժամկետը պետք է լրանա։ Կարծում եմ՝ այո, շարունակելու է և ինչի՞ է ներկայացվել նոր թեկնածու, որպեսզի հանրավորություն լինի ցանկացած իրավական հարց քննարկելուց Հայաստանից հավասարակշռված և օբյեկտիվ կարծիք լսել», - նշեց Բադասյանը։
Համաձայն Վենետիկի հանձնաժողովի կանոնադրության՝ հանձնաժողովում նշանակվում են անկախ փորձագետներ, ովքեր պետք է գործեն իրենց անձնական կարգավիճակով և չպետք է ստանան կամ ընդունեն որևէ ցուցում։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը բարձրաձայնում է՝ Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանն ի սկզբանե այս չափանիշներին չեն համապատասխանել: Ալեքսանյանը հիշեցնում է՝ 2015 թվականին, երբ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, որպես նոր Սահմանադրության համահեղինակներ և՛ Հարությունյանը, և՛ Պողոսյանը այդ եզրակացության հարցում անձնական շահագրգռվածություն ունեին:
Ըստ իրավապաշտպանի՝ Գագիկ Հարությունյանը հիմա առավել ևս չի համապատասխանում այդ պաշտոնին, կա՛մ ինքը պետք է հրաժարական տա, կա՛մ Հայաստանի իշխանությունները պետք է նախաձեռնեն այդ գործընթացը:
«Մենք գիտենք չէ՞, որ Սահմանադրությունը երաշխավորվել է չէ՞ Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ Սերժ Սարգսյանի այս Սահմանադրությունը, և դրա համար, ես կարծում եմ, որ հայկական կողմը պետք է մտահոգվի՝ Գագիկ Հարությունյանին ետ կանչելու։ Ճիշտ է՝ ես մեխանիզմները չգիտեմ, բայց լավ կլիներ, որ նա ետ կանչվեր կամ հրաժարվեր, եթե այլևս որևէ դերակատարում չունի արդարադատության համակարգում, ընդհանրապես հրաժարվել է և թե ինչո՞ւ է նա այնտեղ մնացել, ինձ հայտնի չէ», - ընդգծեց Ալեքսանյանը։
Արդարադատության նախարարությունից փոխանցում են Գագիկ Հարությունյանի մանդատը դադարում է նրա հրաժարականի դեպքում կամ երբ Վենետիկի հանձնաժողովն է որոշում, որ տվյալ անձն այլևս չի կարող կամ չունի անհրաժեշտ որակավորում՝ իր գործառույթները իրականացնելու համար։
Վերջին անգամ չորս տարի ժամկետով վերընտրված Հարությունյանն ու Պողոսյանը դեռ 2 տարի շարունակելու են պաշտոնավարել Վենետիկի հանձնաժողովում: Արդարադատության նախարարը պնդում է՝ նրանց հետագա պաշտոնավարման հարցը իրենց որոշման տիրույթում չէ։
«Փոփոխությունը նախաձեռնել մենք կարող ենք, եթե դա նախատեսված է Վենետիկի հանձնաժողովի ներքին իրավական փաստաթղթերով, այսինքն ընդեղ հստակ են կարգավորումները և կարող է անդամը կամ փոխարինող անդամը փոփոխվել։ Եթե կլինեն հիմքեր, մենք կդիտարկենք», - ասաց Բադասյանը։
«Ազատության» հարցին, այս պահին նման անհրաժեշտություն չեն տեսնո՞ւմ, նախարարը պատասխանեց. «Անհրաժեշտություն տեսնենք, թե չտեսնենք, դա մեզանից կախված երևույթ չի։ Եթե կլինի համապատասխան հիմք նոր անդամի ներկայացնելու, մենք կքննարկենք»։
Վենետիկի հանձնաժողովը վերջին շրջանում ուշադրության կենտրոնում հայտնվեց երկու պատճառով՝ նախ, Սահմանադրական դատարանը Քոչարյանի գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով հուլիսի 18-ի որոշմամբ դիմեց ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով: Առաջարկը եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից: Մեկ շաբաթ անց պարզ դարձավ, որ Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցով էլ Վենետիկի հանձնաժողով է դիմել արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը։
Ներկայացված երկու հացերի վերաբերյալ էլ խորհրդատվական եզրակացություն միջազգային կառույցը դեռ չի ներկայացրել։
Վենետիկի հանձնաժողովում այդ եզրակացությունների տրամադրման գործում Հայաստանի ներկայացուցիչը մյուս փորձագետներին հավասար մասնակցության իրավունք ունի: Արտաքին գործերի նախարարությունը այս մասին արդեն ծանուցել է Հանձնաժողովի քարտուղարությանը, ինչը ենթադրում է՝ Խզմալյանը ևս այս հարցերով եզրակացությունների կազման գործընթացում մասնակցություն կունենա:
Արտաքին գործերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ Վենետիկի հանձնաժողովում մեկից ավելի փոխարինող անդամների նշանակումն ընդունված պրակտիկա է, որը կիրառում են, օրինակ, Ավստրիան, Իսպանիան, Իտալիան, Իսլանդիան, Բոսնիա և Հերցեգովինան և այլն։