Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն և Հատուկ քննչական ծառայություն՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին լուրջ մեղադրանքներ պարունակող նամակի հետ կապված պարզաբանումներ տալու համար: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրուցում ասաց Վահան Շիրխանյանը, ով համարվում է 1999թ․ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի մտերիմներից մեկը:
«Ճշգրտումներ են ուզեցել, որոնք ստացել են՝ էդքանը ընդամենը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շիրխանյանը:
Այս տարվա մարտի 19-ին հրապարակված նամակում Շիրխանյանը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին պատերազմական 1992թ․-ին 35 հազար հայ փախստականներին Լեռնային Ղարաբաղից Հայաստան վտարելու, 1998թ․ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու, Հայաստանին ավելի քան 2 միլիարդ դոլար վնաս հասցնելու, 1999թ․ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Նաիրի Հունանյանի հետ հանդիպումը 13 ժամ ուշացնելու համար, ինչի հետևանքով, ինչպես գրում է Շիրխանյանը Ռոբերտ Քոչարյանին՝ «սպանեցիր նրանց բոլորին՝ հույս չթողնելով որևէ մեկի փրկության համար․․․ որպեսզի նրանք արյունաքամ լինեն, և եթե նրանց մեջ լիներ վիրավոր, փրկելու շանս չմնար»:
Եվ վերջապես՝ պաշտպանության նախկին փոխնախարարը մեղադրում է սահմանադրական կարգի տապալման հոդվածով կալանավորված Ռոբերտ Քոչարյանին Մեղրին Լաչինի հետ փոխանակելու մտադրության մեջ:
Ըստ Շիրխանյանի ԱԱԾ-ից ու ՀՔԾ-ից հրավիրել են մեկական անգամ և ընդգծեց՝ շարունակում է պնդել, որ այն, ինչ ներկայացված է նամակում համապատասխանում է իրականությանը:
ԱԱԾ լրատվական ծառայությունից այսօր «Ազատությանը» լրացուցիչ տեղեկություն չհայտնեցին: Հատուկ քննչական ծառայությունից հիշեցրեցին, որ Վահան Շիրխանյանի նամակում նշված 1998թ․-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով քրեական գործի հարուցումը մերժվել է դեռ ապրիլին: Այլ տեղեկություններ ՀՔԾ-ից այսօր չհայտնեցին:
«[1999թ․] հոկտեմբերի 27-ին ես ԱԺ-ում էի, երբ դեռ լսվում էին կրակոցներ։ Դահլիճում գտնվող Սմբատ Այվազյանից ճշտեցի իրավիճակը և անմիջապես զանգեցի քո օգնական Ալիկին, հայտնելով, որ այդ տականքը դահլիճը կազատի միայն անձամբ քեզ հետ հանդիպելուց հետո», - դիմելով Ռոբերտ Քոչարյանի՝ գրում է Շիրխանյանը՝ շարունակելով․ - «Այնուհետև զանգել եմ ևս չորս անգամ, քանի որ դու չէիր գալիս։ Վերջապես եկար երեքուկես ժամ ուշացումով: ․․․ Հանդիպումդ տականքի հետ ուշացրիր 13 ժամ, որպեսզի նրանք արյունաքամ լինեն, և եթե նրանց մեջ լիներ վիրավոր, փրկելու շանս չմնար։ Նման հաշվարկ կարող էիր անել միայն դու։ Դու քո ուշացումով սպանեցիր նրանց բոլորին՝ հույս չթողնելով որևէ մեկի փրկության համար», - իր նամակում գրում է Շիրխանյանը:
Պաշտպանության նախկին փոխնախարարը շարունակում է․ - «1999 թ. սեպտեմբեր. Վազգենը վերադարձավ ամերիկյան գործուղումից կատաղած (ի դեպ, մեկնելուց առաջ նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց ինձ, ինչպես և այլ դեպքերում, երբ նա գործուղման մեջ էր լինում), հրավիրեց իր մոտ և բառացի ասաց հետևյալը. «այս տականքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ։ Ալբերտ Գոռը նշել է, որ շատ ուրախ է, որ Ղարաբաղյան խնդիրը վերջապես կկարգավորվի: Ես նրան ասացի, որ նման փոխանակում երբեք չի լինի։ Զրույցը շատ ծանր ավարտվեց»։ Նույն Մեղրու խնդրով քեզ վրա գոռացել է Կարեն Դեմիրճյանը բոլորովին ոչ դիվանագիտական լեքսիկոնով և, դուռը շրխկացնելով, դուրս եկել քո աշխատասենյակից»։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ չի արձագանքել Վահան Շիրխանյանի այս նամակին: