Մատչելիության հղումներ

Մեկնարկում է ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագիծը


Գործադիրն այսօր կայացած նիստում հավանություն տվեց ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծին ու դրա համար 181 միլիոն դրամ հատկացրեց:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, ներկայացնելով նախագիծը, ընդգծեց՝ ոչ միայն ավտոմաքսատունն է տեղափոխվում, այլ նոր կառույց է ստեղծվում՝ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն․ - «Հանձնարարություն եղավ ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառույթը՝ այլ կերպ ասած՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ ներկայացնել առաջարկություն։ Մենք առաջարկ ներկայացրեցինք ավելի համապարփակ, ըստ որի առաջարկեցինք, որ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն կառուցվի Գյումրիում, որն այդ թվում կիրականացնի նաև ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառույթն ամբողջությամբ»:

Առայժմ առաջնահերթ է ավտոմաքսատան կառուցումը: Շինարարությունը նախատեսում են հոկտեմբերին ավարտին հասցնել, քանի որ, աշնանը, ըստ ՊԵԿ նախագահի, ներկրվող ավտոմեքենաների թիվը կտրուկ ավելանալու է և մեկ մաքսատունն ի վիճակի չի լինի սպասարկել մարդկանց: Այս պահին արդեն Արարատյան մաքսատանը, որտեղ իրականացվում է մեքենաների մաքսազերծումը, մեծ հերթեր են: Ավտոներկրողներն ու սովորական քաղաքացիները շտապում են մեքենա ներկրել մինչև դեկտեմբերի 31-ը՝ նախքան ուժի մեջ կմտնեն ԵՏՄ կարգավորումներին համաձայն մաքսազերծման ավելի բարձր դրույքաչափերը:

«Աննախադեպ հոսքեր ենք սպասում, նույնիսկ կանխատեսելը շատ դժվար է այս պահին, որովհետև մեր հայրենակիցների «բիզնես ակտիվությունը» բավականին բարձր է: Ինչու հիմա՝ որովհետև մենք կարծում ենք, որ մինչև հոկտեմբեր կավարտենք աշխատանքները և հոկտեմբերից, ըստ էության, պետք է, որ գործի ավտոմաքսատունը: Եվ ինչու հյուսիսում՝ որովհետև մաքսակետերի կառուցվածքը, որ մենք տեսնում ենք, 90 տոկոսից ավել հոսքը գալիս է երեք մաքսակետերից, որոնք գտնվում են հյուսիսում», - լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ՊԵԿ նախագահը:

Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու մտադրության մասին խոսել էր վարչապետ Փաշինյանը դեռ ապրիլին՝ Երևանի մերձակա Արարատյան մաքսատուն կատարած այցի ժամանակ: Ըստ էության՝ մի քանի ամիս լռությունից հետո հարցը այսօր գործնական փուլ մտավ: Հայաստանն ունենալու է 2՝ հյուսիսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Հյուսիսայինը գործելու է Գյումրիում, հարավայինի տեղը դեռ չի որոշվել։

Գյումրիում Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման համար 2 մլրդ դրամից ավելի գումար կպահանջվի, ծրագիրը ընդգրկվել է ՊԵԿ-ի հնգամյա զարգացման ծրագրում:

«Մեր նախնական հաշվարկներով ընդհանուր գործառույթի տեղափոխման հետ կապված շինարարական և ընդհանուր նախագծի հաշվարկված արժեքը շուրջ 2․2 միլիարդ է: Ըստ էության, մենք այսօր ազդարարում ենք մեկնարկը, խնդրելով 181 միլիոն տրամադրել նախագծի իրականացման համար», - մանրամասնեց Դավիթ Անանյանը:

Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման ապագա կենտրոնի համար հատկացված տարածքում այսօր արդեն շինտեխնիկա էր աշխատում:

Գործադիրն այսօրվա որոշմամբ ՊՆ ենթակայության տակ գտնվող նախկին տանկային զորամասի 21 հեկտար տարածքը փոխանցեց ՊԵԿ-ին:

Գյումրիի ավտոմաքսատունը օրական 500 մեքենա է սպասարկելու: Կից գործելու է նաև ոստիկանության մեքենաների հաշվառման կենտրոնը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարծում է՝ տարածքի ճիշտ ընտրությունը թույլ կտա տնտեսական ակտիվություն բերել Գյումրի և Շիրակ, որը Հայաստանի ամենաաղքատ մարզերից է: - «Ինքը՝ որպես տարածք, շատ հաջող է ընտրված և ամբողջ բեռնահոսքը, սկսած մեքենաներից, վերջացրած որևէ տեսակ արտադրական նշանակության ապրանքների, գործառույթները իրականացվելու են այստեղ: Սա իր հերթին բերում է թե՛ սպասարկման ոլորտի, թե՛ կոնկրետ տեսակ ծառայությունների, թե՛ նաև լոգիստիկ ծառայությունների համար ուղղակիորեն Շիրակի մարզում, Գյումրիում ներկայացված լինելու պահանջին և հնարավորություն է տալիս ստանալու տնտեսական զարգացման լրացուցիչ խթաններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը այսօր անդրադարձավ նաև Գյումրիի ավտոմաքսատանը բացվելիք աշխատատեղերին․ - «Կարծում եմ, որ հենց տարածաշրջանից պետք է աշխատակիցներ ընդունենք աշխատանքի: Իհարկե, աշխատակիցների մի մեծ բանակ էլ այստեղից կգործուղեն այնտեղ՝ համենայնդեպս ժամանակավոր»:

Կառավարության հատկացրած գումարով կազմվելու է ավտոմաքսատան նախագիծը: 181 միլիոն դրամից շուրջ 125 միլիոնը կհատկացվի սարքավորումների ձեռքբերմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG