Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում կարկուտը գյուղացիներից շուտ է «բերքը հավաքել»


Բերքահավաքի թեժ շրջանում Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչները բողոքում են՝ քաղելու բերք չի մնացել, կարկուտն իրենցից շուտ է ամեն ինչ հավաքել:

Շիրակի մարզում այս տարի կարկտահարության հետևանքով 53 համայնքի 8500 հեկտար ցանքատարածություն է վնասվել: Պաշտոնական տվյալներով՝ վնասը ավելի քան 3 միլիարդ դրամ է կազմում: Գյուղացիներից շատերը վնասված բերքը դաշտում են թողել:

«Ոչ մի բան էլ չեմ քաղել 2 հեկտարից: 2 հեկտար գարին ցանել եմ, ոչինչ չեմ քաղել, առհասարակ քաղի ենթակա չէ», - «Ազատությանը» պատմեց կառնուտցի Արմեն Հովհաննիսյանը:

Շատերը վարկով են վար ու ցանք արել: Կառավարությունից ակնկալում են, որ գոնե վարկերի մարումները հետաձգվեն:

Շիրակի մարզպետարանի հանձնաժողովը տեղում աշխատել, վնասը գնահատել ու տվյալներն ուղարկել է կառավարություն: Մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն ասում է, որ այս պահին հատկապես կարկուտից տուժած համայնքների գյուղացիները սերմացուի խնդրի առաջ են կանգնած և ակնկալում են կառավարության շուտափույթ աջակցությունը, որպեսզի աշնանացանը վտանգի տակ չհայտնվի:

«Այս տնտեսությունները, որտեղ 50-ից ավել տոկոս կարկտահարվել են, այս տնտեսությունները չունեն սերմացու, որպեսզի կարողանան աշնանացան իրականացնել: Այս խնդիրը հրատապ է և մենք կառավարությանը առաջարկել ենք, որ սերմացուի ձեռք բերման և ապահովման ուղղությամբ արագ քայլեր ձեռնարկվեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մովսես Մանուկյանը:

Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը մոտենում է ավարտին, մնացել է հիմնականում բարձր լեռնային հատվածը:

Այս տարի նախորդ տարվա համեմատ 45 տոկոսով ավելի քիչ բերք կլինի, միջին բերքատվության ցուցանիշները համեմատելով, ասում է Մովսես Մանուկյանը․ - «Մենք 100 հազար տոննայից ավել ենք հավաքել անցած տարի: Այս տարի դրա մի 60 տոկոսը որ կարողանանք ապահովել՝ լավ կլինի»:

Ի դեպ, այս տարի Շիրակի մարզում 8 հազար հեկտարով ավելի պակաս հացահատիկ էր մշակվել նախորդ տարվա համեմատ և Մանուկյանը մտավախություն ունի, որ եթե սերմացուի հարցը չլուծվի, ապա հաջորդ տարի գյուղացիներն էլ ավելի քիչ հացահատիկ կմշակեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG