Մատչելիության հղումներ

Քոչարյանի և մյուսների գործը կքննի այլ դատավոր


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, մայիս, 2019թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, մայիս, 2019թ․

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը կքննի այլ դատավոր։ Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեցին Դատական դեպարտամենտից, լիազորությունները կասեցված Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը հանձնվելու են գրասենյակ, և դրանք համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխվելու են:

Բարձրագույն դատական խորհուրդը շաբաթ օրը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը` քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի գործը քննող ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և ըստ այդմ ժամանակավորապես կասեցնել նրա լիազորությունները որպես դատավոր։

Դատավոր Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի ներկայիս և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագրով ազատ էր արձակել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին, ապա գործի վարույթն առհասարակ կասեցնելով՝ ուղարկել Սահմանադրական դատարան:

Գլխավոր դատախազությունը կտրականապես հերքել է, թե Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ` պնդելով, որ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ քաղաքացին հաղորդում է ներկայացրել այս տարվա փետրվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG