Էջմիածնի քաղաքապետարանում 7 տարի շարունակ աշխատանքի չհաճախող անձը ավելի քան 5 մլն դրամ աշխատավարձ է ստացել։ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հայտնաբերվել է Էջմիածնի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություն կատարելու նոր դրվագ։
Ըստ հաղորդագրության, համայնքի նախկին ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի ցուցումով 2011 թվականի հունվարի 1-ից այլևս աշխատանքի չհաճախող անձը շարունակել է մինչև 2018 թվականի հունիսը գրանցված լինել «Մշակույթ» ՀՈԱԿ-ի արտաքին կապերի գծով պատասխանատուի պաշտոնում ,և նրան ՀՈԱԿ-ի տնօրենների կողմից հատկացվել է ընդհանուր 5 միլիոն 276 հազար դրամ աշխատավարձ, աշխատանքի այցելության վերաբերյալ կազմվել են աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:
Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված նշված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է:
Էջմիածնի գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս մասին դեռևս 2018-ին են հաղորդել պատկան մարմիններին, երբ ինքը դեռ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր։
«Պարզապես նախաքննությունը երկար և հանգամանալից գործընթաց է, և այն, ինչ մենք դեռ 2018-ին էինք մատնանշել, այս պահին պարբերաբար այդ ամենի վերաբերյալ հայտարարություններ են տարածվում։ Այսինքն՝ դա նոր չի հայտնաբերվել», - նշեց Գասպարյանը։
Դիանա Գասպարյանն ասաց՝ քաղաքապետարանում եղել են նաև այլ տեսակի չարաշահումներ. «Ես կարող եմ հավաստիացնել, որ հաստիքացուցակում իրոք եղել են խնդիրներ, և առաջին գործը, որ մենք արել ենք, հաստիքացուցակը կարգի բերելն էր, այսինքն՝ բացահայտելը այն մարդկանց, ովքեր գրանցված են, աշխատանքի չեն գալիս։ Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի փաստացի հաստիքացուցակը համապատասխանի նաև այն աշխատանքներին, որ այս կամ այն աշխատակիցը կատարում է։ Եղել են նաև դեպքեր, որ ըստ էության, համայնքի միջոցը չի վատնվել որպես այդպիսին, բայց ամեն դեպքում աշխատակիցը գրանցված է եղել բոլորովին այլ պաշտոնի, սակայն փաստացի կատարել է այլ աշխատանք, մենք դա ևս բացառել ենք։ Դա մեր սկզբունքն է, որ աշխատողը պետք է կատարի այն աշխատանքը, որ հաստիքի վրա գրանցված է»։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն նոր մեղադրանք էր առաջադրել այժմ կալանավորված գեներալի որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:
Ըստ Քննչական կոմիտեի, 2015-ից մինչև 2018 թվականը մի շարք անձինք որպես աշխատող են գրանցվել Էջմիածնի համայնքապետարանում, սակայն աշխատանքի չեն հաճախել և փաստացի զբաղված լինելով այլ աշխատանքով՝ համայնքային բյուջեից ստացել են աշխատավարձ: Մասնավորապես, Կարեն Գրիգորյանը «Երկրապահ կամավորականների միության» և իրենց տան աշխատակիցներին գրանցել է համայնքապատկան հիմնարկներում և համայնքի բյուջեից աշխատավարձ վճարել։ Օրինակ, աշխատակից է գրանցել իր ընտանիքի վարորդին կամ հորը՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տան կենդանիներին խնամող անձին և թիկնապահին: Այս ամենից բացի, ըստ Քննչական կոմիտեի, Կարեն Գրիգորյանի անչափահաս երեխաները ներառվել են Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում:
Գրիգորյանը մեղադրվում է նաև Մանվել Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Կարեն Գրիգորյանն այսօր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ փաստաբան Արսեն Մկրտչյանն էլ նախկինում պնդել էր՝ Կարեն Գրիգորյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։
Հիշեցնենք՝ Կարեն Գրիգորյանն առանց որևէ բացատրության հրաժարական տվեց հոր մասին Ազգային անվտանգության ծառայության տեսանյութի հրապարակումից ժամեր անց: