Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքի կալանքի գործով Դատախազության բողոքը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում, Երևան, 24-ը հուլիսի, 2019թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում, Երևան, 24-ը հուլիսի, 2019թ․

Վերաքննիչ դատարանը մերժեց Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի գույքի կալանքի գործով Դատախազության բողոքը: Դատավոր Արսեն Նիկողոսյանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ մեղադրյալ Քոչարյանի ամբողջ գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշմամբ խախտվել է նրա իրավունքը: Մինչև որոշման հրապարակումը նիստին մասնակցում էր նաև Ռոբերտ Քոչարյանը:

«Պարոն դատախազ, դատարանը մերժեց ձեր բողոքը, որոշումը պատրաստ կլինի մի քանի օրվա ընթացքում, կտրամադրվի ձեզ, ստանալու պահից 15-օրյա ժամկետում իրավունք ունեք բողոքարկել այն վճռաբեկության կարգով», - հայտարարեց դատավորը:

Դատախազությունը Վերաքննիչ դատարանից պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը: Առաջին ատյանի դատարանը հունիսի 7-ին մասնակի բավարարել էր գույքի արգելանքը վերացնելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումը․ գույքի կալանքը ուժի մեջ էր թողել, սակայն արձանագրել էր, որ մեղադրյալի իրավունքները խախտվել են: Դատախազները համարում են, որ առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն է և չպատճառաբանված:

Քննիչը նախկին նախագահի գույքի վրա արգելանքի որոշումը կայացրել էր դեռ անցած տարվա հուլիսին:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն այսօր էլ դատարանում պնդեց՝ քննիչի որոշումը պատճառաբանված է, հիմնված ողջամիտ կասկածների վրա: «Իսկ հետագայում, երբ արդեն գործի քննության այն փուլերում, ավարտական փուլում երբ փաստվել է, որ գործով քաղաքացիական հայցեր չեն ներկայացվել, իսկ դատական ծախսերը կազմել են շուրջ 900 հազար դրամ, գործի քննության ավարտական և մեղադրական եզրակացությունը հաստատելու փուլում, ինչպես նաև պաշտպանության կողմից ներկայացված մի շարք բողոքների քննության արդյունքում մենք նույնպես անդրադարձել ենք այդ հարցին և փաստել, որ գույքի վրա կալանք դնելու իրավաչափությունը քննիչի այս փուլում հավաստվում և փաստվում է այն հանգամանքով, որ հնարավոր է ապահովել հնարավոր գույքի բռնագանձումը կամ բռնագրավումը: Եվ հետևաբար՝ դրված կալանքները իրավաչափ են և օրինական նպատակ են հետապնդում հետագայում հնարավոր գույքի բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար», - ասաց Պետրոսյանը:

Քննիչի որոշումից հետո անցած տարի խուզարկել էին Ռոբերտ Քոչարյանի առանձնատունը, առգրավել զենքեր, փաստաթղթեր, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից՝ 27 հազար դոլար: Նախկին նախագահն այսօր դժգոհեց, թե դատական ծախսերի համար հարազատների աջակցության կարիքն է զգում, ինչն իրեն պատիվ չի բերում: Առգրավված զենքերն էլ, ասաց, մարտի 1-ին չեն գործածվել:

«Ենթադրում եմ, որ սա մի պրակտիկա է, որը երևի ավելի լայն կոնտեքստով արժի նայել, քանի որ մարդու զրկում են ամեն ինչից, բոլոր հնարավորություններից, նաև՝ պաշտպանվելու հնարավորություններից, մեկ նպատակով՝ երևի խեղճացնել, ինչ-որ մի բանի հասնել այդ քննչական գործողությունների արդյունքում», - հայտարարեց Քոչարյանը՝ շարունակելով․ - «Ձեր հարցը [ուղղված դատախազներին] հետաքրքիր էր, թե 27 հազարը ինչի են վերցրել, ես կարծում եմ՝ շոկից․ երևի թե սեյֆը բացեց, տեսավ, որ 4 միլիարդ չի, ընդամենը 27 հազար է․․․ »:

Դատավորի հորդորին՝ դուրս չգալ իրավական գործընթացի շրջանակից, նախկին նախագահն արձագանքեց․ - «Կարծում եմ, այնուամենայնիվ, դատարանը այն տեղն է, որ մարդ իրավունք ունի իր կարծիքը ասել և իրավունք ունի նաև օգտագործել այն բառապաշարը, որը ճիշտ է համարում, որը նորմատիվ լեքսիկայի շրջանակում է: Եվ ես չեմ կարծում, որ մի բան եմ ասել, որ այդ շրջանակներից դուրս լինի: Դրա համար կխնդրեմ նաև հարգել իմ իրավունքը՝ արտահայտվելու, եղա՞վ: Մեկ տարի է՝ ոտնահարվում են իմ իրավունքները, ոտնահարվում են լկտի ձևով»:

Դատավոր Արսեն Նիկողոսյանը հետաքրքրվեց, թե քննիչը ինչ փաստերից ելնելով է գույքը կալանքի տակ դնելու որոշում կայացրել․ - «Կոնկրետ ո՞ր փաստերն էին, որ բերել էին քննիչին հետևության, որ մեղադրյալը էդ պահից, եթե կալանք չդրվի, կարող է գույքը թաքցնել, փչացնել կամ սպառել: Ի՞նչ փաստեր էին դրանք, որ ես կարողանամ գնահատել»:

«Փաստական տվյալներ՝ որպես այդպիսին, գործով առկա չեն եղել, եղել են ողջամիտ կասկածներ», - պատասխանեց դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Դատախազ Վահե Դոլմազյանը դատարանից հեռացավ՝ լրագրողներին հստակ չպատասխանելով, թե Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելո՞ւ են Վճռաբեկ դատարանում: Դատախազն ասաց՝ որոշումն ուսումնասիրելուց հետո կտեղեկացնեն:

Սահմանադրական կարգի տապալման և խոշոր չափերի կաշառք ստանալու համար մեղադրվող Քոչարյանի գույքը, անկախ դատարանի այսօրվա որոշումից, կշարունակի մնալ կալանքի տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG