Խորհրդարանական վերջին ընտրություններով Ուկրաինան առնվազն մի քանի ռեկորդ սահմանեց:
Նախ, 1991 թվականից հետո առաջին անգամ նախագահի առաջնորդած կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ստացավ Գերագույն Ռադայում՝ է'լ ավելի ամրապնդելով փոփոխություններ իրականացնելու՝ Վլադիմիր Զելենսկու մտադրությունը։ Վերջին տվյալներով, նրա առաջնորդած կուսակցությունը՝ «Ժողովրդի ծառա»-ն ստանում է խորհրդարանի 450 տեղերից 253-ը և կարող է միանձնյա որոշումներ կայացնել ու կառավարություն ձևավորել։
«Սա հզոր և խորհրդանշական արդյունք է», - հայտարարում է ամիսներ առաջ շոու բիզնեսից քաղաքականություն եկած Վլադիմիր Զելենսկին. - «Սա ոչ միայն մեծ վստահություն է, այլև՝ մեծ պատասխանատվություն, անձնապես ինձ համար և իմ թիմի։ Մենք թույլ չենք տա, որ ուկրաինացիները հիասթափվեն. դուք գիտեք մեր գերակայությունները, վստահ եմ՝ դրանք այն հարցերն են, որ կարևոր են յուրաքանչյուր ուկրաինացու համար՝ վերջ տալ պատերազմին, ազատագրել մեր գերիներին և արմատախիլ անել կոռուպցիան, որը շարունակում է մնալ մեր երկրում»։
Մյուս կողմից, այս խորհրդարանը ռեկորդային է նոր դեմքերի առատությամբ. նորընտիր պատգամավորների մոտ 60 տոկոսը մինչ այդ չի եղել օրենսդիր մարմնում, ընդ որում, նրանց մեծ մասը երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ։
Երկրի պատմության մեջ առաջին անգամ, մասնավորապես, Գերագույն Ռադայում կլինի, օրինակ, սևամորթ պատգամավոր Ժան Բելենյուկը։ 28-ամյա «ժողովրդի ծառան» քաղաքական կարիրեան սկսելուց առաջ զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով և 2016-ին՝ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում, արծաթե մեդալ բերել Ուկրաինայի հավաքականին։ «Իմ հաղթանակը և թեկնածությունը վկայում են, որ Ուկրաինան իսկապես ժամանակակից երկիր է, որը հավասար իրավունքներ է տալիս յուրաքանչյուրին», - «Ֆրանսպրես»-ին ասել էր Զելենսկու կուսակիցը։
Նորընտիր պատգամավորներից Սվյատոսլավ Յուրաշն, իր հերթին, ամենաերիտասարդն է երկրի ողջ պատմության մեջ. Մայդանի ցույցերից աչքի ընկած ակտիվիստը խորհրդարանական մանդատ կստանա 23 տարեկանում, կրկին՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության ցուցակներով։
Մյուսը՝ Յուրի Կորյավչենկովը, օրինակ, մինչ օրս ելույթ է ունեցել միայն երգիծական շոուներում ու բեմերում՝ տարիներ շարունակ հանդես գալով ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ «Կվարտալ 95» ընկերությունում։
«Ժողովրդի ծառա» կուսակցության ցուցակով խորհրդարան անցած պատգամավորների շարքում կան նաև հարսանեկան լուսանկարիչներ, հեռուստաաստղեր ու ռեստորանային համալիրների սեփականատերեր, որոնք իրենց տեղամասերում առավելության են հասել քաղաքական դաշտի հնաբնակների՝ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի ու նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի աջակիցների նկատմամբ. երկու ուժերն այս անգամ չհաղթահարեցին անգամ տասը տոկոսի շեմը, ինչը, ըստ վերլուծաբանների, փաստում է՝ Ուկրաինայի հասարակությունը հոգնել է հին դեմքերից և հիմա նոր շունչ ու նոր մոտեցումներ է փնտրում:
«Մեր երկրում փոփոխություններ են պետք, ես 49 տարեկան եմ և դատում եմ իմ փորձից. այլ ելք չկա, մենք պետք է ազատվենք անցյալից», - ասում է ուկրաինուհի Օլենա Մոսկալենկոն:
«Հուսով եմ, որ մեր հասարակությունում դրական փոփոխություններ կլինեն․․․ իհարկե, ոչ անմիջապես, այլ՝ քայլ առ քայլ: Վստահ եմ, որ քաղաքականության և Գերագույն Ռադայում ընդունվելիք որոշումների որակը կբարձրանա, և Ուկրաինան վերջապես դուրս կգա տնտեսական ու քաղաքական ճգնաժամից», - ասում է ուկրաինացի Իհոր Ռեզնիկը:
Թե ով կառաջնորդի կառավարությունն այդ փուլում, դեռ հստակ չէ. թեև «Ժողովրդի ծառա»-ն բավարար թվով ձայներ ունի միանձնյա կառավարություն ձևավորելու համար, այդուամենայնիվ, նախագահ Զելենսկին քվերակությունից հետո ակնարկել էր՝ հնարավոր է՝ կոալիցիա կազմեն։ Թե որ ուժի հետ, նախագահը չէր մանրամասնել, բայց ընդգծել էր՝ նոր վարչապետը ևս պետք է լինի նորեկ քաղաքական դաշտում, բայց՝ հզոր տնտեսագետ, անկախ և ուժեղ մասնագետ, որին հարգում են և՛ Ուկրաինայում, և՛ Արևմուտքում։ Ստանալով իշխանության ընդարձակ լծակներ, Զելենսկին խոստանում է՝ նոր խորհրդարանը աշխատանքը սկսելուն պես զբաղվելու է պատգամավորական անձեռնմխելիության վերացմամբ, ինչպես նաև պարզեցնելու է նախագահին անվստահություն հայտնելու գործընթացը։
Ընդհանուր առմամբ, Զելենսկու կուսակցությունից բացի խորհրդարան է անցնում ևս չորս քաղաքական ուժ՝ ռուսամետ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր բարեկամ Վիկտոր Մեդվեդչուկի գլխավորած ընդդիմադիր «Հանուն կյանքի» պլատֆորմը, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա»-ն, նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն»-ն ու «Օկեան Էլզի» աշխարհահռչակ խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» քաղաքական միավորումը։