Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովում դեռ չեն ստացել Հայաստանի Սահմանադրական դատարանի դիմումը


Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովում դեռ չեն ստացել Հայաստանի Սահմանադրական դատարանի դիմումը, հետևաբար՝ տվյալ թեմայով մեկնաբանություններ անել չեն կարող: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Եվրախորհրդի խոսնակ Տատյանա Բաևան՝ ի պատասխան հարցի, թե ստացե՞լ է արդյոք Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումը, և որքա՞ն ժամանակ կպահանջվի հանձնաժողովից՝ խորհրդատվական կարծիք տրամադրելու համար:

Հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը դիմել է Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Այդ հոդվածի սահմանադրականության հարցը ՍԴ-ն պետք է քններ օգոստոսի 20-ին, սակայն քննությունը կասեցված է և կսկսվի միայն միջազգային կառույցների խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո:

Հայաստանի երկրորդ նախագահը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել է գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG