Մատչելիության հղումներ

ՍԴ նախագահը քաղաքական է համարում և հրաժարվում է մեկնաբանել վարչապետի գնահատականները


Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 18-ը հուլիսի, 2019թ․
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 18-ը հուլիսի, 2019թ․

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը բարձր դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականները համարում է քաղաքական և հրաժարվում դրանք մեկնաբանել:

«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը», - հայտարարեց Թովմասյանը «Ազատության» հետ զրույցում:

Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հետ հարցազրույցում երեկ հայտարարել էր, թե ցնցվել է Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակից: Ըստ վարչապետի՝ նախկին իշխանության հետ առևտուր է եղել, և Սահմանադրության հեղինակ Հրայր Թովմասյանը նոտարական գրասենյակի պես սեփականաշնորհել է բարձր դատարանը:

Այսօր առավոտյան աշխատանքի շտապող Հրայր Թովմասյանը պնդեց, թե կարձագանքի միայն իրավական գնահատակններին: Նրան հանդիպեցինք Սահմանադրական դատարանի մոտ: Դժգոհեց, որ իրեն հարցեր ուղղելու համար նախընտրել ենք այս ձևաչափը:

«Քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, Սահմանադրական դատարանը մեկնաբանում է իրավական ակտերը: Ես կրկնում եմ՝ քաղաքական հարցերին ես լուծում չեմ տալիս, մնացածը մեր հայտարարության մեջ կա», - նշեց ՍԴ նախագահը՝ հավելելով․ - «Էսպես անհարմար ա բայց, չի կարելի էսպես, էսպես չի կարելի: Երբ որ ես գտնեմ, որ կա անհրաժեշտություն, ես հարցազրույց կտամ: Էս ձևը մի արեք, սա իրոք տգեղ է»:

Վահե Գրիգորյանը հիմնավորել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և վեց անդամ նախկին Սահմանադրությամբ են ընտրվել և չունեն դատավորի կարգավիճակ, լիազորված չեն որոշումներ ընդունել, այդպիսի լիազորություն ունեն միայն ինքն ու ՍԴ դատավոր Արման Դիլանյանը, այսինքն՝ գործող ՍԴ կազմում լեգիտիմության խնդիր կա:

«Ազատության» հարցին՝ Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակից ի՞նչ լուծումներ են քննարկվում, և բացառո՞ւմ է իր և ՍԴ անդամների հրաժարականը, Հրայր Թովմասյանն արձագանքեց․ - «Ինչպե՞ս: Իսկ Դուք բացառում ե՞ք, որ վաղը երկրաշարժ կլինի Հայաստանում: Դուք բացառում ե՞ք, որ վաղը աշխարհը շուռ կգա»:

Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը բնութագրել էր ճգնաժամային և դրանից դուրս գալու երեք ճանապարհ նշել իր հայտնի նամակում:

Վարչապետ Փաշինյանն այդ տարբերակներին չանդրադարձավ, սակայն հայտարարեց՝ 2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան: Սա քաղաքական խնդիր է և պետք է լուծվի: Անդամները հայտնվել են դատարանում օրենսդրական մանիպուլյացիայի արդյունքում, եթե անհրաժեշտ լինի, ըստ Փաշինյանի, հարցի լուծման համար կնախաձեռնեն սահմանադրական փոփոխություններ:

«Այս Սահմանադրական դատարանի գործող նախագահի իշխանությունը՝ ի՞նչ կապ ունի նրա իշխանությունը, նրա կարգավիճակը ժողովրդի հետ: Եվ ի վերջո, եթե Սահմանադրական դատարանի էս սեփականաշնորհված նոտարական գրասենյակի կարգավիճակից անհրաժեշտ լինի գնալ էդպիսի քայլերի, որ պետք է ա Սահմանադրական դատարանի հարցը լուծել, էս համատեքստում, այո, կարելի է նաև գնալ է՛դ մասով՝ սահմանադրական փոփոխությունների», - երեկ «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Կառավարության ղեկավարը:

Սահմանադրական փոփոխությունների միջոցով բարձր դատարանի ճգնաժամի հանգուցալուծմանը դեմ է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: ՍԴ անդամներով և Հրայր Թովմասյանով հիացած չէ, ասաց պատգամավորը, բայց, այդուհանդերձ, իրավական լուծման կողմնակից է:

«Այսինքն, եթե հիմա իրենք փորձում են ազատվել Սահմանադրական դատարանի ներկայիս կազմից և իրավական որևէ գործիք չեն գտնում, և միակ իրավական գործիքը սահմանադրական փոփոխություններն են, որով կմշակեն մեխանիզմներ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմին դուրս հրավիրելու համար, սա կլինի քաղաքական լուծում», - ընդգծեց Զոհրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG