ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին: Ստորև հատվածաբար ներկայացնում ենք հարցազրույցի տեքստը, ինչպես նաև ամբողջական տեսագրությունը:
«Ազատություն»․ - Ձեր առաջին ընտրություններից հետո անցել է ավելի քան 1 տարի 2 ամիս: Շուրջ 14 ամիս Դուք նաև երկրորդ անգամ ընտրվեցիք խորհրդարանական ընտրություններից հետո՝ դեկտեմբերի 9-ին: Եվ այս 14 ամիսների ընթացքում եթե առանձնացնեիք ո՞րն է Ձեր ամենամեծ, ամենակարևոր ձեռքբերումը:
Փաշինյան․ - Կարծում եմ իմ քաղաքական կենսագրությունը կանխորոշում է պատասխանը, որովհետև իմ ընկալմամբ ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը և այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր: 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ, որոնց արդյունքները առաջին անգամ ո՛չ դե յուրե, ո՛չ հանրայնորեն չվիճարկվեցին: Սա բացառիկ իրադարձություն է Երրորդ Հանրապետության պատմության մեջ և ես այն կհամարեի հիմնական հաջողությունը:
Մայիսի 8-ին ես հանդես եկա ասուլիսով, որտեղ ներկայացրեցի 100 փաստ Նոր Հայաստանի մասին, որտեղ կան տնտեսական բնույթի, հակակոռուպցիոն հարթության պնդումներ: Այդ ամեն ինչը հիմա կրկնելու, կարծես, պատեհություն չկա, դա հրապարակված է: Ամենամեծը և ամենակարևորը, ֆունդամենտալը ես համարում եմ ժողովրդավարությունը՝ այստեղից բխող ճյուղերով՝ հակակոռուպցիոն պայքար, օրենքի առաջ մարդկանց հավասարություն, մենաշնորհների վերացում և ի վերջո՝ քաղաքացու ինքնազգացողությունը, որ ինքն է ձևավորում Հայաստանում իշխանություն:
Եվ գիտեք՝ շատ կարևոր եմ համարում, որ այս ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների և ընդհանրապես ընտրական պրոցեսում հաղթանակներ արձանագրել է ոչ միայն իշխանությունը, հեղափոխական թիմը, այլև ընդդիմությունը: Եվ մենք շնորհավորել ենք անկախ նրանից՝ համաձայն ենք ընտրության արդյունքների քաղաքական բովանդակության հետ, թե ոչ: Մենք հարգանքով ենք վերաբերվել և դա համարում ենք ամենամեծ առաքելությունը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն զգա իրավատեր: Առնվազն քաղաքական մակարդակում մենք դա արել ենք, հիմա հերթն է, որ դա նաև դատաիրավական հարթության և մնացած բոլոր հարթություններում տեղի ունենա:
«Կա արդյոք այսօր Հայաստանում վատ կառավարում` իհարկե կա»
«Ազատություն»․ - Պարոն վարչապետ, վերջին հասարակական հարցումների համաձայն, փաստորեն, «Իմ քայլը» կստանար շուրջ 60 տոկոս, եթե այդ ընտրությունները անցկացվեին հիմա: Սա բավական մեծ թիվ է և կարող ենք ասել՝ մեծ առավելություն մյուս ուժերի նկատմամբ, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ այս ցուցանիշը 10 տոկոսով ավելի ցածր է, քան անցած տարվա հոկտեմբերին անցկացված նման մի հարցման արդյունքները: Հիմա ինչպե՞ս կբացատրեք սա, ի՞նչ է տեղի ունեցել:
Փաշինյան․ - Չգիտեմ ինչ հարցում նկատի ունեք՝ Դուք 70 տոկոս ասելով նկատի ունեք Հայաստանի խորհրդարանական ընտրություններում մեր հավաքած ցուցանիշը․․․
«Ազատություն»․ - Հենց նույն հարցման մասին է խոսքը:
Փաշինյան․ - Ճիշտն ասած ոչ բոլոր հարցումներին եմ ծանոթ: Ես կարող եմ ասել հետևյալը․ գիտեք, որ Կառավարությունը աշխատանքային հարցումներ է իրականացնում և խորհրդարանական ընտրություններից առաջ ինձ բերած վերջին հարցումը կանխատեսում էր «Իմ քայլը» դաշինքին 60 տոկոս, բայց ընտրությունների արդյունքում մենք ստացանք 70 տոկոս ձայն: Ի՞նչ բացատրություն սա ունի․ որովհետև հարցմանը մասնակցում է ռեսպոնդենտների 100 տոկոսը, իսկ ընտրություններին մասնակցում է ընտրողների ոչ 100 տոկոսը: Եվ ինձ համար մեր հարցումներով, որոնցից այս ընթացքում ես միշտ օգտվում եմ, դա որոշակի մեխանիզմներով է արվում, այդ հարցումներում մենք այդպիսի տատանումներ չենք արձանագրել:
«Ազատություն»․ - Պարոն վարչապետ, Ձեզ քննադատում են վատ կառավարման համար: Ես կրկին վկայաբերեմ այս նույն հարցումը՝ սա Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցումն է, իրականում նրանց կողմից հանձնարարված հարցում է: Եվ կարծիք կա, նաև ընդդիմության շրջանում, որ վատ կառավարում է, կառավարման որակը բարձր չէ, մասնավորապես՝ թիրախավորվում է կադրային քաղաքականությունը: Հարցվածների 22 տոկոսն ասում է՝ bad management (վատ կառավարում): Դա է ամենամեծ բացթողումը կառավարության: Պետք է, իհարկե, նշել, որ 27 տոկոսն էլ ասում է՝ ոչ մի ձախողում էլ չկա: Իսկ Ձեր գրասենյակը՝ վարչապետի գրասենյակը, շատ բարձր վարկանիշ ունի՝ 70 տոկոսը հարցվածների ասում է, որ շատ լավ են աշխատում:
Բայց ի՞նչ է սա նշանակում: Կարծիք կա, որ Ձեր կաբինետը անփորձ է և ամեն ինչ Ձեր ուսերի վրա է: Այս թվերը կարող են այդ մասին վկայել: Ի՞նչ կարող եք ասել:
Փաշինյան․ - Եկեք ես հարցի բուն բովանդակությանը պատասխանեմ: Կա՞ արդյոք այսօր Հայաստանի Հանրապետությունում վատ կառավարում: Իհարկե՝ կա:
Ի՞նչ կապ ունի դրա հետ այսպես ասած՝ նոր, երիտասարդ թիմը: Եկեք պատկերացնենք կառավարման համակարգը: Դա 1-2 տոկոս նոր եկած երիտասարդ թիմ է և 98 տոկոս կառավարման էն համակարգը, որ մենք ունեցել ենք նաև իշխանափոխությունից առաջ: Բայց այստեղ պրոբլեմը ոչ այնքան, ոչ միայն, որոշ դեպքերում, մարդկային է, որովհետև էս կառավարման համակարգը ի վերջո գոյություն է ունեցել շատ երկար տարիներ, այլև համակարգային:
Որովհետև, տեսեք, մենք ասում ենք, որ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք ասում ենք, որ կոռուպցիան վատ երևույթ է, բայց մեզանից քչերն են նկատում, որ կոռուպցիան նաև կառավարման որոշակի համակարգ է: Որովհետև, որպես պետական պաշտոնյա, ես պետք է ընտրություն կատարեմ, թե ինչ ընթացք տամ այս մի բաժակ ջրի հետ կապված հարցին կամ պոտենցիալ հավակնորդներից ում վերապահեմ այս մի բաժակ ջուրը կառավարելու իրավունքը: Երբ որ կա կոռուպցիոն համակարգ, խնդիրը պարզ է՝ ով շատ տվեց, նրան էլ տալիս ենք էս ջուրը: Իսկ երբ չկան կոռումպացված համակարգեր և կառավարությունը ստիպված է գործել օրենքներով, պարզվում է շատ օրենքներ գոյություն ունեն, բայց իրենք գոյություն են ունեցել Վենետիկի հանձնաժողովի և այլ կառույցների համար, բայց իրենք իրականության փորձաքննությունը չեն ունեցել:
Եվ հիմա, երբ որ դու փորձում ես աշխատել օրենքով, պարզվում է, որ այդ օրենքը աշխատելու համար չէ, այդ օրենքը ցույց տալու համար է: Աշխատելու հիմնական մեթոդը եղել է կոռուպցիան:
Էսօր մենք ունենք իրավիճակներ, երբ որ կան դեպքեր, երբ որ կառավարման համակարգում կոնկրետ ընթացք չի տրվում հարցերին նաև տրամաբանությամբ, որովհետև շատ մարդիկ սովոր են կոռուպցիայով աշխատել: Երբ որ չկա այդ համակարգը, նրանք ուղղակի չեն հասկանում՝ բա ո՞նց աշխատել, ի՞նչ սկզբունքով աշխատել:
Կա նաև հակառակը՝ երբ որ կան մարդիկ, ովքեր ունեն բավարար կամք՝ կայացնել որոշումներ, նրանք էլ շատ դեպքերում որոշում չեն կայացնում, ասում են՝ բա որ էս որոշումը կայացնենք, ասեն՝ ըհը, ստեղ մի բան կա, բա էս ընչի՞ ես որոշել, էս շինարարության թույլտվությունը որ տվեցիր, էս ինչի՞ տվեցիր էս շինարարության թույլտվությունը կամ էս կարգի այլ բաներ:
Եվ էս իրավիճակները էսօր մեր ամենամեծ մարտահրավերն են: Կա՞ այսօր արդյոք Հայաստանում վատ կառավարում՝ այո՛, կա: Բայց այդ վատ կառավարումը՝ ասում են կադրային քաղաքականությունը․․․ ասեմ Ձեզ, որ ընդհանրապես մեր քաղաքական թիմը այն քաղաքական թիմն է, որը ապահովել է Հայաստանի Հանրապետությունում ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը: Այդ քաղաքական թիմը կարողացել է ինչ֊որ առումով առաջնորդել ժողովրդին և այդ քաղաքական թիմը շարունակում է առաջնորդել ժողովրդին և վայելում է ժողովրդի վստահությունը: Եվ այդ քաղաքական թիմը ունի բավարար հմտություններ երկիրը կառավարելու:
Բայց որ մենք ունենք վատ կառավարման պրոբլեմ՝ իհարկե այդպես է, բայց դա առաջին հերթին մեր օրակարգի խնդիրն է և մենք անընդհատ աշխատում ենք դրա վրա:
«Ես երբեք գոհ չեմ լինում»
«Ազատություն»․ - Որոշ քննադատություն հնչում է նաև խորհրդարանի «Իմ քայլը» դաշինքի հասցեին: Այնտեղ նույնպես պատգամավորներ կան, որոնք․․. ասում են՝ Դուք ընտրվել խորհրդարան, ոչ թե նրանք, դա Ձեր վարկանիշն է, Ձեր տոկոսն է: Այ՝ ի՞նչ կարող եք ասել այս մասին:
Փաշինյան․ - Ընտրվել է «Իմ քայլը» դաշինքը, ես եղել եմ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը: Բայց գիտեք, ինձ երբեմն շատ հետաքրքիր է թվում, որ ասում են՝ ա՛յ, փորձառու կադրեր, փորձառու կադրեր․․․ կներեք՝ էդ փորձառու կադրերը չե՞ն Հայաստանի Հանրապետությունը հասցրել էն վիճակին: Եկեք տեսնենք՝ ինչքան փորձառու կադրեր կային: Ինչի՞ մեջ փորձառու: Էն, ինչ մենք ուզում ենք անել, ես մի քանի անգամ ասել եմ, էն ինչ մենք ուզում ենք անենք, մեզանից առաջ էլ բազմաթիվ փորձառու հեղափոխականներ էդպես էլ չկարողացան հեղափոխություն անել, չէ՞: Բայց էդ երիտասարդ թիմը՝ չնայած ասեմ՝ ես էդ երիտասարդ բառը նույնպես չեմ ընդունում, որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ 25 տարին լրացած ցանկացած քաղաքացի կարող է լինել Ազգային ժողովի պատգամավոր, նախարար և այլն․․․ Այսինքն՝ մենք պետք է նայենք Սահմանադրությամբ։
Քաղաքական երիտասարդությունը դա ուրիշ կատեգորիա է: Այսինքն, մեզնից առաջ տեսեք թե ինչ կարկառուն հեղափոխականներ են եղել կամ քաղաքական թիմեր են եղել, որոնք փորձել են Հայաստանում իշխանափոխություն անել, բայց չեն կարողացել անել: Հիմա՝ երիտասարդների թիմը արել ա էն, ինչ որ արել ա և պիտի անի էն, որը մենք կոչում ենք տնտեսական հեղափոխություն:
Էդ չի նշանակում, որ մենք բոլորս անթերի ենք՝ ինձանից սկսած, վերջացրած բոլորով: Ես չեմ ընդունում նաև քաղաքական գործիչների իդեալականացման փորձերը: Բոլորս էլ ունենք թերություններ, բոլորս սխալական ենք: Այստեղ խնդիրը էնա՝ մենք մեր գաղափարին նվիրված ենք, թե նվիրված չենք: Մենք պատկերացում ունե՞նք ինչ ենք անում էսօր և ինչ պետք է անենք վաղը:
«Ազատություն»․ - Այսինքն, Դուք գո՞հ եք Ձեր թիմից և գործընկերներից Ազգային ժողովում:
Փաշինյան․ - Ես ինքս ինձնից գոհ չեմ: Եթե ես ինքս ինձնից գոհ չեմ, ես ուրիշ որևէ մեկից չեմ կարող լինել գոհ: Ընդհանրապես, նրանք, ովքեր ինձ հետ աշխատել են տարբեր առիթներով, նրանք գիտեն, որ ես երբեք գոհ չեմ լինում: Դա ինչ֊որ առումով վատ ա, որովհետև երբեմն դեմոտիվացնում ա մարդկանց: Հիմա ես փորձում եմ դա հաղթահարել և երբեմն արտահայտել իմ գոհունակությունը մեր կոնկրետ գործընկերների որոշ գործողությունների կապակցությամբ, բայց ես ընդհանուր առմամբ ինքս ինձնից երբեք գոհ չեմ եղել, գոհ չեմ և համոզված եղեք՝ երբեք գոհ չեմ լինի:
Հրայր Թովմասյանը «բուդկայի նման սեփականաշնորհել ա Սահմանադրական դատարանը»
«Ազատություն»․ - Հիմա դառնանք Վահե Գրիգորյանի և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Սա թերևս ամենակարևոր հարցերից մեկն է, շատերը խուսափում են մեկնաբանելուց: Եկել է մի պահ, որ Ձեզանից և մյուսներից պետք է լսենք մեկնաբանություն, քանի որ Վահե Գրիգորյանը նամակ է ուղարկել նաև Ձեզ, նաև Կառավարությանը և դատարանակազմ մյուս մարմիններին: Ի վերջո՝ Դուք ճգնաժամ տեսնում եք, թե չէ: Այ՝ հիմա Վենետիկի հանձնաժողովի ինչ֊որ անդամներ (մենք, իհարկե, այդպես էլ վստահ չենք ով է դա, արդյոք դա Վենետիկի հանձնաժողովի անդամներ են, թե ոչ), ինչ֊որ անդամներ վերապահումներ ունեն անդամ – դատավոր եզրույթի վերաբերյալ: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:
Փաշինյան․ - Ես Ձեզ պիտի անկեղծ ասեմ, որ Վահե Գրիգորյանի նամակը ինձ ուղղակի ցնցեց: Ինչո՞ւ ցնցեց, որովհետև ես այդ նամակը կարդալով հասկացա, որ 2018 թվականին՝ այդ տրանսֆորմացիայի շրջանում, բոլորս, կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա և զբաղված լինելով դրանով, գուցե մասնագիտական ինչ֊որ գիտելիքների կամ նրբությունների չիմացության պատճառով չենք նկատել նույնամասշտաբ մի մանիպուլյացիա, որ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանում։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել․ երբ որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվում էր, ասվում էր, որ սա երկրի ամբողջական ինստիտուցիոնալ բարեփոխման համակարգ է: Այո՛, մենք նոր կառավարություն պիտի ունենանք, նոր նախագահի ինստիտուտ, նոր խորհրդարանական ինստիտուտ և նոր Սահմանադրական դատարան, որովհետև Սահմանադրության տեքստի հեղինակները, ըստ էության, իրենք պնդում էին, կամ այդպես է երևում տեքստից, որ մենք գտել ենք, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում պատկերավոր ասած՝ իդեալական Սահմանադրական դատարանը, որը համապատասխանի մեր էսօրվա կարիքներին: Որովհետև եկեք չմոռանանք, որ Սահմանադրական դատարանը ի վերջո Ձեզ հայտնի հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետությունում ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն էր, որովհետև էդ Սահմանադրական դատարանը ի վերջո վավերացրել է՝ 96 թվից սկսած, բոլոր ընտրակեղծիքները և ըստ էության՝ կա վստահության ճգնաժամ նաև Սահմանադրական դատարանի նկատմամբ և Սահմանադրության տեքստի հեղինակներն ասում էին, որ՝ ահա, էսա՝ ժողովուրդ ջան, նոր Սահմանադրությունը և Սահմանադրական դատարանը պետք է լինի այսպիսին: Ինչիպիսի՞ն: Սահմանադրական դատարանի դատավորները պետք է ընտրվեն ոչ թե ցմահ կամ մինչև 65 տարին, այլ 12 տարով: Երկրորդը՝ Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի ոչ թե Ազգային ժողովի կողմից, այլ Սահմանադրական դատարանի կողմից՝ 6 տարի ժամկետով: Այսինքն, ամեն 6 տարին մեկ պետք է տեղի ունենա Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխություն:
Եվ ունե՞նք մենք այսօր այնպիսի Սահմանադրական դատարան, որը համապատասխանի մեր այսօրվա գործող Սահմանադրության տեքստին, ոգուն, կառուցակարգին: Այսինքն, ունե՞նք մենք այն Սահմանադրական դատարանը այսօր, որը նկարագրված է մեր Սահմանադրության մեջ։ Մենք չունենք էդ Սահմանադրական դատարանը: Ինչո՞ւ չունենք: Որովհետև նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ Սահմանադրական դատարանի երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց՝ ինչպես հետագայում պիտի պարզվեր, ներիշխանական մի գործարքի և մանիպուլյացիայի արդյունքում: Տեղի ունեցավ մեծ առևտուր, որտեղ մի քանի առանցքային դեմքեր ստանում էին իրենց հասանելիքը․ Սերժ Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնը, Գագիկ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը: Ինքը նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ, որից հետո այս նոր Սահմանադրությունը պետք է ուժի մեջ մտներ և մենք պետք է ունենայինք նոր կառուցված Սահմանադրական դատարան, հրաժարական տվեց և նրա փոխարեն նախագահ առաջադրվեց և ընտրվեց Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի անդամ և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Մինչդեռ մեր նոր Սահմանադրությամբ նախատեսված է, որ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրում է հենց ինքը՝ Սահմանադրական դատարանը: Եվ որ ավելի կարևոր է՝ քանի որ իրենց ձեռքն էր թուղթն էլ, գրիչն էլ, անցումային դրույթ են գրել, որ՝ այ, ովքեր ապրիլի 9-ից առաջ են ընտրվել Սահմանադրական դատարանի անդամ, նրանց վրա տարածվում է 2005 թվական կարգավորումները: Այսինքն սա ի՞նչ է նշանակում՝ նրանք ոչ թե 12 տարով են ընտրվում, այլ, ըստ էության, ցմահ են ընտրվում կամ մինչև 65 տարին: Եվ նույնը վերաբերում է նաև Սահմանադրական դատարանի նախագահին: Եվ այստեղ ի՞նչ ա ստացվում որ մենք ունենում ենք մեր Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարան, բայց այդպիսի դատարան մենք չենք կարող ունենալ մինչև առնվազն 2035 թվականը, որովհետև, քանի որ Հրայր Թովմասյանը եղել է Սահմանադրության տեքստի հեղինակը, ինքը այնպես է գրել էդ տեքստը՝ բնականաբար Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի հետ համաձայնեցված, որ ինքը մինչև 2035 թիվը մնա Սահմանադրական դատարանի նախագահ, չնայած մեր Սահմանադրությունը արդեն նախատեսել է, որ էդպիսին չի մեր ուզած Սահմանադրական դատարանը: Սահմանադրի կամքը ուրիշ է, որ՝ մեզ պետք ա էսպիսի Սահմանադրական դատարան:
Եվ ստացվում ա, որ մենք Սահմանադրության էն դրույթը, որը ունենք Սահմանադրական դատարանի վերաբերյալ, չենք կարող կիրառել մինչև 2035 թիվը, որովհետև Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի հետ սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը էնպես, ինչպես կարելի է մի հատ նոտարական գրասենյակ բռնել և սեփականաշնորհել: Եվ մենք էսօր ունենք իրողություն, որ ունենք 2019 թվի Հայաստան, բառիս թե՛ բուն, թե՛ փոխաբերական, թե՛ սահմանադրական իմաստով, թե՛ հեղափոխության իմաստով, թե՛ ժամանակի իմաստով, բայց, ըստ էության, ունենք 1995 թվական Սահմանադրական դատարան: Ահա՝ տեղի ա ունեցել Սահմանադրական դատարանի էսպիսի սեփականաշնորհում: Եվ էսօր նույնիսկ Սահմանադրական դատարանը զրկված է ինքն իր համար նախագահ ընտրելու իրավունքից մինչև 2035 թիվը՝ չնայած Սահմանադրության մեջ հստակ գրած է, որ Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվում է դատարանի կազմից:
Սահմանադրական դատարանի մյուս անդամները զրկված են Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակին 6 տարի հետո հավակնելու՝ իրենց սահմանադրական իրավունքից, չնայած ասվում ա՝ 6 տարի հետո էս պահին գործող նախագահը այլևս Սահմանադրական դատարանի նախագահ չի: Նշանակում ա՝ մյուսները կարող են ընտրվել:
Հաջորդը՝ եթե մենք էս տրամաբանությամբ նայենք, հետևաբար Սահմանադրական դատարանի վերաբերյալ էդ գլուխը երբեք էլ ուժի մեջ չի մտնի: Ինչո՞ւ, որովհետև Հայաստանի պատմության դինամիկան ցույց է տալիս, որ ամեն 10 տարին մեկ Հայաստանում տեղի են ունենում Սահմանադրական փոփոխություններ: Եթե էս տրամաբանությամբ գնանք և նույն տրամաբանությամբ, ասենք, 10 տարի հետո Սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան 2025 թվականին կամ 30 թվականին, կստացվի, որ մեր երազանքների Սահմանադրական դատարանը, որ Վարդան Պողոսյանը, Սերժ Սարգսյանը, Հրայր Թովմասյանը և Գագիկ Հարությունյանը նկարագրել են և էդ մոդելով համոզել են մեր քաղաքացիներին, էդ Սահմանադրական դատարանը մենք երբեք չենք ունենալու:
Եվ, ընդհանրապես, եկեք նայենք Սահմանադրական դատարան երևույթին: Տեսեք՝ էս կարգավորումներով նախատեսվում ա, որ Սահմանադրական դատարանում մարդիկ ցմահ կարող են պաշտոնավարել, չնայած նոր Սահմանադրությամբ, հիշեցնում եմ, 12 տարի է, որը տրամասբանական ա, ճիշտ ա: Հանրությունը տիրապետո՞ւմ ա ինֆորմացիային՝ էդ 20 տարվա ընթացքում էդ Սահմանադրական դատարանի անդամների հետ ինչ ա տեղի ունենում: Որովհետև նույնիսկ առաջին ատյանի դատավորը, վերաքննիչ դատարանի դատավորը անընդհատ հրապարակային գործունեության մեջ են, անընդհատ տարբեր գործերով՝ ուղիղ դատական նիստեր և այլն․․․ Սահմանադրական դատարանի դեպքում էս մարդիկ 20 տարի հիմնականում գրավոր ընթացակարգերով, հանրությանը չհետաքրքրող և հանրությանը չառնչվող նիստերով ինչ֊որ գործունեություն են ծավալում: Հանրությունը իրավունք ունի՞ իմանալ՝ իրա Սահմանադրական դատարանի դատավորի կամ անդամի հետ ինչ ա տեղի ունեցել էս ողջ ընթացքում:
«Ազատություն»․ - Հիմա ստացվում է այնպես, որ հենց այս դատարանը, որի մասին Դուք ասում եք, կարող է նաև ազդեցություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի ճակատագրի վրա:
Փաշինյան․ - Ես մի ուրիշ նյուանս էլ եմ ուզում ավելացնել․ Սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածով ասում ա, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդը իր իշխանությունը իրացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, Սահմանադրությամբ նախատեսված տեղական ինքնակառավարման և պետական մարմինների միջոցով: Այսինքն, Հայաստանում չի կարող լինել որևէ մարմին, որի իշխանությունը չի բխում ժողովրդից: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե որտեղից և ինչպես է բխում այս Սահմանադրական դատարանի գործող նախագահի իշխանությունը: Ի՞նչ կապ ունի նրա իշխանությունը, նրա կարգավիճակը ժողովրդի հետ:
«Ազատություն»․ - Միայն եթե դատարանի դատավորը կամ անդամը ընտրված է խորհրդարանի կողմից:
Փաշինյան․ - Մի խորհրդարանի, որը ընտրվել է ընտրակաշառքների միջոցով և որի խորհրդարանական մեծամասնությունը Հայաստանի պատմության ազատ, արդար, միջազգայնորեն ժողովրդավարական ճանաչված ընտրությունների ժամանակ չի հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը: Սրանով ամեն ինչ ասված է:
«Ազատություն»․ - Հիմա այդ սահմանադրի կամքը, որի մասին խոսում է նաև Վահե Գրիգորյանը, ինչպե՞ս պետք է իրականացվի: Սահմանադրական բարեփոխումներ նախատեսվո՞ւմ են, թե ոչ:
Փաշինյան․ - Ինձ համար միանշանակ է մի բան, որ 2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան, սա է քաղաքական խնդիրը և որևէ մեկը չկասկածի, որ էս խնդիրը պետք ա լուծվի:
Ես հիմա կարող եմ նաև ընդունել, որ այս՝ ոչ այնքան հարմար վիճակում Սահմանադրական դատարանի շատ անդամներ հայտնվել են ակամա՝ այ այդ օրենսդրական մանիպուլյացիաների արդյունքում, որոնց նպատակը հենց իրենք չեն եղել: Բայց այստեղ մանիպուլյացիայի հեղինակները շատ պարզ են՝ Սերժ Սարգսյան, Հրայր Թովմասյան, Գագիկ Հարությունյան և Հանրապետական խորհրդարանական մեծամասնություն, ի հեճուկս Սահմանադրությամբ նախատեսված տրամաբանության: Այսինքն, սահմանադիր պետական այրը, իմանալով, որ 20 օր հետո երկրում գործելու է բոլորովին ուրիշ սահմանադրական կառուցակարգ, պետք ա գործի բոլորովին ուրիշ Սահմանադրական դատարան, և Սահմանադրության այն տեքստը, որը իրենք միջազգային հանրությանը, ներքին հանրությանը համոզել են, որ սա է մեր նոր ժամանակների կառավարման համակարգը, արագ դասավորել են՝ Գագիկ Հարությունյանին ասել են՝ էս քեզ ԲԴԽ-ի պաշտոնը, մեկա՝ 6 ամսից ես գնալու: Եվ Հրայր Թովմասյանը պարզ Սերժ Սարգսյանն ասել ա՝ շեֆ ջան, քեզ ցմահ սարքում ենք Հայաստանի վարչապետ, մեզ էլ ինչ կտաս՝ կտաս: Բա խնդիր ունե՞ս դու: Որ ես ցմահ Հայաստանի վարչապետաչգիտեմինչն եմ, ուրեմն դու էլ կլինես ցմահ Սահմանադրական դատարանի նախագահ, բա մեր մեջ ըտենց հարցեր կա՞ն ընդհանրապես: Պատկերացնո՞ւմ եք՝ էդ մարդը պետք ա որոշի Հայաստանի սահմանադրական ապագան: Որ մի հատ բուդկայի նման սեփականաշնորհել ա Սահմանադրական դատարանը:
Սա իմ քաղաքական գնահատականն ա․ չի կարող, Սահմանադրական դատարանը այս սեփականաշնորհված բուդկայի կարգավիճակից պետք ա դուրս գա:
«Տնտեսական հեղափոխության տեսությունը և ռազմավարությունը ամբողջացած է»
Փաշինյան․ - Ինչպես մենք հեղափոխություն անելուց առաջ կարևոր ենք համարել հեղափոխության տեսությունը, էնպես էլ տնտեսական հեղափոխությունից առաջ ենք կարևոր համարում տնտեսակա՛ն հեղափոխության տեսությունը: Եվ էսօր արդեն ես կարող եմ ասել, որ էդ տնտեսական հեղափոխության տեսությունը և ռազմավարությունը էսպես լրիվ ամբողջացած է, և առաջիկայում մենք առիթ կունենանք առավել մանրամասն խոսելու:
Բայց էնպես չի, որ մենք միայն տեսությունն ենք տանում: Էսօր, տեսեք, Հարկային օրենսգրքում տեղի են ունեցել դրամատիկ փոփոխություններ, որոնք մի մասը կամաց-կամաց հիմա հունվարի 1-ից․․․
«Ազատություն»․ - Պարոն վարչապետ, ճիշտ եք ասում, միջավայրը հրաշալի ստեղծվել է, ամեն ինչ կա, հարկերը, այսինքն՝ կոռուպցիա չկա, բայց․․․
Փաշինյան․ - Հա, երկրորդ մասին էլ: Հեղափոխությունից առաջ էլ, երբ որ մենք ասում էինք, որ այ, էսպես, էսպես, էսպես, ասում էին՝ ա՜, էդ ինչից ես խոսում, էս մարդիկ գնում են ընտրակաշառք են վերցնում, առավոտից իրիկուն տանը նստած են, նրանց պետք ա՞ շատ, գնա էրեխեքիդ տիրություն արա, ինչի հետևից ես ընկել, և այլն, ես նկատի ունեմ՝ հենց քաղաքական առաջնորդության իմաստը և էությունը դրա մեջ ա, որպեսզի մենք մեր հետևողական քայլերով, ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում, կարողանանք մարդկանց մեջ ներշնչել իրենք իրենց հավատալու և ավելիին հասնելու և ստեղծարար աշխատանքով զբաղվելու հաճույքը վայելելու էդ պրոցեսին քաջալերելու:
«Ազատություն»․ - Կարծում եք՝ հիմա էդ աշխուժությունը բնակչության շրջանում կա՞:
Փաշինյան․ - Գիտե՞ք, ես տեսնում եմ, որ դա, էդ պրոցեսը Հայաստանում դեռ հեղափոխությունից․․․ տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում իրականում շա՜տ շուտվանից ա սկսել քաղաքական հեղափոխությունից առաջ, և երբ որ ես շատ հաճախ ելույթներում վկայակոչում եմ էդ Կառավարության հայտնի էդ շարքը՝ մեր ժամանակների հերոսները, մեր ժամանակների հերոսը, էդ մարդիկ էնքան մեծ ուժ են տալիս, չեք պատկերացնի: Եղել ա բավականին բարձրաստիճան պաշտոնյա պետական կառավարման համակարգում ու մի օր որոշել ա, որ ինքը պետք ա դուրս գա ըտեղից, գնա զբաղվի խոտաբույսերից կոսմետիկ միջոցներ արտադրելով, և հիմա, միլիոնատեր չի, միլիարդատեր չի, բայց զբաղված ա ստեղծարար աշխատանքով, աշխատանքով, որը իրեն հաճույք ա պատճառում, և նաև էդ բիզնեսը ինքը իրան պահում ա, մի քիչ էլ եկամուտ ա բերում:
Էսպիսի Հայաստանում տասնյակ, հարյուրավոր օրինակներ կան, և մեր Կառավարության համար շատ կարևոր է, որ էդ մարդկանց մենք գտնենք և իրենց օրինակը ցույց տանք, որ ցույց տանք, որ սա միայն քաղաքական տեքստ չէ, սա միայն Հարկային օրենսգրքի փոփոխություն չէ, սա միայն ռիտորիկա չէ: Կան մարդիկ, որոնք, է՜, հեղափոխությունը հլը իր սկզբնական փուլում էր, իրենք իրենց հեղափոխությունը արել էին արդեն, սկսել էին: Էսպիսի տասնյակ մարդիկ կան Հայաստանում: Եվ մեր խնդիրն ա, որ էս մարդկանց դարձնենք․․․ Սովորաբար էն կոռումպացված համակարգում ո՞վ ա իդեալը էրեխեքի՝ մի հատ ջիպով կոռուպցիոներ՝ սենց մեծ, հաստ ոսկի շղթայով, մի հատ 5-կիլոյանոց խաչն էլ կախած: Մենք ուզում ենք, որ արժեքների փոփոխություն տեղի ունենա, որ մարդկային էտալոնը դառնա էն մարդը, ով որ ոչ միայն ուղղակի աշխատում ա, այլ ստեղծագործում ա, հաճույք ա ստանում իր աշխատանքից և միևնույն ժամանակ նաև, այո, հարստանում ա, բայց էդ հարուստ լինելը նրա համար ոչ թե ուրիշների աչքը մտցնելու գործիք ա, որ բոլորին՝ հարևանին, ընկերոջը, բարեկամին, բոլորին, ջահել ժամանակ իրան մերժած աղջկան, բոլորին, սենց աչքը կոխի անընդհատ՝ տե՛ս, ես փող ունեմ, այլ, ընդհակառակը, ինքը իրա օրինակով ուրիշներին օգնի, որ՝ դու էլ կարող ես էդ անել: Էս ա ամբողջ գաղափարը:
«Թե ինչու բանակցությունները առաջ չեն գնում, ընդամենը կա մի պատճառ և մի նախադասություն դրա համար»
«Ազատություն»․ - Թեժ գիծը Բաքվի և Երևանի միջև․․․
Փաշինյան․ - Թեժ գիծը աշխատում է, այո, բայց դա չի երաշխավորում, որ մենք, ցավոք սրտի, զոհեր չենք ունենա, որովհետև գիտեք, որ, այնուամենայնիվ․․․ Բայց մենք աշխատում ենք դրա համար, որպեսզի բանակցությունները ունենան կոնկրետ արդյունք:
Ինչո՞ւ բանակցությունները չունեն կոնկրետ արդյունք: Դրա համար, ես հիմա միջազգային հանրության ներկայացուցիչների հետ երբ որ ուզում եմ իրենց նկարագրեմ իրավիճակը, թե ինչու բանակցությունները էսօր առաջ չեն գնում, ընդամենը կա մի պատճառ և մի նախադասություն դրա համար:
Երբ որ ես ընտրվեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես ամբիոնից հայտարարեցի, որ Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ պետք ա ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, և սա ինչ-որ առումով աննախադեպ հայտարարություն է մեր իրականության մեջ, որովհետև Հայաստանի Հանրապետության ոչ մի ղեկավար չի ասել, որ որևէ լուծում պետք ա նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի: Հիմա, սա շատ կարևոր հայտարարություն ա և շատ լուրջ հիմք ա ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար: Հետևաբար, ինչո՞ւ չկա այդ առաջընթացը․ շատ պարզ պատճառով՝ որովհետև Ադրբեջանի նախագահը նույն՝ 100-տոկոսով նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել: Որպեսզի առաջընթաց լինի, նա էլ պետք ա ասի՝ Ղարաբաղի հարցի լուծման ցանկացած տարբերակ պետք ա ընդունելի լինի՝ իրա տեսակետից առաջինը թող ասի՝ Ադրբեջանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար: Քանի դեռ էս նախադասությունը էն կողմից չի հնչել, էդ նշանակում ա՝ բանակցությունները արդյունավետ չեն, հետևաբար՝ որևէ մեկը մտածում ա, որ Ղարաբաղի հարցի լուծումը կարող ա ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար և ընդունելի չլինել Ղարաբաղի ժողովրդի համար և ընդունելի չլինել Հայաստանի ժողովրդի համա՞ր․ եթե որևէ մեկը էդպիսի բան մտածում ա, նա ոչ Ղարաբաղի ժողովրդին ա ճանաչում, ոչ էլ Հայաստանի ժողովրդին ա ճանաչում և ընդհանրապես՝ ոչ էլ հայ ժողովրդին ա ճանաչում: