Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քրեակատարողական հիմնարկում հանդիպել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հանդիպումը տեղի է ունեցել պաշտպանի նախաձեռնությամբ, ինչպես Թաթոյանը բացատրեց՝ Քոչարյանի պահման պայմաններին ծանոթանալու նպատակով:
Երկրորդ նախագահը պայմաններից չի դժգոհել, սակայն մտահագություններ է հայտնել իր դատաքննության հետ կապված: Թաթոյանը Քոչարյանին տեղեկացրել է, որ միջամտելու իրավունք չունի: Թե կոնկրետ ինչից է դժգոհել Քոչարյանը, օմբուդսմենը չմանրամասնեց։
«Ազատության» հարցին՝ իր նախաձեռնությա՞մբ է հանդիպել Քոչարյանի հետ, պատասխանեց. «Հաշվի առնելով այն մտահոգությունները, որ ուներ փաստաբանական թիմը և այլն պահման պայմանների, այո։ Ես նաև ասեմ, որ այս գործով արդեն այն հարցերը, որոնք նախաքննության ժամանակ ես միջամտում էի, և հարցեր կան, որ պարոն Ալումյանը նաև հայտարարեց, լուծվել են մեր միջամտությամբ, այս փուլում արդեն ես դրանք չեմ կարող այլևս իրականացնել։ Իմ խնդիրը հիմա հենց պահման պայմանների հետ կապված հարցերն են»։
Թե ինչպիսի՞ն էին պահման պայմանները, Թաթոյանը արձագանքեց. «Դժգոհություն չներկայացվեց որևէ պահման պայմանների հետ կապված, այսինքն նույն վիճակն է։ Ինչ վերաբերում է դատական համակարգին կամ գործի դատաքննությանն առնչվող հարցերով ես, բնականաբար, թեև մտահոգություններ ինձ ներկայացվեցին, բայց ես տեղեկացել եմ, որ իրավունք չունեմ միջամտել այդ գործով իրականացվող վարույթին կամ գնահատականներ տալ»։
Հարցին էլ, թե ինչի՞ց է Քոչարյանը բողոքել, որ արդար դատաքննություն չի՞ իրականացվել, օմբուդսմենը պատասխանեց. «Այն մտահոգությունները, ինչ որ փաստաբաններն էին ներկայացրել, ինչ որ գիտեք բոլորդ։ Նախ առանձնազրույցի մանրամասները ես չեմ կարող հրապարակել, որովհետև օրենքն արգելում է դա հրապարակել, ընդամենը կասեմ, որ այն բոլոր մտահոգությունները, ինչ որ բոլորդ գիտեք, այսինքն՝ հրապարակային կա»։
«Ազատության» հարցին՝ նա տեսնո՞ւմ է այդ արդար դատաքննության հետ կապված հարցեր, Թաթոյանն արձագանքեց. «Ես չեմ կարող ասել, որովհետև ես տեղեկացրեցի, որ դրանք ինձ ներկայացնելը մեծ հաշվով իմաստ չունի, այսինքն՝ նկատի ունեմ կոնկրետ գործով միջամտելու, եթե ակնկալիք կա, որովհետ այլևս դատաքննություն է ընթանում»։
Ինչ վերաբերում է նրան, թե պաշտոնաթող նախագահը կրկի՞ն պնդել է, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, օմբուդսմենն նշեց. «Մենք այլևս չհասանք այդ հարցին, որովհետև ես նշեցի, որ չեմ կարող միջամտություն իրականացնել դատական գործով և առհասարակ մեղադրանքի հետ կապված գործով։ Մնացածը գիտեմ հրապարակային մակարդակում, որ փաստաբանները այդ հարցը բարձրացնում են»։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դիմել էր պաշտպանին՝ հայտարարելով, որ Քոչարյանի իրավունքները կոպտորեն խախտվում են։ Ըստ Ալումյանի, առաջին ատյանի դատարանի տևական ժամանակ է չի քննում Քոչարյանի խափանման միջոցը փոխելու իրենց միջնորդությունը:
Արման Թաթոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ խոսել է Ալումյանի հետ, պայմանավորվել են, որ պաշտպանը բարձրացրած խնդիրների վերաբերյալ գրավոր փաստարկներ կներկայացնի: Միայն դրանից հետո պաշտպանը կարող է ասել՝ հարցը իրենց իրավասության տիրույթո՞ւմ է, թե՞ ոչ: Ամեն դեպքում, Թաթոյանը շեշտեց՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն իր անմիջական ուշադրության կենտրոնում է:
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձավ նաև ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խնդրին, պաշտպանը շեշտեց, եթե Գրիգորյանը շարունակեր մնալ քրեակատարողական հիմնարկում և չտեղափոխվեր քաղաքացիական հիվանդանոց, ապա դա կդիտարկվեր իբրև խոշտանգում: Արման Թաթոյանը շեշտեց՝ իրենց դիրքորոշումը այս հարցում, ամբողջությամբ համընկավ Մարդու իրավունքների եվրոպականի դատարանի դիրքորոշման հետ: Դատարանը, հիշեցնենք, հունիսի սկզբին Հայաստանի կառավարությունից պահանջել էր Գրիգորյանին սեղմ ժամկետում Դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխել Նաիրի բժշկական կենտրոն:
«Եվրոպական դատարանը մի քանի ժամ հետո ասեց բառացիորեն այն, ինչ ես հայտարարել էի մի քանի ժամ առաջ։ Անկախ նրանից՝ ինչ հանցանքի մեջ է մեղադրվում մարդը, եթե քրեակատարողական հիմնարկը չունի այդ պայմանները, չպետք է տեղափոխել, կարծում եմ՝ այդ նախաձեռնությունը ճիշտ չէր։ Այդ նախաձեռնությունն էր պատճառը, որ Հայաստանի վերաբերյալ Եվրոպական դատարանը կայացրեց 39 հոդվածով միջամտություն, որը բացառիկ դեպքերում է անում», - ասաց Թաթոյանը։
«Ազատության» հարցին, թե խոշտանգման տարրեր տեսնո՞ւմ է Մանվել Գրիգորյանի դեմ, օմբուդսմենը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ես նման գնահատական տալ, միայն կասեմ, որ առողջական վիճակը, եթե Մանվել Գրիգորյանը շարունակեր գտնվել քրեակատարողական հիմնարկում, այո»։
Դիտարկմանն էլ, որ փաստաբանները շեշտում են, որ քանի որ չի փոխվում նրա խափանման միջոցը, սա դասական խոշտանգում է, հաշվի առնելով այն հիվանդությունները, որ առկա են նրա մոտ, Թաթոյանը արձագանքեց. «Ես միայն ուզում եմ նշել, որ ես այդպիսի հիմքեր, ուսումնասիրության փուլում էսպես եզրահանգում չունեմ, որ ասեմ, պնդեմ այդ մասին։ Առավել ևս գործը գտնվում է դատական քննության փուլում, դա պիտի դատարանը գնահատի»։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այսօր անդրադարձավ նաև Խաչատրյան քույրերի դեմ Ռուսաստանում հարուցված քրեական գործին, ովքեր մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ: Մեծ աղմուկ բարձրացրած այս գործով մեղադրվող ռուսաստանաբնակ աղջիկները պնդում են, որ հայրը տարիներ շարունակ իրենց բռնությունների է ենթարկել, այդ թվում՝ սեռական:
Ի պատասխան «Ազատության» հարցին, որ Թաթոյանը նշեց, որ Խաչատրյան քույրերի հարցով հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի օմբուդսմենի հետ, հաշվի առնելով, որ նրանք Ռուսաստանի քաղաքացի են, ի՞նչ կարող է անել այս դեպքում Հայաստանի օմբուդսմենը, Թաթոյանը ասաց. «Նրանք ազգությամբ հայեր են՝ Խաչատրյան քույրերը, և ես շատ ունեմ պրակտիկա, երբ ազգությամբ հայերին պաշտպանելու ուղղությամբ մենք միջոցներ ենք ձեռնարկում։ Խաչատրյան քույրերի հետ կապված հարցը քննարկել եմ մի քանի անգամ Ռուսաստանի իմ գործընկերոջ հետ, Ռուսաստանի հանձնակատարի հետ, այս ընթացքում, երբ արդեն առաջադրվեց մեղադրանքը և ներկայացվեց վերջնական արդեն փուլ, մենք պայմանավորվեցինք՝ հիմնովին մի աշխատանք իրականացնենք, այսինքն վերլուծությունները մեր մոտից ամփոփելով նաև իրավապաշտպանների մտահոգությունները կներկայացնենք Ռուսաստան, իրենք նույնպես կամփոփեն՝ հաշվի առնելով մերը ու արդեն Ռուսաստանի քրեական հետապնդման մարմիններում։
Հարցին էլ՝ մեր իրավապաշտպանների մտահոգություննե՞րն է ներկայացնելու, օմբուդսմենն արձագանքեց. «Այո, հենց մեր գործընկերների, մեր իրավապաշտպանների նաև այդ մտահոգությունները»։
Իսկ թե հնարավո՞ր է, որ նա գնա և հանդիպի Խաչատրյան քույրերին, պատասխանեց. «Սկզբունքորեն չեմ բացառում, ինչո՞ւ ոչ»։