Մատչելիության հղումներ

Հայաստանում դրական դինամիկան ստեղծել է նոր հնարավորություններ ՀՀ-ԵՄ համագործակցության համար. Տուսկ


Հայաստանում դրական դինամիկան ստեղծել է նոր հնարավորություններ ՀՀ-ԵՄ համագործակցության համար, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

«Այսօրվա քննարկումն ընդգծեց արդյունավետ իրականացումը մեր գործընկերության համաձայնագրի։ Սա հավակնոտ համաձանագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը։ Եվրոպական միությունը կշարունակի տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ», - ասաց Տուսկը։

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին։ Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

Եվրամիության անդամ երկրներից համաձայնագիրը մինչ օրս վավերացրել են Գերմանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Հունգարիան, Ռումինիան, Դանիան, Ֆինլանդիան և Մալթան:

Եվրոպական խորհրդի նախագահն այսօր նաև ընդգծեց օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի կարևորությունը։

«Եվրամիությունը ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու գաղափարը։ Եվրամիությունը նաև այստեղ շարունակելու է փորձագիտական օժանդակությամբ և լրացուցիչ միջոցներ տրամադրելով օգտակար գտնվել», - ասաց Տուսկը՝ նշելով, որ քննարկել են նաև հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու հարցը։

Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեց, որ 2019-ի համար Եվրամիությունը գրեթե կրկնապատկել է օժանդակությունը Հայաստանին։

«Այս միջոցները կօգնեն գերակա ծրագրեր իրականացնել՝ ներառյալ ենթակառուցվածքային և բնապահպանական։ Այստեղ ես կարևորում եմ իմ այսօրվա այցելությունը Սևան։ Եվրամիությունն այստեղ սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը», - ասաց Տուսկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG