Մատչելիության հղումներ

Դատարանը դարձյալ մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա նիստին Մանվել Գրիգորյանը դատարան չէր բերվել։

«Նաիրի» բժշկական կենտրոնից, որտեղ այժմ Գրիգորյանը բուժում է ստանում, դատարան գրություն էր ուղարկվել այն մասին, որ մեղադրյալը բացակայում է առողջական խնդիրներ պատճառով:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ «անձի վիճակը այնպես պետք է լինի, որ նա կարողանա գալ և մասնակցել դատական նիստին»։

Բաղդասարյանն այսօր ևս մեկ անգամ միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, իսկ եթե դատարանը վճռի, որ կալանքի հիմքեր կան, ապա կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ մինչև 10 մլն դրամի չափով. - «Մենք կարծում ենք, որ խափանման միջոց կալանավորումը անհապաղ պետք է փոխվի մեր պաշտպանյալի հետ կապված, որովհետև այդ հիվանդությունները, բացասական դինամիկան բերելու են անկանխատեսելի վիճակի: Դրա լավագույն ապացույցն է, որ այսօր բժիշկները թույլ չեն տվել, որպեսզի Գրիգորյանը մասնակցի դատական պրոցեսին»:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը հակադարձեց՝ միջնորդությունում որևէ նոր բան չի ներկայացվել, և որ յուրաքանչյուր միջնորդություն ենթակա է մերժման, եթե նոր հիմնավորում չկա։

Իսկ փաստաբան Արսեն Մկրտչյանը նշեց, որ իմաստ ունի ևս մեկ անգամ քննել միջնորդությունը, քանի որ Գրիգորյանի վիճակը օր-օրի վատանում է։

Դատարանը որոշեց ամբողջությամբ մերժել միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG