Մատչելիության հղումներ

«Ուզում եք ճգնաժամ անվանեք, խոց անվանեք, բայց ՍԴ-ում այսօր խնդիր կա». Ջհանգիրյան

ՍԴ ներկայիս անդամները չեն կարող դատավորի գործառույթ իրականացնել, որովհետև Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով դատավոր չեն ընտրվել, ասաց իրավագետը։

Ըստ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանի, Սահմանադրական դատարանում (ՍԴ) այսօր իսկապես խնդիր կա, ինչպես հայտարարում է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։

«Խնդիրը կա։ Ցավոք, մեր իրավաբանների զգալի մասը նաև ասում է՝ ճգնաժամ չի։ Ես չգիտեմ՝ չգնաժամը պոզով-պոչով է լինում, ինչով է լինում, բայց Սահմանադրական դատարանն այսօր ունի 7 անդամ և երկու դատավոր, որոշումներ կայացնելու լիազորություններ ունեն միայն դատավորները։ Հիմա ոնց ուզում եք անվանեք՝ ուզում եք խնդիր անվանեք, ճգնաժամ անվանեք, խոց անվանեք, բայց փաստը մնում է փաստ, որ էդ վիճակը կա», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ջհանգիրյանը։

Հարցին, թե Դատավորների ժողովն իրավունք ունի՞ պահանջելու ունենալ երեք դատավոր, Ջհանգիրյանը պատասխանեց. - «Պահանջելու կարիք չկա, որևէ մեկից չպետք է պահանջեն, նրանց էդ իրավունքը տալիս է Սահմանադրությունը։ Ես կարծում եմ, որ նրանց հավաքվելիք ժողովում էդ հարցը կքննարկվի և թեկնածուներ կառաջադրեն։ Որևէ մեկից չպետք է պահանջել էդ իրավունքը, էդ իրավունքը նրանց տալիս է մեր Սահմանադրությունը, լավ է, վատ է, քոռ է, քաչալ է, տալիս է, պետք է դրանով էլ ղեկավարվել»։

Ջհանգիրյանն ընդգծեց՝ ՍԴ ներկայիս անդամները չեն կարող դատավորի գործառույթ իրականացնել, որովհետև Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով դատավոր չեն ընտրվել։

«Գուցե իմաստ ունի Սահմանադրական դատարանի մասին օրենքում լրացում կատարել, նշել էն գործառույթները, որոնցով պետք է զբաղվեն Սահմանադրական դատարանի էս անդամները, որոնք հրաժարական չեն տալիս մինչև թոշակի իրենց տարիքը հասնելը, բայց նրանք չեն կարող դատավորի գործառույթ իրականացնել, որովհետև Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով դատավոր չեն ընտրվել», - ասաց նախկին զինդատախազը։

Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովում երդվելիս հայտարարեց ՍԴ-ում ճգնաժամի մասին, որը պայմանավորված է Սահմանադրական դատարանի գործող կազմով։

Որոշումները, ըստ Սահմանադրության, ընդունում են դատավորները՝ որոշ դեպքերում հինգ, որոշ դեպքերում՝ վեց դատավորի քվեով: Մինչդեռ 9 հոգանոց ՍԴ-ի կազմից 7-ը անդամի կարգավիճակ ունեն, ուստիև որոշում կայացնելու լիազորություն չունեն։

Վահե Գրիգորյանը նամակով դիմեց Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին և ելքեր առաջարկեց․ համատեղ որոշմամբ պահպանվում է ներկա իրավիճակը, կամ 7 թափուր հաստիքների համար նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում: Իսկ երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկեց Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականի մասին՝ առաջարկելով, որ այդ դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործի։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG