Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ


Դատարանն այսօր ամբողջությամբ մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունները:

Բաղդասարյանը միջնորդել էր վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, իսկ եթե դատարանը վճռի, որ կալանքի հիմքեր կան, ապա կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ մինչև 10 մլն դրամի չափով:

Փաստաբանը թվարկեց Գրիգորյանի բազմաթիվ հիվանդությունները: Ասաց, որ անձին կալանքի տակ պահելը խոշտանգում է, և որ մեկ տարվա ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է։

Խոսելով դատարանի որոշման մասին՝ փաստաբանը հայտարարեց, թե Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգում է կիրառվում. - «Արդեն բարձրաձայնում է պաշտպանական կողմը հաշվեհարդարի հետ կապված: Եթե նախկինում դրսի բժիշկներն էին բարձրաձայնում, որ հիվանդության վատթարացում է գնում, կյանքին վտանգ է սպառնում, բայց տեղացի բժշկական կենտրոնները արձանագրում էին, որ քաղաքացիական հիվանդանոցում հնարավոր է կոնպենսացնել անձի այդ հիվանդությունները, այժմ վերջիններս բարձրաձայնում են հիվանդության վատթարացման հետ կապված: Դա նշանակում է, որ նման պայմաններում անձին պահելը կալանքի տակ ուղղակի դասական խոշտանգում է: Միանշանակ դա կբարձրաձայնվի և կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունավում էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Ինչպես նախորդ նիստին, այսօր ևս Գրիգորյանին դատարան բերեցին շտապօգնության մեքենայով, դահլիճ բերվեց անվասայլակով։ Դատարանում էին բժիշկներ, որոնք պարբերաբար անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում։

Այսօր նաև Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակվեց միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց մեղադրող դատախազներ Վահե Դոլմազյանի և Հայկ Պետրոսյանի միջնորդությունը։ Դեռ հունիսի 18-ի նիստին մեղադրող դատախազները միջնորդություն էին ներկայացրել Մանվել Գրիգորյանին երկրորդ անգամ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության ենթարկելու համար։ Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նշել էր՝ փորձաքննությունը բխում է նաև Գրիգորյանի շահերից։

Փորձաքննության կատարումը դատարանը հանձնարարեց Առողջապահության նախարարության համապատասխան մարմնին:

Փորձագիտական հանձնաժողովին առաջադրվել են մի շարք հարցեր. - «Ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը: Այդ հիվանդությունները կամ դրանցից որևէ մեկը ծանրության աստիճանով համապատասխանո՞ւմ է արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թվի 825-Ն որոշման երկրորդ հավելվածով նախատեսված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններին: Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները՝ դրանց պատշաճ հսկողությունը հնարավո՞ր է իրականացնել քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում, թե՞ ոչ»:

62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG