Մատչելիության հղումներ

Վահե Գրիգորյանը ՍԴ-ում ստեղծված իրավիճակի լուծման երեք տարբերակ է տեսնում. Արարատ Միրզոյան


Սահմանադրական դատարանի (ՍԴ) ճգնաժամից դուրս գալու ճանապարհներ է առաջարկում նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը: Առաջարկները ծավալուն նամակով նախօրեին ուղարկել է հանրապետության նախագահին, կառավարությանը, Ազգային ժողովին և Դատավորների ընդհանուր ժողովին: Նամակները կհասցեագրվեն բոլոր պատգամավորներին և կսկսվեն քննարկումներ, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը։

«Ես ողջունում եմ նախ, որ բոլոր մարմիններին է ուղարկել և լայն քննարկման է հրավիրել, որովհետև էսպիսի ճգնաժամերից ժողովուրդները և երկրները դուրս են գալիս լայն քննրակումների և համախոհության որքան հնարավոր է լայն կոնսենսուսի ճանապարհով», - նշեց Միրզոյանը։

Վահե Գրիգորյանը բարձր դատարանի ճգնաժամի մասին բարձրաձայնեց հունիսի 20-ին՝ Ազգային ժողովում երդվելիս: Հիմնավորեց, թե ինքը ՍԴ-ում երկրորդ ընտրված դատավորն է, մյուսներն, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, անդամի կարգավիճակում են: 2018-ին փոխված Սահմանադրական օրենքի համաձայն, ՍԴ որոշումներն ընդունում են դատավորները, առնվազն հինգ դատավորի քվեով, մինչդեռ ՍԴ կազմից յոթը անդամի կարգավիճակ ունեն, իսկ անդամները նման լիազորություն չունեն: Վահե Գրիգորյանն այդ օրը հայտարարեց, թե ՍԴ է գնում նախագահի լիազորություններով: Զուգահեռ պաշտոնավարում է Հրայր Թովմասյանը: Մեկ շաբաթ է՝ իրավաբաններն ու քաղաքական գործիչները քննարկում են ստեղծված իրավիճակի ելքը: Վահե Գրիգորյանը երեք տարբերակ է ներկայացրել:

«Փաստարկելով և հիմնավորելով ճգնաժամի գոյությունը, եթե մի քիչ պայմանական ասեմ, Վահե Գրիգորյանը, ըստ էության, երեք լուծման տարբերակ է տեսնում, սկսած առկա իրավիճակի ամրագրումից՝ որպես նորմալ, մինչև փոփոխությունների էս կամ էն չափ։ Երեք տարբերակն էլ չեմ ներկայացնելու։ Ես չեմ կարող ասել ինչ է լինելու դատավորը, ինչ է լինելու անդամը, ես կարող եմ ասել, որ արձանագրենք, որ կա անորոշություն։ Կարծում եմ՝ ստեղ բոլորը համամիտ են՝ անորոշություն կա, և մենք կարիք ունենք ինչպես լայն հասարակության շրջանում, այնպես էլ դատարանի կազմությանը մասնակցող մարմինների շրջանակներում՝ դատավորների ընդհանուր ժողովն է, կառավարությունն է, Ազգային ժողովն է և նախագահը, այս մարմինների և այդ մարմինների ներկայացուցչների շրջանում լայն քննարկում ծավալվեց, որպեսզի հասկանանք՝ մեր երկիրը էս ճգնաժամից ոնց է դուրս գալու», - ընդգծեց ԱԺ նախագահը։

Արարատ Միրզոյանը լուծումները մանրամասն չներկայացրեց, նամակի բովանդակությունը որևէ կառույց դեռ չի հրապարակել: Դատավորի թեկնածու առաջադրում են նախագահը, կառավարությունը և Դատավորների ընդհանուր ժողովը, այժմ կառավարության հերթն է: Հնարավո՞ր է տարբերակներից մեկն էլ դատավորի թափուր պաշտոններում թեկնածուների առաջադրումն է, հետաքրքրվեցինք ԱԺ նախագահից: Հատկապես, որ հիմնավորում են, թե 7 դատավորի պաշտոնը թափուր է:

«Այդքան էլ ողջունելի ճանապարհ չի՝ կառավարությունը երեք դատավորի թեկնածու առաջադրի, հինգ դատավոր ունենանք, ասենք՝ վերջ, բավական է։ Չէ, ես խոսում եմ լայն կոնսենսուսի ճանապարհով ճգնաժամի հաղթահարման մասին, կարծում եմ, որ ձեր առաջարկած տարբերակը մի քիչ ավելի ուժային և լայն ընդունելություն չի կարող գտնել։ Ես էդ տարբերակին կողմնակից չեմ», - պատասխանեց Միրզոյանը։

Այս նամակից մեկ օրինակ էլ ուղարկվել է Սահմանադրական դատարանի անդամներին: Արձագանքը չուշացավ:

Սահմանադրական դատարանի անդմաների անունից մի քանի ժամ առաջ հայտարարություն տարածվեց՝ այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի դրանց չեն արձագանքում:

«Արված իրավական հարցադրումների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ մասնավոր կարծիքները, Սահմանադրության յուրօրինակ մեկնաբանությունները Սահմանադրական դատարանի համար, բնականաբար, որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող: Հաշվի առնելով, որ արված իրավական հարցադրումները Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա, մենք զերծ ենք մնում այդ հարցադրումների վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց: Սահմանադրական դատարանը աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով», - նշված է հայտարարությունում։

«Այս հանգուցալուծման մեջ մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, այդ թվում, ես նույնիսկ կասեի առաջին հերթին՝ Հրայր Թովմասյանը», - ընդգծեց ԱԺ նախագահը։

Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ Արարատ Միզրոյանը ակնկալում է լսել նաև Հրայր Թովմասյանի խոսքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG