Նրա խոսքով, Սահմանադրական դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը․ - «Սահմանադրական դատարանի սահմանադրական քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, իսկ Սահմանադրության 166-րդ և 170-րդ հոդվածների պահանջով, Սահմանադրական դատարանը կազմված է բացառապես դատավորներից, և որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները: Մինչդեռ Սահմանադրական դատարանը անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է Սահմանադրական դատարանի անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով: Ես բոլոր այս հարցերը քննարկման առարկա եմ դարձնելու իմ գործընկերների հետ, և ես հուսով եմ, որ մենք տալու ենք սրանց պատասխանը: Սահմանադրական մարմինները կարող են շեղվել իրենց սահմանադրականության ուղեծրից, բայց դրանք խնդիրներ են, խնդիրները լուծումներ ունենում են: Երբ խնդիրներ ունենում է Սահմանադրական դատարանը, այն էլ՝ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ է: Բայց դա չի նշանակում, որ ճգնաժամները լուծումներ չեն ունենում: Մուտք գործելիս, որպես այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը բացակայում է այս օրերին, ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ, կամ նրանց համախոհությամբ, կամ, համաձայնության բացակայության դեպքում, ընդունելի ձևաչափով կտեղեկացնեմ նաև հանրությանը»:
Ինչպե՞ս է ստացվում, որ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը Հրայր Թովմասյանի պաշտոնավարմանը զուգահեռ ստանձնում է նախագահի լիազորություններն ու պարտականությունները: Վահե Գրիգորանի հայտարարություններից հետո շատերը պահանջում են այս հարցի պատասխանը:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Հակոբյանը հրաժարվեց այս հարցին պատասխանել:
Նույն հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց․ - «Չեմ կարծում, որ Վահե Գրիգորյանը համոզելու խնդիր ունի Հրայր Թովմասյանին: Ուղղակի իմ մոտեցումը այն է, որ Հրայր Թովմասյանը, լսելով Վահե Գրիգորյանի ելույթը, պիտի վաղը առավոտյան աշխատանքի չգնա, որովհետև ինքը հասկացավ, որ ինքը այլևս Սահմանադրական դատարանի նախագահ չէ: Սահմանադրական դատարանը Սահմանադրությունն ընդունվելու վեր նկատի է ունեցել, որ մնացած դատարանի անդամները պետք ա վերընտրվեն այն կարգով, ինչ կարգով Սահմանադրության մեջ գրված ա: Հակառակ դեպքում անցումային դրույթների մեջ պետք է ամրագրված ըլներ, որ անդամները իրենց պաշտոնը պահպանում են և հետայսու համարվելու են դատարանի դատավորներ»:
Վահե Գրիգորյանի հայտարարությունը անսպասելի էր նաև ընդդիմադիրների համար: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոստացավ հստակ դիրքորոշումը հայտնել միայն նորընտիր դատավորի հիմնավորումներն ուսումնասիրելուց հետո․ - «Սահմանադրական դատարանի անդամները և դատավորները՝ յուրաքանչյուրն իր ընտրված ժամկետով պաշտոնավարում է: Դա գրված է Սահմանադրության մեջ, և դա որևէ կերպ չի փոխվել, հետադարձ ուժով էլ չէր կարող վատթարացնող նորմ ընդունվեր: Հետևաբար էդ փաստարկը այնքան էլ տեղին չէ: Այսինքն էդ որոշումները, որ ընդունել են, որոշում չե՞ն: Եթե չեն, բա ինչի՞ ենք էդ օրենքը փոխել դրա հիման վրա»:
Փաստաբան Վահե Գրիգորյանին հունիսի 18-ին խորհրդարանը ընտրեց 99 կողմ, 22 դեմ ձայներով: Նա մինչ այդ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն էր: Բարձր դատարանում առկա սահմանադրականության ճեղքերն արդեն նրա ուշադրության կենտրոնում են:
Ազգային ժողովի բարձր ամբիոնից նախ խոստացավ դահլիճում թողնել քաղաքական հայացքներն ու ազատ քաղաքացու կարգավիճակում նախկին կապվածությունները: Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելով՝ գործելու է անկախ, ի շահ հայ ժողովրդի սահմանադիր կամքի, երդվեց Վահե Գրիգորյանը․ - «Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»: