Մատչելիության հղումներ

Շիրակցի ձկնորսները բողոքում են՝ ջրամբարներում տեղ չկա, որպեսզի ձկնորսությամբ զբաղվեն ու օրվա հացը վաստակեն


Գյումրիի Վարդանանց հրապարակում հավաքված շիրակցի ձկնորսներն այսօր բողոքում էին, թե գումար են ծախսել լիցենզիայի համար, սակայն ջրամբարներում տեղ չկա, որ ձկնորսությամբ զբաղվեն ու օրվա հացը վաստակեն:

Ախուրյանի ջրամաբարը սահմանապահ ուղեկալի տարածքում է և ռուս սահմանապահները անցագրով են թողնում, որ տարածք մտնեն: Անցագիրը տվել են, բայց ձկնորսներին հատկացված տարածքն է շատ փոքր:

«Տեղը կա Ախուրյանի ջրամբարում, ասենք, ռուսների զինվոները վերցրել, չեն թողնում։ Էդ 500 մետր տարածքը դուք ունեք, մենք էլ Հայաստանի Հանրապետության 7000 քաղաքացի ունենք լիցենզիա, մենք հարկ ենք վճարում, լիցենզիան փողով առել ենք։ Հիմա այդտեղ տեղ չկա, 500 մետրի վրա հնարավո՞ր է ձկնորսություն անել։ Միակ ջրամբարը Ախուրյանի ջրամբարն է, ուրիշ տեղ չկա», - ասաց ձկնորսներից մեկը։

Հայաստանում ձուկ որսալու տեղ չգտնելով՝ հարևան Վրաստան են գնում: Օրերս ձկնորսները մաքսատանը խնդրի են բախվել, թե, ըստ օրենքի, 5 կգ-ից ավելի չեն կարող առանց մաքսազերծման անցկացնել: Օրենքը 2015 թվականից է գործում, բայց ասում են՝ չգիտես ինչու նոր որոշեցին կիրառել: Ձկնորսների մի մասի համար այն հոբբի է, շատերի համար էլ տուն պահելու միջոց:

«Էդիկ համ հաճույք է, համ էլ, ասենք թե, մի 10 կիլո ձուկ եմ բռնել, բերում երկու հատը էրեխանց հետ կուտեմ, էն ութ կիլոն կծախեմ էրեխանց հացի հարա կենեմ», - նշեց հավաքվածներից մեկը։

Շիրակի որսորդմիության նախագահ Հովհաննես Խնուսյանը փաստաթուղթ է ցույց տալիս, թե չի կարող մաքսազերծման համար պահանջվող գումարը 100 անգամ ավելին լինի նույն ձկան արժեքից:

«Սա Հայաստանի Հանրապետության կենսավճարն է, կենսառեսուրսների վճարն է։ Կարասի մեկ կիլոգրամը արժե 24 դրամ, այսինքն մաքսայինը 24 դրամի դիմաց հազարապատիկ ավել փող կուզեն մաքսազերծման համար», - ասաց Խնուսյանը։

Հավաքվածների մի խումբը մարզպետի հետ հանդիպման գնաց ու դիմումով հետ վերադարձավ։ Ձկնորսներն իրենց ստորագրություններով դիմումը կուղարկեն կառավարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG