Մատչելիության հղումներ

«Սաստեքս»-ի դռները անցած շաբաթվանից փակ են աշխատակիցների առաջ


«Սաստեքս»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում, արխիվ
«Սաստեքս»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում, արխիվ

Ցածր աշխատավարձերից ու աշխատանքային անմարդկային պայմաններից բողոքող «Սաստեքս» տեքստիլ ընկերության աշխատակիցների առջև գործարանի դուռը անցած շաբաթվանից չի բացվել:

Նրանք ամեն օր 8:30-ին հավաքվում են գործարանի բակում ու պատասխան ակնկալում գործարար Քրիստիան Գելեջիից, թե ինչո՞ւ են հարկադիր պարապուրդի մատնվել: Արդեն մի քանի օր է նրանք ձեռնունայն հեռանում են։ Ըստ աշխատակիցների տեղեկությունների՝ Գելեջին Հայաստանում չէ:

«Գործատուն արտասահմանում է գտնվում՝ պատվիրատուների հետ հանդիպման։ Հավանաբար այս ամբողջ աղմուկը անհանգստություն է առաջացրել նաև պատվիրատուների մոտ, որոնք կարող է հրաժարվեն։ Էս անորոշությունը մեզ տանջում է, գալիս ենք որևէ բան իմանալու, բայց պատկան մարմիններից ոչ մեկը չկա, որ մեզ ասի։ Բոլոր դեպքերում ավելի ճիշտ կլիներ, ու մենք կհանդիպեինք պարոն Քրիստիանի հետ, ըմբռնումով կմոտենայինք էն ամեն խնդիրներին, որ առաջացել է, կհասկանայինք, կսպասեինք, մինչև կտեսնեինք ինչ է լինելու։ Ստեղ գտնվող, չգիտեմ տնօրինություն ասեմ, ղեկավարներ ասեմ, թե ինչ՝ սխալ, թյուր ինֆորմացիա տալու արդյունքում էս բողոքի ակցիան տեղի ունեցավ», - նշեց աշխատողներից մեկը։

Աշխատանքային կոմբինեզոններ կարող ավելի քան 100 կանանց գործարանի ղեկավարությունը տեղեկացրել էր, թե նրանց հետ հինգշաբթի նոր պայմանագրեր են կնքվելու, որտեղ սահմանվելու է գործավարձային աշխատավարձ: Այսինքն՝ աշխատավարձը կսահմանվի կարած կոմբինեզոնների հաշվարկով: Ովքեր չեն համաձայնի նոր պայմանագրին, գործազուրկ կդառնան:

Աշխատակիցների բողոքի պատճառը նախկինում կնքված պայմանագրերում աշխատավարձի՝ նրանց համար անհասկանալի բանաձևն էր, որի հետևանքով մայիսին շատերը նույնիսկ նվազագույն՝ օրենքով սահմանված 55 հազար դրամը չէին ստացել: Կանայք նաև պնդում են, թե աշխատում են անմարդկային պայմաններում՝ աշխատելով թունավոր նյութերով ներծծված կտորներով ու չօդափոխվող տարածքում, ինչի հետևանքով գրեթե ամեն օր մեկը ուշաթափվում է:

Թե երբ կկնքվեն նոր պայմանագրերը, ոչ ոք չի կարող ստույգ ասել: «Սաստեքս»-ի աշխատակիցները զգուշացնում են՝ եթե պետք է նվազագույն աշխատավարձից ցածր գումար ստանան գործավարձի արդյունքում, ապա չեն պատրաստվում այդ պայմաններում աշխատել:

«Եթե անցած ամսվա աշխատանքով, կոնկրետ ինձ համար, իմ նվիրված աշխատանքով, ես պիտի ստանամ նորից այդ չնչին գումարը, ավելի լավ է չաշխատեմ», - ասաց մեկ այլ աշխատակից։

«Սաստեքս»-ի աշխատակիցների հարցը հասել է Ազգային ժողով, խնդրով զբաղվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանը: Օրեր առաջ էլ մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ որոշվեց խումբ ստեղծել՝ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, աշխատանքի տեսչության և հենց աշխատակիցների ներգրավմամբ, որպեսզի հնարավոր լինի պաշտպանել աշխատողների շահերը:

Քրիստիան Գելեջիի հետ այս ընթացքում կապ հաստատել չի հաջողվել, նա հեռախոսազանգերին չի պատասխանում: Ի դեպ, նա կարի արտադրամաս ունի նաև Ամասիայում, որ մի քանի տարի առաջ է բացվել: Այստեղ ևս պարբերաբար աշխատակիցները դժգոհում են ցածր աշխատավարձից: Որոշ աշխատողներ նույնիսկ պնդում են՝ եղել են ամիսներ, որ 5-10 կամ 15 հազար դրամ աշխատավարձ են ստացել:

Իսկ ահա «Սաստեքս»-ը բացվել էր անցած դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը: Բացմանը մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ օրը Գելեջին դժգոհել էր, թե Հայաստանում ոչինչ չի փոխվել, ինքը դեռ պայքարում է բիզնես անելու համար: Դիմելով Փաշինյանին՝ ասել էր, որ հաջորդ գործարանը բացելու է Սպիտակում, ու խնդրել օգնել տարածքի հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG