Մատչելիության հղումներ

Փաշինյանը պարզաբանել է, թե ովքեր են դավադիր ուժերը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան փակագծեր բացեց՝ պարզաբանելով, թե ովքեր են այն դավադիր ուժերը, որոնք, ինչպես ինքն էր հայտարարել, փորձում են պատերազմ հրահրել, հողեր հանձնել և տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնել իր իշխանության վրա:

Փաշինյանն, ըստ էության, սլաքներն ուղղեց դեպի Լեռնային Ղարաբաղի գործող իշխանություններն՝ ասելով, որ թեև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հետ հանդիպման ժամանակ հավանություն է տալիս ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականին, սակայն, հետո փորձում են իրեն մեղադրել հողեր հանձնելու մեջ:

«Դա աննախադեպ երևույթ է եղել, երբ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձա՞յն են, թե՞՝ համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում, ինքը գիտի 100 տոկոսով, թե ինչ է կատարվում, ընդ որում, երբ որ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերն, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել», - ասաց Փաշինյանը։

Ի դեպ, վարչապետը շեշտեց՝ ինքն է Ղարաբաղի իշխանություններին փոխանցել բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթղեր, մինչդեռ նախկին իշխանությունը, կամ, ինչպես Փաշինյանը ձևակերպեց, Բակո Սահակյանի «պարի ընկերը», Ղարաբաղի ղեկավարությանն անգամ հարկ չի համարել տեղյակ պահել, թե ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում։

Հիշեցնենք՝ վերջերս տեսանյութ էր տարածվել, որտեղ մայիսին Արցախ կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը պարում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Ղարաբաղի քաղաքական վերնախավի հետ։

«Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, նրանք տեղյակ չեն եղել ինչ է բանակցվել ինձանից առաջ, հինգ անգամ հարցրել եմ՝ «դուք տեղյա՞կ եք՝ ի՞նչ է բանակցվել, պայմանավորվել», իրենք տեղյակ չեն եղել, և իրենք դրանից հետո գնում են իրենց օգնականների, սոցիալական ցանցերի... նույնիսկ անձամբ գրում են՝ «էս ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը», հարց է ծագում՝ ինչի՞ համար են դա անում», - ասաց Փաշինյանը։

«Ազատության» հարցին, թե Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության հետ այս հարցը քննարկե՞լ է և իր ձևակերպմամբ՝ «դավադիր ուժերի» վտանգը վերացա՞ծ է, Փաշինյանը պատասխանեց․ - «Դա աշխատանքային հարց է, եկեք ես այդ թեմային չանդրադառնամ։ Վտանգները կառավարվում են և արմատախիլ կարվեն»:

Ի դեպ, հիշեցնենք, վերջերս իշխանական «Իմ քայլը» խմբակցության հրավերով Հայաստանի խորհրդարան էր այցելել Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։ «Ազատության» հարցին ի պատասխան՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ դավադիր ուժերի մասին հայտարարությանը, Սահակյանն ասել էր, թե տեղյակ չէ նման ուժերի կամ գործիչների գոյության մասին, բայց, եթե այդպիսիք կան, ապա նրանց պետք է բացահայտել:

«Ես չունեմ այդպիսի տեղեկություններ, որ կան այդպիսի ուժեր և կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստում են այդպիսի դավաճանական գործողություններ», - ասաց Սահակյանը։

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի այս դիտարկմանն այսօր շատ կարճ արձագանքեց՝ շատ լավ:

Պաշտոնական Ստեփանակերտից Հայաստանի վարչապետի հայտարարության վերաբերյալ արձագանք ստանալ չհաջողվեց, սակայն «Արցախ պրեսին» տված հարցազրույցում Բակո Սահակյանը, մասնավորապես, ասել է․ ֊ «Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երևույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարևոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, և բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG