«Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության անհնարինություն է ստեղծվում», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց 2008-ի մարտի 1-ի տուժածների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու ինքնաբացարկին և դրա հիմքերին:
«Առնվազն այդ դատավորներից 7-8-ը առնչվել են Մարտի 1-ի գործերի լսումների հետ: Դա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանում ստեղծվել ա էդ գործը լսելու անհնարինություն: Սա էլ, իհարկե, նոր ձև է գործերը ձախողելու: Եվ գիտեք սարսափելին որն է․ որ ինչ էլ անեն, Քոչարյանին ձեռնտու է: Ամբողջ նպատակը, իմ կարծիքով, էս գործը քնացնել, ձգձգել, քաշքշուկ սարքելն է, չթողնել, որ պրոցես սկսվի: Որովհետև էն պրոցեսը, որ պիտի սկսվի, այնտեղ դիմանալու խնդիր ունեն բոլորով»:
Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործերի քննության ընթացքում Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու ինքնաբացարկը չորրորդն էր: Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ինքնաբացարկի որոշման տեքստը դեռ չեն ստացել, բայց ընդհանուր առմամբ ունեն ընկալում, որ դատավորները խուսափում են այս գործի քննությունից:
«Խնդիրը հետևյալն է․ կան չփարատված մտահոգություններ դատավարական գործընթացների մասին ընդհանուր առմամբ՝ սկսած ձայնագրություններից, ավարտած մնացած ակցիաներով կառավարության կողմից, որը մեզ անհանգստացնում է: Անկախ առանձին մի որոշման մեզ համար դրական կամ բացասական լինելու հանգամանքից՝ մենք տեսնում ենք դատարանների մոտ խուսափողականության էլեմենտ, երբ որ իրար վրա դատավորները ինքնաբացարկ են հայտնում: Դա չի վերաբերվում ամեն մի կոնկրետ դատավորին: Սա շատ կարևոր ա: Որպեսզի առանձին դատավորի մոտ խուսափողականություն գնահատենք, պետք ա որոշումը գնահատենք ու տեսնենք՝ հիմքեր կա՞ն, թե՞ չկան: Բայց մենք տեսնում ենք ընդհանուր առմամբ էն ինքնաբացարկների քանակը, որ կա այս գործով, աննախադեպ է: Եթե դատարանները ինչ-ինչ պատճառներով պարբերաբար հրաժարվում են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, դա արդեն խնդիր է առաջացնում»:
Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ բողոքի քննության ընթացքում դատավոր Ռշտունուն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ Քոչարյանի գործով նախկինում հայտնած դիրքորոշման և Մարտի 1-ի գործին առնչվող մեկ այլ՝ նախկինում այս գործը քննող քննչական խմբի ղեկավար, այժմ գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի կալանքի գործով ինքնաբացարկ հայտնելու պատճառով:
Չնայած կողմերից ոչ մեկը չբարձրաձայնեց այն հարցը, որ մամուլի հրապարակումների համաձայն հենց Վերաքննիչի երեք դատավորներ Վազգեն Ռշտունին, Մխիթար Պապոյան և Արշակ Վարդանյանը միասին են գրել առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին որոշումը, դատավորն ինքն անդրադաձավ այդ հարցին թե՛ քննության ընթացքում, թե՛ ինքնաբացարկի որոշման հրապարակման ժամանակ:
Դատավոր Վազգեն Ռշտունին այդ հրապարակման վերաբեյալ դատավոր Մխիթար Պապոյանի հանցագործության վերաբերյալ ներկայացրած հաղորդումը ևս ինքնաբացարկ ներկայացնելու հիմք նշեց:
Գործով քննիչ Հրաչ Մուրադյանը Ազատության հարցին ի պատասխան կարծիք հայտնեց, որ մյուս երկու դատավորների կողմից Քոչարյանի գործի քննությունը ևս վիճելի կլինի․ - «Վերաքննիչ դատարանի քրեական պալատի նախագահի նախագահությամբ Վազգեն Ռշտունին որոշում կայացրեց, որտեղ հղում կատարեց նաև Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա հետագայում հարուցվելիք նյութերի ընթացքի մասին, որով պետք է հիմնավորվի կամ հերքվի իրենց առնչությունը: Էդ ընթացքում, իմ կարծիքով, արդեն իսկ դատավորը պատասխանել ա էդ հարցին»:
Վերաքննիչ քրեական դատարանում Ռշտունու ինքնաբացարկից հետո գործը պետք է մակագրվի մեկ այլ դատավորի, ում անունը դեռ հայտնի չէ: