ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հայտարարել է՝ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք առաջադրելը «տարբերակ չէր»: ԱՄՆ ընտրություններին ռուսական միջամտության մասին երկու տարի տևած հետաքննության ավարտից հետո Մյուլլերն այսօր առաջին անգամ է խոսել:
Նա ասել է, որ եթե իրեն Կոնգրես հրավիրեն, իր զեկույցում ներառված տեղեկություններից բացի հավելյալ ոչինչ չի կարող ասել: Զեկույցը հրապարակվել էր անցած ամիս:
Մյուլլերն այս հայտարարությունն արել է Կոնգրեսի դեմոկրատների կողմից հատուկ դատախազի ուսումնասիրությունների, ինչպես նաև Թրամփի ֆինանսական գործարքների մասին ընթացող հետաքննությունների ֆոնին: Դեմոկրատները նաև շարունակաբար կոչ են անում Թրամփի իմփիչմենթի գործընթաց սկսել:
Մյուլլերը այսօր հայտարարել է՝ իր հիմնական եզրակացությունն այն է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրություններին:
«Եղել են բազմակի, համակարգված գործողություններ՝ միջամտելու մեր ընտրություններին»,- ասել է ԱՄՆ հատուկ դատախազը:
Մյուլերի զեկույցում անդրադարձ կար նաև այն հարցին, թե արդյոք Թրամփը կամ մյուսները փորձել են ազդեցություն գործել հատուկ դատախազի վրա, ինչը ըստ էության հանցագործություն է:
Մյուլերը կրկնել է, որ ԱՄՆ գործող նախագահի դեմ հնարավոր չէ մեղադրանք ներկայացնել՝ համաձայն արդարադատության նախարարության ուղեցույցների:
«Թրամփին մեղադրանք ներկայացնելը մեր տարբերակների մեջ չի եղել»,- ասել է նա:
Բայց Մյուլլերը նաև կրկնել է իր զեկույցի երկրորդ ամենակարևոր բացահայտումը՝ եթե ինքն ու իր հետաքննողները վստահ լինեին, որ Թրամփը ոչ մի հանցանք չի գործել, ապա անպայման այդ մասին կնշեին իրենց զեկույցում:
Թրամփի քննադատները զեկույցի հենց այս հատվածը վկայակոչելով՝ պնդում են, որ ԱՄՆ նախագահին իմփիթմենթի ենթարկելու լսումներ պետք է սկսվեն: