«Վարչապետի կոչը ես ընկալեցի որպես հանուն դատական իշխանության գործողություն», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Հայկ Հովհաննիսյանը։
«Ես վարչապետի կոչին դրական եմ վերաբերվում այն առումով, որ ընդհակառակը՝ ես կարծում եմ, որ գործադիրը զբաղված էր շատ կարևոր հարցերով, բայց դատական իշխանության կայացումը ամենակարևոր խնդիրների երկյակում է կամ առաջին եռյակում, և ես էդ կոչը տեսա որպես հնարավորություն ինչ-որ բան փոխել դեպի լավը միասին։ Ես չընկալեցի դա որպես դատական իշխանության դեմ ուղղված գործողություն, այլ ես դա ընկալեցի որպես հանուն դատական իշխանության գործողություն և ասեցի այն, ինչ որ մտածում եմ», - նշեց Հովհաննիսյանը:
Մայիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցությունում հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Ըստ նրա, առաջինը՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն այսպես կոչված վեթինգի:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում իր հնարավոր թեկնածության մասով Հովհաննիսյանը նշեց. «Չեմ կարծում»։
«Տեսեք, նախագահի պաշտոնը որոշ չափով նաև լուրջ վարչական ֆունկցիաներ է իր մեջ պարունակում, իսկ նախևառաջ կարծում եմ՝ դրա սահմանադրական և օրենսդրական հիմքը չկա, որովհետև, իմ կարծիքով, ներկայումս պետք է նախագահ ընտրվի դատավոր անդամներից, և երկրորդը՝ ես մասնագետ եմ, որը որոշակի ոլորտների շուրջ աշխատում է, որպեսզի բարելավի դատական իշխանությունը, իսկ էդ լրացուցիչ վարչական ֆունկցիա է», - ընդգծեց նա։
Օգտատերերի հարցին՝ ե՞րբ է ինքը՝ Հայկ Հովհաննիսյանը, հրաժարական տալու, և ընդհանրապես ԲԴԽ կազմը ե՞րբ է հրաժարական տալու, պատասխանեց. «Ես կարծում եմ, որ էդ հարցը հիմնված է քիչ տեղեկության վրա, որ մեր օգտատերերը ունեն, այսինքն՝ ինչ կլինի, երբ որ ԲԴԽ բոլոր անդամները, կամ նույնիսկ, եթե հիմա մենք ութն ենք մնացել, երեքը հրաժարական տան և մնա հինգ հոգի: Եթե մեր օգտատերերը իմանան, թե դրա հետևանքները որն է, հնարավոր է, որ նրանք տենց արագ հրաժարականներ չպահանջեն»։
Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին՝ Հովհաննիսյանը նշեց՝ չի կարծում, որ Հարությունյանը վեթինգով անցնել-չանցնելու խնդիր ուներ։
«Հաշվի առնելով Գագիկ Հարությունյանի բազմամյա փորձը և աշխատանքային ուղին, վստահ եմ, որ նա հաշվում է ամեն ինչ՝ և՛ ներկան, և՛ ապագան, և՛ անցյալը, և կարծում եմ՝ էդ տեսակի մտավարժանքերը իր կերպարի համար մի քիչ պրիմիտիվ են», - ընդգծեց ԲԴԽ անդամը։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․