Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթում է Լը Պենի կուսակցությունը


Ֆրանսիա - Մարին Լը Պենը ելույթ է ունենում ընտրությունների առաջին արդյունքների հրապարակումից հետո, Փարիզ, 26-ը մայիսի, 2019թ․
Ֆրանսիա - Մարին Լը Պենը ելույթ է ունենում ընտրությունների առաջին արդյունքների հրապարակումից հետո, Փարիզ, 26-ը մայիսի, 2019թ․

Կիրակի օրը Եվրամիության երկրներում Եվրախորհրդարանի ընտրությունների վերջին օրն էր:

Ֆրանսիայում, էքզիթ փոլի տվյալներով, հաղթել է Մարին Լը Պենի ղեկավարած «Ազգային միասնություն» կուսակցությունը, որը ստացել է քվեների շուրջ 24 տոկոսը՝ 2 տոկոսով ավելի, քան նախագահ Էմանյուել Մակրոնի «Առա՛ջ Հանրապետություն» կուսակցությունը: Երրորդ հորիզոնականում կանաչներն են:

Ավելի վաղ Լը Պենը հայտարարել էր, որ այս ընտրությունը գործող նախագահի վստահության հանրաքվեն է: Երեկ գիշեր՝ էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո, Լը Պենը հայտարարել է, թե Մակրոնը պետք է լուծարի Ֆրանսիայի խորհրդարանը:

«Նախագահը պետք է հետևություններ անի և, իմ կարծիքով, առնվազն լուծարի խորհրդարանը, որպեսզի ընտրությունների համակարգը ավելի ժողովրդավարական լինի, և խորհրդարանը վերջապես ներկայացնի երկրի իրական կարծիքը», - հայտարարել է Մարին Լը Պենը:

Ի դեպ, Լը Պենի ղեկավարած կուսակցությունը նաև անցած անգամ՝ 2014 թվականին էր հաղթել Եվրախորհրդարանի ընտրություններում, բայց այն ժամանակ Մակրոնի ղեկավարած խմբակցությունը դեռ չկար:

2017 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը հաղթել էր Լը Պենին՝ հավաքելով 66 տոկոսից ավելի ձայն:

Մարին Լը Պենը հայտնի է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակից:

Եվրոպացիները երեկ ընտրում էին Ստրասբուրգում տեղակայված 751-տեղանոց Եվրախորհրդարանի պատգամավորներին:

Գերմանիայում անցկացված ընտրություններում, ինչպես և ակնկալվում էր, հաղթել է կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը՝ հավաքելով 28 տոկոսից ավելի ձայն, ինչը, սակայն, այս կուսակցության ամենավատ ցուցանիշն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG