Մատչելիության հղումներ

Նուլանդին թույլ չեն տվել այցելել Ռուսաստան


ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Վիկտորիա Նուլանդ, արխիվ
ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Վիկտորիա Նուլանդ, արխիվ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Վիկտորիա Նուլանդին հրաժարվել են տրամադրել Ռուսաստանի մուտքի վիզա: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Նուլանդը ռուսական «սև ցուցակում» է, որը կազմվել էր ի պատասխան Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների: Այս մասին, հղում անելով Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը, հայտնել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ այդ մասին գրել էր «Կոմերսանտ»-ը: Թերթի տվյալներով՝ Նուլանդը պետք է մասնակցեր Միջազգային հարցերով ռուսական և գերմանական խորհուրդների կազմակերպած փակ կոնֆերանսին, որն անցել է Մոսկվայում երկու օր առաջ: «Նուլանդը կոնֆերանսին պետք է մասնակցեր ամերիկյան պատվիրակության կազմում, սակայն երբ մենք զանգահարեցինք արտգործնախարարություն, մեզ ասացին, որ Նուլանդին պետք է ասել, որ չգնի տոմսեր, քանի որ նրան, ամենայն հավանականությամբ, վիզա չեն տրամադրի», - պարբերականին պատմել էր Միջազգային հարցերով ռուսական խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտնովը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը ռուսական «սև ցուցակը», որը կազմել էր ամերիկյան պատժամիջոցներին ի պատասխան, չի հրապարակել: Հաճախ ցուցակում հայտնված մարդիկ այդ մասին տեղեկանում են այն ժամանակ, երբ դիմում են Ռուսաստանի դեսպանություն՝ վիզա ստանալու համար: Մասնավորապես, 2016 թվականին ռուսական կողմը հրաժարվել էր վիզա տրամադրել Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ ՄըքՖոլին:

Վիկտորիա Նուլանդը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականն էր 2013-16 թվականներին: Նա, մասնավորապես, ամերիկյան կողմի բանագնացն էր Ուկրաինայի հարցերով և բանակցում էր Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ:

Ռուսական ինտերնետում Նուլանդը հայտնի է որպես ամերիկյան պաշտոնյա, ով 2013 թվականին թխվածքաբլիթ էր բաժանում Կիևի Մայդանում Վիկտոր Յանուկովիչի դեմ հանրահավաքների ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG