Մատչելիության հղումներ

Ստորագրահավաքը անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ․ Մակունցը՝ ընդդիմադիրների հրավիրած արտահերթ նիստի մասին


«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հավաքել է Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանի շենքերը շրջափակելու և դատաիրավական համակարգի բարեփոխումների հեռանկարի վերաբերյալ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ ստորագրությունները: Խմբակցության 18 պատգամավորներին միացել են նաև 18 ԲՀԿ-ականեր:

Իշխող մեծամասնության պատգամավորներից ոչ մեկը ստորագրահավաքին չի միացել:

«Լուսավոր Հայաստանը» չունի «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ այն ձևակերպումներով, որոնք առաջարկել է: Այս մասին այսօր հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նա չի հստակեցնում՝ նիստը գումարելու դեպքում իշխող մեծամասնությունը քվորում կապահովի, թե ոչ: - «Արտահերթ նիստ հրավիրելու մասին որոշումը խորհուրդն է որոշում, և հետևաբար՝ ստորագրահավաքը անհրաժեշտ պահանջ է, բայց բավարար չէ»:

Ազգային ժողովի խորհրդի կազմում ընդգրկված են ԱԺ նախագահը, փոխնախագահները, հանձնաժողովի նախագահները, հետևաբար խորհրդում ևս մեծամասնություն է իշխող դաշինքը և վերջնական որոշումը պետք է կայացվի հենց խորհրդում:

«Իմ քայլը» ավելի վաղ հայտարարել էր՝ իրենք համաձայն չեն առաջարկում տեղ գտած ձևակերպման հետ, այն է՝ «քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանում ստեղծված իրադրությունը»:

Թե ինչու այս ձևակերպումը իշխող մեծամասնությանը դուր չի եկել, խմբակցության, ղեկավարը դարձյալ չպարզաբանեց․ - «Ինչ վերաբերում է հայտարարությանը արդյոք մենք միանալու ենք, թե չենք միանալու, երեկ պարոն Գորգիսյանի հետ և այսօր էլ պարոն Մարուքյանին ես տեղեկացրել եմ, որ այն ձևակերպումներով, որոնք ներկայացվում են, մենք չեն միանալու արտահերթ նիստ հրավիրելու առաջարկին: Մենք կողմնակից ենք, որ դատաիրավական բարեփոխումների մասին լայնածավալ քննարկումներ լինեն և ընդ որում, եթե օրինակ, հիպոթետիկ ընդունենք, որ կարող է արտահերթ նիստ հրավիրվել, դա չի կարող լինել երկուշաբթիից շուտ: Ուրբաթ օրը մենք արդեն ունենք անցումային արդարադատության մասին լայնածավալ քննարկումներ, լսումներ, որի շրջանակում կարող են այդ բոլոր հարցերը քննարկվել»:

Երեկ արձագանքելով Փաշինյանի կոչին՝ քաղաքացիները արգելափակել էին դատարանների մուտքերը և ելքերը։ Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ և ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը չի ցանկանում կանխատեսել՝ մեծամասնությունը կապահովի քվորում, թե ոչ , բայց իր և գործընկերների համար առնվազն անհասկանալի է, թե վարչապետի հորդորով քաղաքացիների կողմից դատարանների շենքերը շրջափակել ձևակերպումը ինչու ընդունելի չէ իշխող մեծամասնության համար:

«Ինձ համար տարօրինակ է, որ իշխող մեծամասնությունը գնում կանգնում է դատարանների ելքերի և մուտքերի մոտ, բայց չի ուզում արտահերթ նիստ գումարել կամ հետաձգում է կարևորագույն այս հարցը, ինչպիսին է օրինակ այդ գործողությունները կամ դատական համակարգի բարեփոխումները», - նշեց Սամսոնյանը:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը լրագրողներին փոխանցեց, որ ԼՀԿ֊ի առաջարկին հայտարարության նախագիծ կցված չի եղել: Լրացված ու ամբողջական փաթեթը ստանալուց հետո նոր միայն կկայացվի նիստ գումարելու վերաբերյալ որոշում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ անհրաժեշտ փաստաթղթերը լրացվել և ուղարկվել են հանձնաժողով և սպասում են ԱԺ խորհրդի որոշմանը նիստի օրվա հետ կապված: Պատգամավորը իրենց ընտրած ձևակերպումը ավելի քան չեզոք է որակում և չի ցանկանում գնահատական տալ իշխանության՝ ստորագրահավաքին չմիանալու գործողությանը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստնայանը «Ազատությանը» փոխանցեց, որ փաստաթղթերը ուսումնասիրվում են և որոշում կայացնելուց հետո այդ մասին հայտարարություն կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG