Մատչելիության հղումներ

ՔՈ կուսակցության անդամ․ Վարչապետի մեկնաբանությունից կարելի էր ենթադրել, որ դա սիմվոլիկ ակցիա էր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցիները արգելափակել են Սահմանադրական դատարանի մուտքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցիները արգելափակել են Սահմանադրական դատարանի մուտքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական համակարգում լուրջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Արցախի հետ կապված ազգային անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու վերաբերյալ այսօրվա ելույթին արձագանքել են նաև արտախորհդարանական ուժերը:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ նախանշված նպատակները զգալի չափով համընկնում են իրենց օրակարգին, ուստի ողջունելի են: Կուսակցությունում սակայն կարծում են գործընթացը նախ հարկավոր է սկսել նախորդ ռեժիմի գործունեության իրավաքաղաքական գնահատականից:

Կուսակցության անդամ Արթուր Մովսիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Սա ուշացած քայլ էր, բայց անհրաժեշտ քայլ էր: Փաշինյանը էս իրա կոչով, ուղերձով որևէ սահմանադրական կետ չի խախտում: Փաշինյանը խնդրել ա ժողովրդի աջակցությունը, իսկ բոլորս գիտենք, որ իշխանությունը պատկանում ա ժողովրդին, և ժողովուրդը կենդանի սահմանադրություն ա»:

Հարցին, թե ինչ դերակատարություն ունեցավ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը, որ ներկայացրել էին Արցախի գործող և երկրորդ նախագահը, Մովսիսյանը պատասխանեց․ - «Գոյություն ունի Արցախ, գոյություն ունի Հայաստան և գոյություն ունի ղարաբաղյան կլան․ էս երեքը չի կարելի խառնել»:

«Քաղաքացու որոշում» արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունում ողջունում են դատական համակարգը առողջացնելու գործադիր և օրենսդիր մարմինների քաղաքական կամքը և պատրաստ են այդ օրակարգը կյանքի կոչելու համար բոլոր շահագրգիռ կողմերի հետ մեկտեղել ջանքերը:

Կուսացության անդամ Միքայել Նահապետյանը «Ազատության» հետ զրույցում վերահաստատեց՝ ՀՀ-ում դատաիրավական խորքային բարեփոխման կարիք ունի․ - «Քաղաքական կամքը էդպիսի բարեփոխումներ իրականցնելու համարում ենք դրական: Առավել մանրամասների՝ մեխանիզմների և միջոցների հետ կապված պատրաստ ենք մեկտեղել մեր ջանքերը, որովհետև մենք նույնպես այդ ոլորտում բավական լուրջ փորձագիտական ռեսուրս ունենք»:

Անդրադառնալով այսօր առավոտյան դատարանների մուտքը արգելափակելում՝ Նահապետյանն ասաց․ - «Վարչապետի մեկնաբանությունից կարելի էր ենթադրել, որ դա սիմվոլիկ ակցիա էր: Ընդհանուր առմամբ մենք ունենք մեր պատկերացումները քաղաքացիական անհնազանդության նպատակի, նշանակության հետ կապված, և կարող եմ արձանագրել, որ առավոտյան տեղի ունեցած գործողությունները մեր պատկերացումների շրջանակից դուրս էին այն առումով, որ վարչապետը և նրա գլխավորած քաղաքական թիմը առանց այդ էլ տիրապետում են իրավական բոլոր մեխանիզմներին ռեֆորմներ անելու համար, ուստի անհնազանդության գործիքները այդ առումով հույժ անհրաժեշտություն չեն»:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը դատապարտում է աննախադեպ ճնշումը դատական համակարգի վրա, իսկ ՀՅԴ-ն վարչապետի կոչը համարում է «Հայաստանում սահմանադրական կարգի դեմ կատարված քայլ»: Այս մասին վերջիններս հայտարարել էին երեկ վարչապետի ֆեյսբուքյան հեռարձրակումից հետո:

Դաշնակցութունը հայտարարել է նաև, որ մայիսի 23-ին ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG