Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարճ զրուցել են


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցում է «Ազատության» հետ, Բրյուսել, 13-ը մայիսի, 2019թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցում է «Ազատության» հետ, Բրյուսել, 13-ը մայիսի, 2019թ.

Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումներին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրուցել են ընթացիկ իրավիճակի շուրջ։

Հայաստանի վարչապետը «Ազատության»-ը փոխանցեց, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ դեռ չեն հստակեցրել հաջորդ բանակցությունների օրն ու վայրը։

«Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը», - նշեց Հայաստանի վարչապետը։

«Ազատության» հարցին՝ նորից հանդիպելու ծրագրեր կա՞ն, Հայաստանի վարչապետը պատասխանեց. - «Դեռ պլաններ չկան, բայց վստահ եմ` որ բանակցությունները շարունակվելու են: Շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարևոր է: Առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում»։

Փաշինյանն ու Ալիևը Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցում էին Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրված ճաշին` Արևելյան գործընկերության 10-ամյակի առթիվ:

Այստեղ էին նաև Ուկրաինայի գործող նախագահը, Մոլդովայի և Վրաստանի վարչապետերը: Դոնալդ Տուսկը ասաց, որ այս վեց երկրները եվրոպական ընտանիքի անդամներ են: Նա հիշեցրեց, որ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ստորագրել են ասոցացման համաձայնագիրը, ինչի արդյունքում ազատ վիզային ռեժիմ ունեն Շենգենյան գոտու պետությունների հետ:

Այլ հանդիպումներ, միջոցառումներ Փաշինյանի բրյուսելյան այցի օրակարգում չկային, վարչապետը այստեղից մեկնեց Պեկին: Սա, որպես Հայաստանի ղեկավար, Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Չինաստան։

Վարչապետը հանդիպելու է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, վարչապետ Լի Քեցյանի հետ, ելույթ է ունենալու Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է կինը` Աննա Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG