«Մեր գլխավոր մտահոգություններից մեկը վարչապետի կադրային քաղաքականությունն է», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Սամսոնյանի համոզմամբ, կան կադրեր, «որոնք մսխում են հեղափոխության արժեքները»։
«Օրինակ ՊՎԾ պետի պաշտոնակատարը, երբ խոսում է իր եկամուտների մասին և ասում է, որ «էթիկայի մեջ չեմ համարում բարձրաձայնել», ու հետո փորձում է մի քանի տարբերակներ ներկայացնել, թե որտեղից այդ եկամուտները, սա ես խնդիր եմ համարում։ Ընդհանրապես կոմպետենտության առումով մենք բազմիցս խոսել ենք, որ այն պաշտոնյաներն, ովքեր ղեկավարում են Ֆինանսների նախարարությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, այդ մարդիկ չեն կարող, օրինակ, իրականացնել տնտեսական հեղափոխություն, որովհետև իրենք ունեն նախկին համակարգի տեսլականն, իրենց ամբողջ տեսլականը կազմված է ընդամենը 5 տոկոս ՀՆԱ-ի աճի վրա և, ըստ այդմ, իրենք չեն կարող ավելի համարձակ առաջարկներ ներկայացնել։ Հիշում եք՝ Ֆինանսների նախարար պարոն Ջանջուղազյանի պաշտոնանկությունը ևս պահանջեցինք», - ասաց Սամսոնյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանությունների վարած կադրային քաղաքականությունից բողոքում է նաև հանրությունը։
«Կադրային քաղաքականությունից բողոքում է ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև հանրությունը, հատկապես քաղաքացիները, երբ նրանք շփվում են գործադիրի հետ», - ասաց Սամսոնյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ իրեն դուր չի գալիս Կառավարության դանդաղկոտությունը, մեծամտությունը։
«Ինձ դուր չի գալիս Կառավարության դանդաղկոտությունը, ինձ դուր չի գալիս Կառավարության անդամների մեծամտությունը, այն պահով, երբ մենք բարձրացնում ենք որոշակի հարցեր կամ խնդիրներ ենք առաջ քաշում, նրանք փորձում են տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ գիտեն և նրանց ասել պետք չէ։ Ես կարծում եմ, որ սա պարտվողի քաղաքականություն է, և Կառավարությունը հիմա այն վիճակում չէ և չունի այն կադրային բազան, այն կարողությունը, ռեսուրսները, որպեսզի լավագույն առաջարկներն էլ, լավագույն մտքերն էլ արհամարհի, այս առումով իրենք շատ անելիք ունեն», - ասաց Սամսոնյանը՝ շարունակելով. - «Ես պետք է ասեմ, որ Կառավարության անդամների և մեր խորհրդարանական գործընկերների՝ «Իմ քայլը» գործընկերների մոտ միացված է արդարացման ռեժիմը՝ ավտոմատ։ Այսինքն՝ ցանկացած հարց, որ մենք բարձրացնում ենք, նրանք միանգամից փորձում են արդարանալ, և դա տեղի ունեցավ նաև Կառավարության կառուցվածքի քննարկումների ժամանակ, ինչը նրանց, այսպես ասած, հաղթողի դերում չդրեց, բայց նաև չթողեց, որպեսզի նրանք կարողանան լսել, թե մենք ինչ ենք ասում և մենք ինչ ենք ուզում»։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․