Մատչելիության հղումներ

Երևանում անցկացվեց «Անմահ գունդ» խորագրով քայլերթը


Նախագահ Արմեն Սարգսյանը քայլերթի մասնակիցների շարքում:
Նախագահ Արմեն Սարգսյանը քայլերթի մասնակիցների շարքում:

«Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, եռատոնի խորհուրդը և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով այսօր Երևանում անցկացրեց «Անմահ գունդ» խորագրով քայլերթ, որին մասնակցում էին Հայաստանի նախագահը, Ազգային ժողովի փոխնախագահն ու պատգամավորներ, Երևանի քաղաքապետը:

Քայլերթի մասնակիցներն իրենց ձեռքում պարզել էին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:

Նախագահը Արմեն Սարգսյանի ձեռքում աշխարհահռչակ հետախույզ Գևորգ Վարդանյանի լուսակնկարն էր․ - «Գևորգ Վարդանյանը իմ երկար տարիների և շատ լավ բարեկամն է եղել: Փայլուն անձնավորություն էր, հսկայական տաղանդով լեցուն մարդ, որ եթե գիտնական դառնար, կլիներ մեծ ակադեմիկոս, եթե բիզնեսմեն՝ միլիարդատեր: Բայց որոշեց հայրենիքին ծառայել»:

Քաղաքապետ Հայկ Մարությանի ձեռքին իր պապի լուսանկարն էր․ - «Տրամադրությունը, բնականաբար, տոնական է՝ շատ ուրախ և հաղթական, պինդ: Նկարի վրա պատկերված է իմ պապիկը, որը 1941 թվականին գնացել է պատերազմ և 45 թվականի ամռանը, փառք Աստծո, վերադարձել է տուն: Ես հպարտ եմ իմ պապիկով, ես հպարտ եմ բոլոր մեր հայազգի հերոսներով, որոնք շատ մեծ ներդրում ունեն Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի մեջ»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հաղթական այս տրամադրությունների համատեքստում լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձավ վերջին շրջանում հաճախ շրջանառվող հողերի հանձման խոսակցություններին․ - «Էդ ո՞վ ա հողերը հանձնելու թեմայով․․․ Ռոբերտ Քոչարյա՞նն ա տենց բաներ խոսում, թե՞ Սերժ Սարգսյանն ա տենց բաներ խոսում․․․ Հայաստանի Հանրապետությունում ու այստեղ կանգնած մարդկանց մեջ տենց մարդ չկա, որ հող հանձնելու մասին նույնիսկ խոսում ա: Ու խնդրում եմ դուք նույնիսկ էդ արտահայտությունը բարձրաձայն չանեք այլևս: Թող գնան, իրանք իրանց մասին էն, ինչ որ մարդիկ խոսում են և ինչ որ իրանք փորձել են անել, թող իրանք մնացածին չփորձեն վերագրել: Իրանք անցյալ են ու անցյալ էլ մնալու են՝ իրանց հողեր, Մեղրի և մնացած բաներ հանձնելու տրամաբանության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG