Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի ու Արմեն Գևորգյանի գործի քննությունը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Նա այն երեք դատավորներից մեկն է, ովքեր ավելի վաղ հրաժարվել էին քննել Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները:
Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Արման Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ գործի քննությունը պատահական բաշխման սկզբունքով է մակագրվել Գրիգորյանին:
Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը պատրաստվում է Բարձրագույն դատական խորհրդից (ԲԴԽ) գրավոր կարգով ճշտել, թե դատավորը ինչպես է ընտրվել:
«Այսինքն արդյո՞ք դա եղել է համակարգչային մակագրում և արդյո՞ք այդ համակարգչային մակագրմանը չի եղել կողմնակի միջամտություն։ Կալանավորման ամբողջ գործընթացում մակագրությունները եղել են դատարանի նախագահի կողմից զուտ կամայական սկզբունքով, ում ուզել՝ նրան էլ մակագրել է։ Ես նաև իրազեկված եմ, դա բոլորովին էլ գաղտնիք էլ չի, որ համակարգչային մակագրման գործընթացին էլ են լինում միջամտություններ։ Էդ պատահական բաշխումից առաջ կարողանում են դատավորների, սենց ասենք, անցանկալի դատավորների դաշտերը փակել և գործը գնա հենց այն դատավորին, ում միակ դաշտը մնացել է բաց», - ասաց Ալումյանը։
«Ազատության» հարցին՝ օրինակ, Դավիթ Գրիգորյանը ցանկալի՞ դատավոր է, պատասխանեց. - «Ես չգիտեմ, եթե ես իմանամ ոնց է գործը հայտնվել իր մոտ, դրանից հետո կկարողանամ եզրակացնել»։
Գործը նախ մակագրվել էր դատավոր Վարդան Գրիգորյանին, նա, սակայն, մի քանի օր անց ինքնաբացարկ հայտնեց․ դատական տեղեկատվական համակարգում տեղադրվել է դատավորի պարզաբանումը, թե ինչու հրաժարվեց Քոչարյանի գործը քննելուց։ Նա հայտնում է, որ այս գործն անջատվել է դեռևս 2008 թվականին հարուցված և Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից, իսկ այդ գործով նախաքննության ընթացքում, ինչպես նաև այդ գործից հետագայում անջատված մասերով նաև դատարաններում, իրականացրել է երկու մեղադրյալների շահերի պաշտպանությունը, բացի այդ աշխատել է 2005 - 2013 թվականներին փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի ենթակայությամբ, իսկ Սահակյանը այժմ Քոչարյանի պաշտպաններից մեկն է:
«Այդ հանգամանքները կարող են ողջամիտ կասկած հարուցել դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ», - հայտարարել է դատավոր Վարդան Գրիգորյանը:
Վարդան Գրիգորյանի և մյուս դատավորների ինքնաբացարկները պատահական չի համարում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը․ - «Ես հասկանում եմ այդ դատավորների վիճակը, ես հասկանում եմ այն մտքերը, որոնք իրենց տանջում են այս ընթացքում ու ես լրիվ հասկանում եմ իրենց վիճակը, իրենք պարտավոր չեն հերոս լինել»։
«Ազատություն» հարցին՝ այսինքն այս փուլում գործը քննելը հերոսությո՞ւն է, պատասխանեց. - «Ոչ, այս գործը օբյեկտիվ քննելը հերոսություն է։ Այն դատավորը, որը չի ուզում օրենքը կոպիտ խախտելով այսօրվա իշխանությունների պատվերը կատարի, ինքը հայտնվում է շատ պրոբլեմատիկ իրավիճակի մեջ»։
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը խնդիրը համարում է Բարձրագույն դատական խորհրդի տիրույթում լուծվող հարց։
«Ինքնաբացարկների հարցով կարծում եմ, որ արժի, որ զբաղվի Բարձրագույն դատական խորհուրդը՝ պարոն Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ և մեր Արդարադատության նախարարությունը, նախարար Արտակ Զեյնալյանի ակտիվ մասնակցությամբ, որովհետև վերջին հաշվով, իհարկե, պետությունը չի խառնվում, պարոն Փաշինյանը բազմիցս ասել է՝ դատաիրավական համակարգի գործընթացներին, բայց պետք է նաև տեսնենք, երբ են պատրաստ մեր դատաիրավական համակարգը ինքնառողջացման գործընթացները սկսելու։ Մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանում կոռուպցիա եթե եղել է, հայտարարվել է, նշանակում է այդ կոռուպցիան սպասարկվել է նաև դատաիրավական համակարգի կողմից և բազմաթիվ են փաստերը, որ այդ համակարգի թե՛ դատավորներ, թե՛ այլ պաշտոնյաներ լավ էլ ներքաշված են եղել կոռուպցիոն գործընթացների մեջ։ Բռնված դատավորներ կան, դատախազներ կան, քննիչներ կան, այնպես որ էնտեղ էլ պետք է գիտակցեն, որ պետք է իրենք, որպես մեր երկրի իշխանության դատական համակարգ, որպես այդպիսին, իրենք իրենցով պետք է առողջացման գործընթաց սկսեն, ոչ թե պետք է սպասեն, որ հեղափոխությունը պետք է մի հատ էլ զբաղվի իրենցով։ Տա Աստված, որ այդպիսի պրոբլեմ չառաջանա, բայց եթե հանկարծ նկատվի, որ դատաիրավական համակարգը դառնում է ինչ-որ անօրինական գործընթացների, քաղաքական գործընթացների սպասարկող, պետությունը ուզի, թե չուզի ստիպված պետք է նայի, թե էնտեղ ինչ է կատարվում», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Այսօր Քոչարյանի պաշտպանների դիմումի հիման վրա իր որոշումն է հրապարակել Սահմանադրական դատարանը, որոշումը հրապարակեց բարձր դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը. - «419-րդ հոդվածի երկրորդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ վճռաբեկ դատարանի կողմից գործն, ըստ էության, չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է»։
Սահմանադրական վեճի հիմնական առարկան Քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումներն են, որոնք վերաբերում են վճռաբեկ դատարանի՝ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը, ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար: Քոչարյանի պաշտպանները պնդում էին՝ վճռաբեկը չպետք վարույթ ընդուներ գլխավոր դատախազի բողոքը, որը վերաբերում էր Քոչարյանի երկրորդ անգամ կալանավորմանը, պարզաբանեց Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Ամփոփելով Սահմանադրական դատարանի նախագահի կողմից ներկայացվածը՝ հետևյալ երկու շեշտադրումն անեմ. առաջին՝ այո, վճռաբեկ դատարանը չէր կարող ուղարկել վերաքննիչ քրեական դատարան և երկրորդ՝ այն այլ կերպ է իրացվել երկրորդ նախագահի նկատմամբ, հետևաբար այն նոր հանգամանք է հանդիսանում և ենթակա է վերանայման։ Վճռաբեկ դատարանը ինքը պետք է կայացներ վերջնական դատական ակտ, բայց Ռոբերտ Քոչարյանի դեպքում վճռաբեկ դատարանը այն ուղարկեց վերաքննիչ քրեական դատարան նորից քննության», - նշեց Վարդևանյանը։
Հիշեցնենք, Քոչարյանը առաջին անգամ կալանավորվեց հուլիսին, այնուհետև օգոստոսին ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի որոշմամբ: Նոյեմբերին, սակայն, վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց: