Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամը ռիսկեր է տեսնում աղբահանության համար «ԿամԱԶ»-ներ գնելու գործարքում


Ռուսական արտադրության 5 «ԿամԱԶ» մակնիշի մեքենաները շուտով մայրաքաղաքում աղբահանության աշխատանքներ կիրականացվեն․ մեքենաները ձեռք է բերել քաղաքապետարանը:

«Մենք կկարողանանք որոշ ժամանակ սպասարկել այն բացթողումները, որոնք թույլ է տալիս «Սանիթեքը», այսինքն այն տեղերը, որտեղ չի հասցնում կապալառուն իրականացնել մաքրությունը, մենք կփորձենք այդ բացը լրացնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը:

Մեքենաները քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությանը չեն տրամադրվելու, հենց քաղաքապետարանն է իրականացնելու դրանց սպասարկումը: Երևանի ավագանին ապրիլի 23-ին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու մասին որոշում էր ընդունել: Հովհաննիսյանի խոսքով սա կարճաժամկետ լուծում է:

«Շուտով կգրանցվեն համայնքային հիմնարկի բալանսի վրա և արդեն պայմանագրեր կկնքվեն, վարորդները կհրավիրվեն աշխատանքի», - մանրամասնեց ավագանու անդամը:

«Սանիտեքը», որը Երևանում աղբահանության աշխատանքներն իրականացնող միակ ընկերությունն է, խախտումների և չկատարված աշխատանքների համար վերջերս կրկին տույժի էր ենթարկվել, այս անգամ 26 միլիոն դրամի: Երևանի աղբահանության օրեցօր սրվող հարցն անցած ամիս քննարկվել էր կառավարության նիստում, քաղաքապետարանն առաջարկել էր 15 նոր մեքենա ձեռք բերել, քանի որ «Սանիթեքի» մեքենաները տեխնիկապես վատ վիճակում են, կառավարությունն էլ որոշել էր թույլատրել ոչ մրցութային՝ մեկ անձից գնման կարգով ձեռք բերել դրանք:

«5-ն են լինելու մեծ մեքենաներ, 10-ը՝ փոքր: Մի քանի կազմակերպությունների հայտ են ուղարկել, որպեսզի հասկանան՝ ով կարող է ավելի մատչելի մատակարարել 7,8 խմ տարողությամբ մեքենաներ: Դրանք արդեն փոքր մեքենաներ են, որոնք կկարողանան բակերում կկատարեն այդ մաքրությունը», - նշեց Հայկ Հովհաննիսյանը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով, կառավարության որոշման համաձայն մեկ անձից գնման սկզբունքով մեքենաների ձեռք բերման մեջ ռիսկեր կան․ - «Հակամրցակցային համաձայնությունն ինքնին կոռուպցիայի տեսակ է: Նախատեսվում էր 15 մեքենա գնել, եթե պետք էր դա ողջամիտ ժամկետներում անել բա մյուս մեքենաների պայմանագրերն ու՞ր են, ոնց ստացվեց, որ միայն «ԿամԱԶ»-ն էր պատրաստ էդ ներկրումն իրականացնել»։

Հայկ Հովհաննիսյանն արձագանքում է՝ «ԿամԱԶ»-ը մատչելի առաջարկ է արել․ - «Փաստացի այնպես է ստացվել, որ այն հայտերը, որ ներկայացրել են դիլերները, ամենաէժան տարբերակը եղել է «ԿամԱԶ Արմենիայի» կողմից ներկայացված»։

Դավիթ Խաժակյանը հակադարձում է․ - «Ես բարձրաձայնում եմ էդ ողջամիտ կասկածը արդեն քանի ամիս և հստակ փաստարկում եմ: Որևէ մեկը պատասխան չի տալիս և բացատրում, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ»:

Նոր ձեռք բերված մեքենաներն այժմ գտնվում են «ԿամԱԶ Արմենիայի» կայանատեղիում: Այնտեղից «Ազատությանը» հայտնեցին, որ վերջին տեխնիկական ստուգումներն են անցկացնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG