Մատչելիության հղումներ

Նոր սերնդի Այֆոններում sim քարտը կարելի է դարձնել էլեկտրոնային


Հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում Հայաստան կժամանեն մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

Արդեն հայտնի է, որ համաժողովին կմասնակցեն Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և Acer-ի հիմնադիր ու նախագահ Սթեն Շին։

Տարեսկզբին Դավոսում վարչապետ Փաշինյանը հանդիպել էր Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքին և նրա ղեկավարած ընկերության ներկայացուցիչներին ևս հրավիրել մասնակցել այս համաժողովին:

Տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանն էլ Google-ի ներկայացուցչին էր անցած ամիս փոխանցել հայաստանյան կողմի հրավերը: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք այս երկու տեխնոլոգիական հսկաների ներկայացուցիչները կժամանեն Հայաստան։

Համաժողովի կազմակերպիչներից Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամ Հայկ Եսայանը հյուրերի մասին առայժմ շատ փակագծեր չի բացում:

Փոխարեն ներկայացնում է վերջին տեխնոլոգիական նորարարություններից մեկը՝ այսուհետ նոր սերնդի Այֆոններ ունեցողները հնարավորություն ունեն իրենց բջջայինի sim քարտը դարձնել էլեկտրոնային․ - «Այսինքն ֆիզիկապես sim քարտի կարիք այլևս գոյություն չունի: Առաջին ֆազայում, եթե չեմ սխալվում միայն Այֆոններն են տեխնիկապես պատրաստ»:

Հայաստանում գործող կապի օպերատորներից առայժմ միայն «Յուքոմ»-ի բաժանորդները կարող են օգտվել նոր տեխնոլոգիայից: Գնելով էլեկտրոնային sim քարտ՝ օգտատերը պարզապետ QR կոդը բջջայինի կարգավորումներով ակտիվացնելով միացնում է այն:

«QR կոդը միշտ ձեզ մոտ է: Եթե ինչ-որ խնդիր եք ունենում կամ կորցնում եք, նոր կոդ ենք ձեզ համար գեներացնում, որը նույնն ա, ինչ նոր sim քարտ վերցնեք և օգտագործեք», - պարզաբանեց Եսայանը:

Հայկ Եսայանը, ով նաև «Յուքոմ» ընկերության գործադիր տնօրենն է, կարծում է, որ մեկ-երկու տարվա ընթացքում տեխնոլոգիան կտարածվի, և ավելի ցածր գնային կատեգորիայի սմարթֆոնները նույնպես կաշխատեն էլեկտրոնային sim քարտերով․ - «Ընդհանուր առմամբ թրենդը կգնա այդ ուղղությամբ: Android-ն էդ հնարավորությունն ունի արդեն, Pixel հեռախոսներն ունեն, ուղղակի դեռ տեխնիկական խնդիրներ կան»։

Սպասվում է, որ այս տարվա ընթացքում esim քարտերով հեռախոսներ կթողարկեն առաջատար ընկերություններ Samsung-ն ու Huawei-ը: Իսկ չինական լոուքոստեր NUU mobile ընկերության X5 Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններն արդեն esim-ի հնարավորություն ունեն։

«Ոնց որ թղթային փոստից անցանք էլեկտրոնային փոստին, հիմա ֆիզիկական sim-ից անցնում ենք էլեկտրոնային sim-ի», - եզրափակեց Հայկ Եսայանը:

XS
SM
MD
LG