Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլի. «Ամերիկյան ռազմակայանների տեղակայումը Վրաստանում կարող է որպես սադրանք ընկալվել»


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին հայտնվել է աղմկալի սկանդալի կիզակետում:

Այս անգամ պատճառը Զուրաբիշվիլիի հարցազրույցն է «Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությանը, որում նախագահը դեմ է արտահայտվել երկրի տարածքում ամերիկյան ռազմակայանների հնարավոր տեղակայմանը:

«Պետք չէ այնպիսի քայլերի դիմել, որոնք կարող են որպես սադրանք ընկալվել: Բացի այդ, ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է այստեղ ռազմակայան տեղակայել: Այդ ռազմակայանը կարող է գրավել ոչ միայն Ռուսաստանի, այլև մեր տարածաշրջանում ակտիվորեն գործող ահաբեկչական շարժումների ուշադրությունը», - նշել էր Զուրաբիշվիլին:

Առաջինը երկրի նախագահի հայտարարություններից իրենց փորձեցին տարանջատել իշխող «Վրացական երազանքի» ղեկավարները, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ` նախագահական քարոզարշավի ընթացքում, հանուն Զուրաբիշվիլիի ընտրության կատաղի պայքար էին մղում:

«Տիկին Սալոմե Զուրաբիշվիլին մեր կուսակցության անդամ չէ և «Վրացական երազանքի» հետ որևէ առնչություն չունի: Մենք նրան պաշտպանել ենք որպես անկախ թեկնածուի: Նրա վերջին հայտարարություններին ես ծանոթ չեմ, այնուհանդերձ պետք է կրկնեմ, որ Վրաստանի ձգտումը դեպի ԵՄ և ՆԱՏՕ անփոփոխ է, իսկ Միացյալ Նահանգները մեր ռազմավարական գործընկերն է», - հայտարարել է իշխող կուսակցության ղեկավարներից մեկը` Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Վրացական ընդդիմությունը նախագահ Զուրաբիշվիլիի հասցեին անհամեմատ ավելի կոշտ գնահատականներ է հնչեցնում:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար Գիգա Բոկերիան, օրինակ, պնդում է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարման առաջին ամիսները աչքի են ընկել երկրի արտաքին քաղաքականությանը հասցված լուրջ վնասով․ - «Այդ մարդու՝ Վրաստանի նախագահի կարգավիճակը ինքնին երկրի ազգային շահերի դեմ ուղղված սադրանք է: Ստեղծված իրավիճակը նկարագրելու համար այլ բառեր ես պարզապես չեմ գտնում: Ցավոք սրտի, ամերիկյան կամ դաշնակից մեկ այլ պետության ռազմակայանի տեղակայման հարցը մեր երկրում օրակարգային չէ: Բայց մենք ձգտում ենք պաշտպանվել մեր գլխավոր սպառնալիքից` Ռուսաստանից: Ինչո՞ւ է Վչաստանի նախագահը դեմ արտահայտվում դրան: Կամ ինչո՞ւ պետք է ինքնիշխան պետության ղեկավարը դաշնակիցների զինված ուժերի տեղակայումը սադրանք որակի: Զուրաբիշվիլին լի է մեր երկրի համար վնասակար տեսակետներով ու գաղափարներով»:

Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ռոման Գոցիրիձեն ընդհանրապես նշում է, որ Վրաստանի նախագահը, խոսելով ամերիկյան ռազմակայանների հնարավոր տեղակայման մասին, գերազանցել է իր լիազորությունները․ - «Այդ ամենը հակասահմանադրական է: Երկրի նոր Սահմանադրության համաձայն, երկրի նախագահը նման պնդումներով հանդես գալու լիազորություն չունի, այդ ամենը վերապահված է վարչապետին»:

Թբիլիսցի որոշ սահմանադրագետներ ավելի հեռուն են գնում` պնդելով, որ Սալոմե Զուրաբիշվիլիի` «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցը կարող է ոչ միայն քաղաքական, այլև իրավական հետևանքներ ունենալ:

«Նախագահի իմպիչմենտի գործընթացը չի բացառվում, քանի որ, Սահմանադրության համաձայն, երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ նրա հայտարարությունները պետք է համաձայնեցված լինեն կառավարության հետ», - «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է սահմանադրագետ Կոտե Չոխորայան:

Նախագահի անձի շուրջ ծագած քաղաքական սկանդալի ֆոնին «Ռուսթավի 2» հեռոստաընկերությունն այսօր, հիմնվելով սեփական աղբյուրների վրա, տեղեկություն տարածեց, թե պաշտոնական Վաշինգտոնը չեղարկել է Վրաստանի նախագահի առաջիկա այցը Միացյալ Նահանգներ: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, սակայն, հերքում է այս տեղեկությունը:

«Լուրերը, թե վրացական կողմը նախագահի Միացյալ Նահանգներ այցի կազմակերպման ընթացքում իբր մերժում է ստացել, իրականությանը չեն համապատասխանում: Այցի շուրջ դիվանագիտական շփումները արդեն իսկ մեկնարկել են: Այցի ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է», - նշել են Վրաստանի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունում:

Իսկ Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Լաշա Ժվանիայի խոսքով՝ Զուրաբիշվիլիի ամերիկայն այցի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են ամիսներ առաջ:

«Մարտ ամսին, երբ մեկնարկեցին այցի կազմակերպման շուրջ բանակցությունները, որպես դրա ամենահավանական ժամկետ նշվում էին սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսները», - լրագրողների հետ զրույցում ասել է Ժվանիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG