Մատչելիության հղումներ

2008-ին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղ հավաքների ազատությունը խախտվել է. ՄԻԵԴ


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, 28-ը փետրվարի, 2008թ․
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, 28-ը փետրվարի, 2008թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով այսօր հրապարակած վճռով արձանագրել է, որ 2008 թվականի մարտյան հավաքի խաղաղ բնույթը հերքող որևէ ապացույց Հայաստանի կառավարությունը չի ներկայացրել:

Գործը Եվրոպական դատարանում ներկայացրած փաստաբան Վահե Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ Եվրադատարանը, հիմք ընդունելով «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով իր նախկին դիրքորոշումը, եզրահանգել է՝ խաղաղ հավաքի ցրումը հիմնավորված չի եղել, վկայակոչվել են կասկածելի հանգամանքներ, ուժային միջամտությունից առաջ նախապես զգուշացում չի եղել։ Արդյունքում, Եվրոպական դատարանի այսօր հրապարակված վճռի համաձայն՝ 2008-ին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղ հավաքների ազատությունը խախտվել է:

«Մարտի 1-ի վաղ առավոտյան նստացույցը, որը որպես խաղաղ հավաք է գնահատվում, ցրելը, նամանավանդ էնպիսի ուժային միջամտությամբ, ինչպիսին դրսևորվել է այդ օրն առավոտյան, լիովին հակասահմանադրական ու հակաօրինական է եղել», - ասաց Գրիգորյանը։

«Ազատության» հարցին՝ եթե հետագայում Ռոբերտ Քոչարյանի գործով ներպետական դատարանում քննվող՝ սահմանադրական կարգի տապալման գործը գնա ՄԻԵԴ, այս նախադեպերը հաշվի կառնվե՞ն՝ Տեր-Պետրոսյանի գործով, Սաղաթելյանի գործով, փաստաբանը պատասխանեց. «Սրանք կոնտեքստուալ ապացույցներ են, այո, սրանք կոնտեքստը հիմնավորող ապացույցներ են»։

Լևոն Տեր-Պետրոսյանի դեռ 2008 թվականի օգոստոսին ՄԻԵԴ ներկայացված դիմումը վերաբերում էր նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանն ու արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, ինչպես նաև Տեր-Պերոսյանի Ազատության հրապարակում ձերբակալությանը և ազատ տեղաշարժի սահմանափակմանը 2008-ի մարտի 1-20-ը ժամանակահատվածում:

Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Արամ Մանուկյանը ասում է՝ Եվրոպական դատարանի վճիռը այն մասին, որ ցույցերը խաղաղ բնույթ են կրել, ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրականությանը չեն համապատասխանում 2008 թվականի մարտյան դեպերի արդյունքում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա փաստաբանների այն պնդումները, թե ցուցարարների մոտ զենք է եղել։

«Մենք 10 տարի է ասում ենք, որ հիմնազուրկ են այդ հայտարարությունները։ Ռոբերտ Քոչարյանը ասում էր՝ «ավտոբուսի հետևից դուրս էին գալիս, ծիկրակում էին, կրակում էին, թաքնվում էին», բա էդ ինչի՞ որևէ գործ չեղավ զենքի առումով, որևէ խախտում չարձանագրվեց էդ 10 օրվա ընթացքում Ազատության հրապարակում, չկա որևէ բան։ Մեկին չեն մեղադրել Ազատության հրապարակում զենք ունենալու, զենք օգտագործելու, զենք կիրառելու համար, դա սուտ էր, ակնհայտ սուտ էր։ Իսկ ստերի շարքը դեռևս շատ է, և դրանք բոլորը կբացահայտվեն այս դատական գործընթացում», - ասաց Մանուկյանը։

ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում արդյունավետ պաշտպանության հնարավորություն չի ունեցել: Արամ Մանուկյանը հենց այս համատեքստում է դիտարկում նաև ազատ տեղաշարժի հարցը:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չնայած դիմողի տնային կալանքի մասին մտահոգիչ և արժանահավատ միջազգային զեկույցներին, այս հարցը ներպետական բողոքարկման առարկա չի դարձել, և Դատարանն իր տնօրինության տակ չի ունեցել բավարար ապացույցներ՝ հաստատապես համոզված լինելու համար, թե արդյո՞ք Պետական պահպանության ծառայությունը գերազանցել է իր պարտականությունները, և արդյո՞ք դիմողի անձնական ազատության և ազատ տեղաշարժի իրավունքները խախտվել են։

«Դա ուղիղ իմաստով տնային կալանք էր, և ինքը 20 օրվա այդ բանի ընթացքում եղել է տնային կալանքի մեջ», - նշեց Մանուկյանը։

«Ազատության» հարցին՝ այդ օրը, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանար դուրս գալ տնից, չէ՞ր կարող, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. «Իշխանությունները ակնհայտ ասեցին, որ իրենք չեն երաշխավորում Տեր-Պետրոսյանի անվտանգությունը, զրկում են պահակազորից, թիկնազորից և չեն երաշխավորում անվտանգությունը»։

Փաստաբան Վահե Գրիգորյանն ասում է՝ ազատ տեղաշարժի իրավունքի խախտման հարցով իրենք ժամանակին ներպետական դատարան դիմելը նպատակահարմար չեն համարել, քանի որ դատարանների հանդեպ վստահություն չեն ունեցել:

«Ժամանակին կառավարությունը ապացույցները գաղտնիացրել է, դրանք մինչև այսօր գաղտնի են։ Խոսքը վերաբերում է Պետական պահպանության ծառայության գոծողություններին, որոնց վերաբերյալ բոլոր թղթերը մինչև այսօր գաղտնի են։ Ես Մարտի 1-ի գործի շրջանակներում դիմել էի դրանք գաղտնազերծելու, առգրավելու, կցելու քրեական նյութերին, չգիտեմ ընթացքը ինչ է դրա», - ասաց Գրիգորյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանի՝ դեռ 2008 թվականի օգոստոսին ՄԻԵԴ ներկայացված դիմումը վերաբերում էր նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական ժամանակաշրջանին, և առաջին նախագահը հայցի մեջ փոխհատուցման պահանջ չի ներկայացրել:

Սա Մարտի 1-ի արյունալի իրադարձություններին վերաբերող արդեն 4-րդ վճիռն է, ավելի քան 20 գործով էլ վճիռներ դեռ սպասվում են: ՀԱԿ-ում այս վճիռները խիստ կարևոր են համարում Մարտի 1-ի գործի բացահայտման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG