Մատչելիության հղումներ

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է


Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, արխիվ
Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, արխիվ

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին:

Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են նախատեսված արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ողերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Մեզ հետևողականորեն զրկել են այն հողից, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել և զարգանում էր հայկական մշակույթը, հայկական ինքնությունը: Երկրի երեսից ջնջվել է հայկական ինքնությունը կազմող մշակութային ժառանգությունը՝ հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր: Ոչնչացվել են հայկական մշակույթի էության կրողները՝ նրա մտավորականությունն ու հոգևորականությունը: Դա հսկայական հարված էր ոչ միայն հայ ժողովրդին, նրա մշակույթին ու նրա մշակութաբանական տեսակին, այլ նաև մարդկային ողջ քաղաքակրթությանը: Անդառնալիորեն կորել է համաշխարհային մշակույթի մաս կազմող մի ուրույն և ինքնատիպ շերտ: Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությամբ անդառնալիորեն փոխվել է մի ողջ տարածաշրջանի մշակութային պատկերը։ Մի՞թե սա հանցագործություն չէր մարդկության դեմ», - ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ասված է Փաշինյանի ուղերձում։

Վարչապետը նշել է. - «Ոճրագործը ոչնչացրեց մեր պոետներին՝ նրանց, ովքեր կազմում էին մեր խիղճը, մեր ինքնության առանցքը։ Ուստի մեր շարունակական պայքարը մեր էության, մեր տեսակի պահպանության համար է։ Մոռանալով նրանց հիշատակը, մոռանալով նրանց մշակութային ժառանգությունը՝ մենք կդավաճանենք մեր էությանը։ Նրանց հիշատակը վառ պահելով, պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն։ Ուստի մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը:

«Այսօր համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրա ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

«Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է, իրենց պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված և հայրենի հողից տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցների ողբերգությունը վերստին հիշելու, մեր կորցրած հոգևոր, նյութական ու մշակութային արժեքների մասին հիշեցնելու, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության մասին աշխարհին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օրը», - նշել է Արմեն Սարգսյանը՝ շեշտելով․ - «Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է»:

«Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան և մյուս ողբերգությունները: Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր քայլ պետք է դառնա դրա կրկնությունը աշխարհում որևէ տեղ բացառելու նպատակով», - ասված է նախագահի ուղերձում: - «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, հոգևոր պետերին և քաղաքական առաջնորդներին, մշակութային, ակադեմիական և գիտական շրջանակների ներկայացուցիչներին, անհատներին, որոնք իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանությունը»:

«Այսօր գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ մենք վկայում ենք վերապրելու և մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը: Վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել մեր ազգային իղձերի շուրջ, հավատարիմ մնալ մեր ինքնությանն ու արժեքներին, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել դինամիկ զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտության առարկա կլինի աշխարհի բոլոր հայերի համար և ունակ՝ պաշտպանելու հայ ժողովրդի անանց իրավունքները», - շեշտել է Արմեն Սարգսյանը իր ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Աշխարհի մոտ երեք տասնյակ երկրներ՝ այդ թվում Ուրուգվայը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Արգենտինան, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը, ամերիկյան 50 նահանգներից 49-ը, տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG