Ադրբեջանում ազատազրկման դատապարտված լրագրող Աֆղան Մուխթարլիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, մասնավորապես սուր ցավեր ունի աչքերում, նա նաև ուռոլգիական բուժզննման կարիք ունի։ Այդ մասին ադրբեջանական «Թուրան» գործակալության փոխանցմամբ հայտնել է լրագրողի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան:
Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկը երբեք բուժստուգում չի իրականցրել, չնայած Մուխթարլին մի շարք հիվանդություններով է տառապում, այդ թվում՝ շաքարախտ և հիպերտոնիա:
«Եթե Աֆղանի հետ ինչ-որ բան պատահի, ապա ողջ պատասխանատվությունը կընկնի երկրի ղեկավարության վրա», - հայտարարել է լրագրողի կինը:
Հետաքննող լրագրողին 2017 թվականին Բաքվի հատուկ ծառայությունները, մինչ այժմ անհայտ հանգամանքներում առևանգել ու ադրբեջանական կալանավայր էին տեղափոխել:
2018 թվականի հունվարին ադրբեջանական դատարանը նրան վեց 6 տարվա ազատազրկման է դատապարտել՝ մեղավոր ճանաչելով սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգ ճանապարհով դրամական միջոցներ փոխադրելու և պաշտոնյաներին վիրավորելու համար:
Լրագրողը պնդում է, որ ինքը ճաղերի հետևում է հայտնվել երկրի իշխող վերնախավի արտասահմանյան ունեցվածքը բացահայտելու համար: