Մինչ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը բանտից Եվրոպայի խորհրդի և Եվրամիության ղեկավարներին կոչ է անում միանալ իրեն և Հայաստանի իշխանություններից պահանջել լիարժեք պահպանել մարդու իրավունքների միջազգային ստանդարտները՝ ներառյալ արդար դատավարությունը և պաշտպանությունը խտրականությունից, ԱԺ-ում ԵԽԽՎ-ից վերջերս վերադարձած պատգամավորները պնդում են, թե միջազգային կառույցում ոչ ոք չի բարձրաձայնել Քոչարյանի նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունների մասին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը վստահեցնում է, թե միջազգային գործընկերները համակարծիք են իրենց հետ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։
«Ես կարծում եմ, որ նախ վերջերս, քանի որ վերադարձել ենք հենց Ստրասբուրգից, պարոն Փաշինյանն էլ այնտեղ էր, եթե նման խնդիր լիներ, այդ հարցը կբարձրաձայնվեր: Պարոն Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը փորձում է հնարավորինս թափանցիկ ձևով անցկացնել բոլոր հնարավոր հետաքննությունները, և ես վստահ եմ, որ դա ևս կիրագործվի պարոն Քոչարյանի դեպքում։ Ընդհանուր առմամբ, պետք է նաև շեշտեմ, որ հենց վերջերս ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում` մոտ մի ամիս առաջ հրապարակված, հստակ նշված է, որ Հայաստանում որևէ քաղբանտարկյալ չկա, ուստի կարծում եմ նման փորձերը՝ որակել որպես քաղբանտարկյալ, դատապարտված են, ըստ էության, անհաջողության, որովհետև, ընդհանուր առմամբ, օրակարգում ընդհանրապես այս հարցը չի քննարկվում։ Եվրոպայում շատ ընկալմամբ են մոտենում այս փոփոխություններին, ողջունում են ժողովրդավարական բոլոր փոփոխությունները և նաև ունեն մեր խոսքը, որ ամեն ինչ կատարվում է օրենքի սահմաններում, և որևէ հետապնդում որևէ մեկի հանդեպ չի իրականացվում», - նշեց Հայրապետյանը։
Նման կարծիքի են ոչ միայն իշխող խմբակցությունում, այլև խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցությունների նախագահները:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անգամ հակված չէր խոսել այս թեմայով․ հարցը, ասում է, իրավական դաշտում է․ - «Որևէ կերպ Քոչարյանի մեկնաբանողը չեմ: Քոչարյանը ո՞վ է, որ ես Քոչարյանին մեկնաբանեմ։ Մարդ է, որը քրեական հետապնդման տակ է: Հայաստանի երկրորդ նախագահն է եղել, ուրիշ ոչ մի բան չկա, որ ես պետք է անպայման մեկնաբանեմ»:
«Ազատության» հարցին, որ երբ որ նա ԵԽԽՎ-ում էր, այնտեղ իրենից՝ որպես ընդդիմադիր պատգամավորից, որը կարող է այլընտրանքային կարծիք ներկայացնել, հետաքրքրվե՞լ են պարոն Քոչարյանը կարգավիճակով, Մարուքյանը պատասխանեց. - «Չեն հետաքրքրվել։ Նրանք ունեին հնարավորություն վարչապետին նման հարց տալու, ինչ-որ ակնարկ եղավ, եթե չեմ սխալվում, մի պատվիրակի կողմից, բայց ուղիղ էդպես հարց չեն տվել»։
Հարցին էլ՝ իսկ կասկածներ ունի՞, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է, ոչ թե իրավական դաշտում է այս խնդիրը, արձագանքեց. - «Որ կասկածներ ունենամ, դրա մասին կխոսեմ։ Հիմա ես չունեմ նման տվյալներ»։
Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ևս հարցը իրավական դաշտում են տեսնում: Գագիկ Ծառուկյանը նույնիսկ վրդովվեց․ իր սեփականությունը հանդիսացող բիզնեսներում անդադար ստուգումներ են, բայց ինքը երբեք քաղաքական հետապնդման մասին չի բարձրաձայնում․ - «Ես նորից եմ ասում՝ ամենակարևորը այդ հարցը տվեք իրավապահ մարմիններին՝ դատախազին, քննչականին, թող իրենք պատասխանեն։ Ինձ առավոտից իրիկուն ստուգում են, ամեն օր․․․ ես ասե՞լ եմ՝ դա քաղաքական է։ Հիմա ես սպասում եմ, վերջնական արդյունքը կլինի, նոր ես իմ խոսքը կասեմ», - ասաց Ծառուկյանը։
«Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը սպառնալիք օրենքի գերակայությանը» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է Euractiv.com կայքում, Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանը գրում է, որ շարունակում է ապօրինի կերպով կալանավորված մնալ, քանի որ Նիկոլ Փաշինյանի «անսահման պոպուլիզմը» քննադատող ընդդիմադիր քաղաքական գործիչ է: Ապա հիշեցնում է, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, իսկ հիմա նույն դեպքերի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունի ինքը:
Միջազգային կառույցներից գործը ուշադրության կենտրոնում պահելու Քոչարյանի կոչին առայժմ չեն արձագանքել:
Նախկին նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է, և, ըստ փաստաբանների, հավանական է` գործը դատարան ուղարկվի մայիսի կեսերին: