Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն խուզարկություն է կատարել Միհրան Պողոսյանի առանձնատանը


Միհրան Պողոսյան, արխիվ:
Միհրան Պողոսյան, արխիվ:

ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի առանձնատանը խուզարկություն կատարել է Հատուկ քննչական ծառայությունը, իսկ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ապահովել են խուզարկությունների բնականոն ընթացքը:

Պողոսյանի թե՛ առանձնատան, թե՛ գրասենյակների դռները խուզարկությունից հետո փակ էին, իսկ զանգերին ոչ ոք չէր պատասխանում:

Իրավապահները նրա առանձնատնից համակարգիչ, տրցակով թղթապանակներ են տարել: Այսօր ավելի վաղ Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացնում էր նախկին պաշտոնյայի տանն ու գրասենյակում անցկացվող խուզարկության մասին։ Հաղորդագրության մեջ ասված է․ - «Ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում»։

Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով:

Ըստ ՀՔԾ-ի, Պանամայի օֆշորային սկանդալային գործից հայտնի նախկին բարձրաստիճան պաշտոնյան 2011 թվականին օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայում հիմնադրել է երկու ընկերություններ, որոնց ղեկավարներ է նշանակել իր մտերիմ անձանց: Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն: Այնուհետև 2014-ին Պողոսյանը փաստացի իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթիի» կնքել է պայմանագիր, որի հիման վրա ընկերությունը ծառայություններ է մատուցել ԴԱՀԿ-ին: Արդյունքում բյուջեից հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից կազմակերպությանը վճարվել է ավելի քան 43 միլիոն դրամ:

ՀՔԾ-ն նաև հայտարարում է, որ Պողոսյանը իր վարորդին ու անվտանգության աշխատակցին ԴԱՀԿ-ում աշխատանքի է ընդունել, վերջիններս փաստացի չեն հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ են ստացել: Բացի այդ, Պողոսյանը ԴԱՀԿ-ի համար գնումներ է իրականացրել իր կողմից կառավարվող «Քեթրին գրուպից»:

Պողոսյանի օֆշորային գործունեության վերաբերյալ «Հետքի» ծավալուն հետաքննությունից հետո գործ էր հարցվել, սակայն այն կարճվել էր 2017-ին՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Այն ժամանակ Պողոսյանը իր մեղադրանքը թյուրիմացություն էր որակել, իսկ հետաքննության հեղինակ Էդիկ Բաղդասարյանը գործի կարճումը քաղաքական որոշում էր համարել․ - «Ակնհայտ էր, որ քննություն չէր տարվում: Իրենց չեն հետաքրքրել Պանամային փաստաթղթերը, որովհետև իրենց մոտ չկան էդ փաստաթղթերը: Իրենք չեն էլ փորձել դա ձեռք բերել: ՀՔԾ-ն ընդհանրապես քննություն չի կատարել: Քաղաքական որոշում չի եղել, որ Միհրան Պողոսյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի»:

Այս տարվա հունվարի 24-ին ՀՔԾ-ն վերսկսեց օֆշորի քրեական գործի վարույթը։ Միհրան Պողոսյանը հրավիրվեց հարցաքննության, որին չներկայացավ՝ արտերկրում լինելու պատճառաբանութկյամբ։ Արդեն ապրիլի 15-ին ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Պողոսյանն ներգրավվել է որպես մեղադրյալ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը և որոշում կայացրեց կալանավորել Պողոսյանին: Նա հետախուզման մեջ է, թեև տարածվել է նրա գրասենյակի հայտարարությունը, որ իր հասցեն հայտնի է իրավապահներին, այժմ ինքը Մոսկվայում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG