Մատչելիության հղումներ

Պողոսյանի վերաբերյալ քրգործի շրջանակում կատարվել են խուզարկություններ և առգրավումներ․ ՀՔԾ


Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչների և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների կողմից կատարվել են խուզարկություններ և առգրավումներ։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ՀՔԾ-ից:

Մանրամասներ, թե որտեղ են կատարվել խուզարկությունները և ինչ է առգրավվել, ՀՔԾ-ն չի հայտնում։

ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին վերսկսեց օֆշորի քրեական գործի վարույթը։ Միհրան Պողոսյանը հրավիրվեց ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չներկայացավ՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Սակայն ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության։

Ապրիլի 15-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանն օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրեց Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG