Ոստիկանությունն այս կարգավիճակում թերևս ամենաճիշտն է, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն՝ անդրադառնալով Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նախարարություններ դարձնելու ընդդիմության պնդումներին։
«Ազատության» հետ զրույցում Սաֆարյանն ընդգծեց՝ Հայաստանը «հազիվ ազատվել է սուպերնախարարություններից», և «մոնստր» ստեղծելու կարիք չկա։
«Ընդհանուր առմամբ սահմանադրական փոփոխությունների խնդիրը խոշոր խնդիր է, և այնպես չէ, որ ես կողմնակից չեմ սահմանադրական փոփոխություններին, ինքս էլ հարցեր ուղղել եմ Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, այն իմաստով, որ իշխանության բաշխումը ճշգրիտ չէ, և, անկեղծ ասած, որքան էլ այդ մոտեցման առումով համաձայն եմ պարոն Մարուքյանի հետ, որ Սահմանադրությունը փոփոխության կարիք ունի, այնուամենայնիվ, այդ ամեն ինչը չեմ դիտարկում ուղղակի զուտ Ոստիկանության և ԱԱԾ-ի ենթակայության կամ նախարարություն դարձնելու, կամ վարչապետի, կառավարության վերահսկողությունից հանելու տիրույթներում», - ասաց Սաֆարյանը։
Քաղաքագետն ընդգծեց՝ այս դատական իշխանության հետ կապված լուրջ խնդիր կա, եթե այդ ճյուղը լիարժեք կայանա, ապա իհարկե, Սաֆարյանի համոզմամբ, սուպերվարչապետությունն էլ սարսափելի չի լինելու։
«Իրականում, իհարկե, բոլորս էլ գիտենք, որ դա եղել է և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Էդմոն Մարուքյանի, և՛ մեր բոլորիս գնահատականը 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, որ, ըստ էության, սահմանադրական փոփոխությունները 2015 թվականին տեղի ունեցած լուծել են իշխանության հասցեն փոխելու խնդիրը, երբ, ըստ էության, ակնհայտորեն Սերժ Սարգսյանը պատրաստվում էր երրորդ անգամ արդեն վարչապետի պաշտոնում երկարաձգել իր իշխանությունը։ Եվ իր համար, իր տեսանկյունից առանցքային է եղել այս խնդիրը, և այդ խնդրի լուծման համատեքստում, իհարկե, փոս փորել է ոչ միտումնավոր և ոչ էլ հանուն արդարության՝ անուշադրության պատճառով իշխանության ճյուղերի լիարժեք տարանջատման խնդիրը։ Տվյալ պարագայում, օրինակ, եթե ինձ հարցնեն, իմ տեսակետն այն ժամանակ էլ, այժմ էլ մնում է այն, որ հատկապես դատական իշխանության հետ կապված մենք լուրջ խնդիր ունենք։ Եթե այդ ճյուղը լիարժեք անկախ կայանա, ապա իհարկե սուպերվարչապետությունն էլ սարսափելի չի լինելու», - ասաց Սաֆարյանը։
Քաղաքագետը նշեց, որ չի կիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ հայտնած կարծիքը, որ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դառնան նախարարություններ։
«Ես իհարկե ողջունում եմ բանավեճը, որը բացվել է այս թեմայով, բայց ամենաառանցքային խնդիրը դատական իշխանության խնդիրն է, իմ կարծիքով, և, անկեղծ ասած, ես նույնիսկ ինքս չեմ էլ կիսում Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հայտնած կարծիքը, որ պետք է դարձվի նախարարություն, ինչը հիշատակում է Էդմոն Մարուքյանը, որովհետև մենք հազիվ էդ սուպերնախարարություններից ազատվել ենք, և Ոստիկանությունն այս կարգավիճակում թերևս ամենաճիշտն է, ավելին՝ եթե չասեմ, որ մենք նաև պետք է շարժվենք դեպի մունիցիպալ ոստիկանության ստեղծման հանգրվանը, ինչպես աշխարհի այլ քաղաքներում կա, և կարիք չկա ոչ մոնստր ստեղծել, ըստ էության՝ վարչապետի վերահսկողությունից դուրս, ոչ էլ հանուն արդարության ԱԱԾ-ի և Ոստիկանության վարչապետի ենթակայությունից դուրս բերելը համարում եմ լիարժեք բալասան այն աղճատվածության, որն առկա է Հայաստանում իշխանության ճյուղերի տարանջատման միջև», - ասաց Սաֆարյանը։
Ազգային ժողովում երկու օր է քննարկվում է Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը։
Կառավարության կառուցվածքային փոփոխությունների այս նախագծով 5 նախարարություն կրճատվելու է՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո:
Այս համակարգը նախկին ընդդիմությունը բնութագրում էր սուպերվարչապետական: Ավելին՝ մեկ տարի առաջ հենց Նիկոլ Փաշինյանն էր պնդել, որ պետք է փոխվի այդ կառույցների կարգավիճակը: «Սուպերվարչապետական համակարգ պետք է չլինի, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ», - նշել էր վարչապետը։
«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ Ազգային ժողովի ամբիոնից հարց ուղղեց կառավարությանը. - «Հիմա ասեք՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի խոստումը չեք կատարում, և ի՞նչն է պատճառը, որ հեղափոխությունից մեկ տարի անց չեք կողմնորոշվում, թե ինչպես է պետք մեր կառավարման համակարգը դարձնել բաց, ժողովրդավարական և հաշվետու, ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանի կոստյումը հագել։ Սա Սերժ Սարգսյանի կոստյումն ա, կոստյումից երկու կոճակ եք հանել, գիտեք թե բան եք փոխել»։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ՝ արձագանքելով Մարուքյանին, հայտարարեց. - «Մենք նպատակահարմար չենք համարում այս պահին ուժային կառույցները՝ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) դարձնել քաղաքական կառույցներ»։