Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության, «Ազատության»-ը փոխանցեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նախաքննական մարմինը սակայն չի ասում, թե որ երկրում է գտնվում Պողոսյանը։
Նշենք, որ Միհրան Պողոսյանը 2016-ի օֆշորային սկանդալի գործով հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։
Պողոսյանն առաջարկել էր իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, ինչը մերժվել էր, քանի որ այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ։
ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին է վերսկսել այս գործի վարույթը։ Քրեական գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։ Դրա համար հիմք էր հանդիսացել «Հետք»-ի հրապարակումն այն մասին, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես է արել, պաշտոնն օգտագործել է սեփական գործի զարգացման համար՝ թաքցնելով եկամուտները։
Միհրան Պողոսյանի ու նրա բարեկամների անունները հայտնվել էին ներկա ու նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունների կողքին:
Քրեական գործի հարուցումից մեկ ամիս անց Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնից։
2017-ի հունվարին քրեական գործը կարճվել էր։ Իրավապահներն այն ժամանակ պնդում էին, որ գործը ընթացք չստացավ՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Հատուկ քննչական ծառայությունն էլ հաղորդել էր, որ մամուլում հրապարակված ընկերությունների, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող ժամանակահատվածում ԴԱՀԿ ապահովող ծառայության հետ համագործակցած մյուս կազմակերպությունների աշխատակիցների ցուցմունքներով և նախաքննության ընթացքում կատարված քննչական այլ գործողությունների արդյունքում չի հիմնավորվել Միհրան Պողոսյանի կողմից Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող որևէ կազմակերպության գործունեությանն ապօրինի մասնակցելու հանգամանքը: